Վարդան Օսկանյանի հրաժարականից հետո շատերին էր հետաքրքրում, թե ինչո՞վ է զբաղվելու ԱԳ նախկին նախարարը։ Ավելի ուշ նա ինքը հայտարարեց, որ ՀՀ-ին, մասնավորապես, արտաքին հարցերում կշարունակի օգտակար լինել այլ կարգավիճակով, ինչից հետո հայտնի դարձավ, որ Վ. Օսկանյանը ստեղծել է հիմնադրամ` «Սիվիլիթաս»։ Դժվար է ասել, թե մինչ այժմ կոնկրետ ի՞նչ է արել եւ ի՞նչ է անելու «Սիվիլիթասը», որ ԱԳ նախարարի պաշտոնում չէր հաջողվում անել Վ. Օսկանյանին։ Սակայն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից դատելով (որը տեղադրված է «Սիվիլիթասի» կայքում), այն կարող է իրեն դրսեւորել ամենատարբեր բնագավառներում՝ դիվանագիտությունից մինչեւ երաժշտություն։ «Սիվիլիթասի» հոգաբարձուների խորհրդի կազմում են Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, Սլավոնական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, Կանադայի նախկին ԱԳ նախարար Լլոյդ Էքսվորթին, ԵԱՀԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ջիվան Թաբիբյանը, Ֆրանսիայի նախկին նախագահի խորհրդական Վալերի Տերրանովան եւ այլք։ Վ. Օսկանյանի «թիմում» է նաեւ «System of a Dawn» ռոք խմբի երաժիշտ Սերժ Թանգյանը։