Հաջորդ շաբաթ նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` միաժամանակ դժվարանալով նշել այցի հստակ ժամկետները: Ֆասիեն հույս է հայտնել, որ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները կակտիվանան: «Ընտրությունները ավարտվեցին, եւ, կարծում եմ, մենք կարող ենք շարունակել աշխատանքը մեզ հետաքրքրող կետերի վրա»,- ասել է ֆրանսիացի համանախագահը: Նա նաեւ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից նախօրեին հնչեցված` ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների հանդիպման գաղափարը «շատ հետաքրքիր գաղափար է, սակայն պետք է ամեն ինչ քննարկել»: Սա եւս մեկ անգամ վկայում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի «արագացման» մասին: Միաժամանակ ցույց է տալիս նաեւ Արեւմուտքի մտահոգությունը «ռուսական նախաձեռնության» վերաբերյալ: Դրա վկայությունն է Ֆրանսիացի համանախագահի` «սակայն պետք է ամեն ինչ քննարկել» արտահայտությունը: Բացառված չէ, որ տարածաշրջան այցելելով՝ իրականում փորձ արվի կանխել Մեդվեդեւի նշած եռակողմ հանդիպումը: