Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, օրերս Հայաստանում
Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հագիգյանը հայտարարել է, որ
հայ-իրանական հարաբերություններում գլխավոր հիմնախնդիրը չկարգավորված
սահմանային հարցերն են: «Այդ հարցերը կարգավորելու նպատակով ստեղծվել է
Սահմանային հարցերի հայ-իրանական հանձնաժողով, որի ավելի ակտիվ աշխատանքը
կարող է կարեւոր դեր կատարել հիմնախնդրի լուծման ճանապարհին»,- ավելացրել
է դեսպանը: Ալիռեզա Հագիգյանը, որի ազգանվան վերջավորությունը որեւէ կապ
չունի հայկական «յան»-ի հետ, խոսել է նաեւ հայ-իրանական երկկողմ
առեւտրատնտեսական հարաբերությունների մասին եւ նշել, որ դրանք բարձր
մակարդակի վրա են գտնվում ու լավ հեռանկարներ ունեն: Դեսպանի խոսքերով`
Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն ամեն տարի ավելանում է
մոտ 30%-ով, ու նախորդ տարի այդ ցուցանիշը հասել է 180 մլն ԱՄՆ դոլարի: