Հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ ու վերլուծություններ են արվում: Երբեմն նաեւ՝ հակասական ու իրարամերժ, ինչը, թերեւս, պայմանավորված է տեղեկատվության պակասով: Իսկ այդ որոշումը, մեր տեղեկություններով, կապված է քաղբանտարկյալների հնարավոր ազատ արձակման եւ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի ստեղծման հետ, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են ԵԽ ԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` նոյեմբերի կեսին Հայաստան կատարելիք այցով: Բանն այն է, որ իր նախորդ այցելության ժամանակ Համարբերգը ՀՀ իշխանությունների առջեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար վերջնաժամկետ է սահմանել: Համարբերգն ասել է, որ եթե մինչեւ իր հաջորդ այցը քաղբանտարկյալներն ազատության մեջ չլինեն, ապա ԵԽ ԽՎ-ն չի սպասի մինչեւ ձմեռային նստաշրջան, հանդես կգա չափազանց խիստ դիրքորոշմամբ, եւ արդեն հունվարյան նստաշրջանում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Այսպիսով, իշխանությունները համաձայնել են մինչեւ հանձնակատարի այցն ազատ արձակել քաղբանտարկյալներին, պայմանով, որ նրանց ազատ արձակելու ժամանակաշրջանում հանրահավաքներ չեն լինի. իշխանությունները մտավախություն ունեն, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը կարող է նոր թափ հաղորդել համաժողովրդական շարժմանը: Բացի այդ, հանրահավաքների ժամանակավոր դադարեցման դեպքում են իշխանությունները համաձայնել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ստեղծմանը: Այս «փոխհամաձայնությունն» իշխանությունների եւ Լ. Տեր-Պետրոսյանի միջեւ ձեռք է բերվել, ամենայն հավանականությամբ, միջնորդավորված ձեւով. բացառված չէ` նույն եվրոպացի պաշտոնյաների միջոցով: Այսինքն` Լ. Տեր-Պետրոսյանը ստիպված է եղել ընտրություն կատարել` հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելու եւ իր համակիրների ազատության միջեւ: