Հայտարարվել է նախագահ

23/10/2008

Երեկ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը, ինչից հետո Իլհամ Ալիեւը 2-րդ անգամ պաշտոնապես հայտարարվել է Ադրբեջանի նախագահ: Հիշեցնենք, որ Ալիեւն ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 88,7 տոկոսը: Ի դեպ, երեկ ԵՄ-ն տարածել է հայտարարություն, որում նշվում է, թե Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին չեն համապատասխանել հասարակական բանավեճերի կազմակերպման, քվեարկության անցկացման եւ ձայների հաշվման տեսանկյունից: «ԵՄ-ն նշում է ընտրություններն ավելի լավ անցկացնելու համար ձեռնարկված փորձերը, ինչպես նաեւ՝ ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները, որոնք արվել են Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից առաջարկված մի քանի հանձնարարականների հաշվառմամբ: Չնայած դրան, ԵՄ-ն նշում է, որ այդ ընտրությունները միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին չեն համապատասխանել հասարակական բանավեճերի կազմակերպման, քվեարկության անցկացման եւ ձայների հաշվման տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ Ալիեւի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, որին, սակայն, այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչների եւ պետությունների ղեկավարների չեն հրավիրել: «Ադրբեջանում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն՝ նախագահի պաշտոնակալման արարողությանը այլ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ չեն հրավիրվում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչը: