Դեռեւս սեպտեմբերի 25-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն, 23 կետից բաղկացած գրավոր հարցաշար էր ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որոնք վերաբերում են մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Սակայն նրա ուղղած բոլոր հարցերը մինչ այսօր մնացել են անպատասխան: Հիշեցնենք, որ մինչ այդ
Զ. Փոստանջյանը նույն հարցերով դիմել էր նաեւ ՀՀ Ոստիկանությանը եւ համապատասխան այլ գերատեսչություններին, սակայն դարձյալ որեւէ պատասխան չի ստացել:
Հարցադրումներից մեկը վերաբերում է մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում սպանված անձանց ազգականներից եւ մարմնական վնասվածք ստացած անձանցից «ժառանգություն» խմբակցությանն ուղղված դիմումներին, որով նրանք պահանջում են փոխհատուցել իրենց ոտնահարված իրավունքների համար: Ըստ Զ. Փոստանջյանի հարցադիմումի` սպանված անձանց հարազատները եւ մարմնական վնասվածք ստացած անձինք ակնկալում են համապատասխան պետական մարմիններից նյութական ու բարոյական փոխհատուցում: «Խնդրում ենք հայտնել, թե ՀՀ կառավարությունը մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետեւանքով սպանված անձանց ազգականներին` տուժողի իրավահաջորդներին եւ մարմնական վնասվածք ստացած անձանց հատուցման եւ բարոյական, նյութական աջակցության, փոխհատուցման ի՞նչ գործողություններ է իրականացրել: Իսկ եթե դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել, ապա ի՞նչ է պատրաստվում անել»,- հարցրել է պատգամավորը: Հարցերի գերակշիռ մասը վերաբերում է «Ազատության» հրապարակում մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի մանրամասներին: Օրինակ` Ոստիկանության իրականացրած միջոցառումների, գործողությունների վերաբերյալ որոշում կայացվե՞լ է, թե՞ ոչ (եթե կայացվել է` խնդրել է տրամադրել որոշման պատճենը), կամ` մարտի 1-ի վաղ առավոտյան եւ ցերեկը Երեւանի Հանրապետության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում Ոստիկանության իրականացրած միջոցառումների, գործողությունների վերաբերյալ որոշում կայացվե՞լ է, թե՞ ոչ: Նաեւ խնդրել է իրենց տրամադրել մարտի 1-ի վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ոստիկանության իրականացրած միջոցառման պլանի պատճենը: Զ. Փոստանջյանը նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք մարտի 1-ի վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում Ոստիկանության իրականացրած միջոցառման ժամանակ «Ազատության» հրապարակում գտնվող ցուցարարներին հրապարակն ազատելու վերաբերյալ հրապարակային կոչ արվե՞լ է, թե՞ ոչ: «Եթե նման գործողություն տեղի է ունեցել, ապա խնդրում ենք տրամադրել ցուցարարներին ուղղված կոչի անվիճելի տեսաձայնագրությունը»,- ասված է Տ. Սարգսյանին ուղղված գրավոր հարցաշարի մեջ: Զ. Փոստանջյանը խնդրել է իրենց տրամադրել նաեւ 2008թ. նախագահական ընտրություններից հետո մինչեւ մարտի 1-ը «Ազատության» հրապարակում ընդդիմության անցկացրած նստացույցի եւ հանրահավաքի այն տեսաձայնագրությունները, որոնք արվել են ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնի կողմից, ինչը հետագայում նաեւ հեռարձակվել է հեռուստատեսություններով: Բացի այս, պատգամավորը խնդրել է իրենց փոխանցել նաեւ ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնի կողմից նկարահանված եւ հետագայում այդ նկարահանումներից ինչ-որ մասեր հեռուստաընկերություններով ցուցադրված մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների տեսաձայնագրությունների պատճենները: Ինչպես հայտնի է, մարտի 1-ին վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում Ոստիկանության իրականացրած միջոցառումների ժամանակ «Երկիր Մեդիա» եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերից Ոստիկանության աշխատակիցներն առգրավել էին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նկարահանումները: Զ. Փոստանջյանն այս փաստի առնչությամբ հետաքրքրվել է Տ. Սարգսյանից, թե ո՞վ, ի՞նչ իրավական հիմքով եւ ո՞ւմ հրամանով է առգրավել այդ տեսաժապավենները, թե այժմ որտե՞ղ են գտնվում դրանք: «Եթե դրանք գտնվում են Ոստիկանությունում, ապա խնդրում ենք տրամադրել պատճենները: «Երկիր Մեդիա» եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի եւ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի վերաբերյալ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Եթե հարուցվել է, ապա հայտնել հարուցման օրը եւ քրեական գործի համարը»,- ասված է պատգամավորի գրավոր հարցաշարում:
Զ. Փոստանջյանը նաեւ խնդրել է իրեն գրավոր տրամադրել հետեւյալ տեղեկությունները. «Ազատության» հրապարակում Ոստիկանության կողմից իրականացրած միջոցառման ժամանակ ներգրավված բոլոր ոստիկանների անունները, ազգանունները, հայրանունները, նրանց պաշտոնները եւ ծառայողական պարտականությունները եւ այն, թե այդ անձինք վաղ առավոտյան ի՞նչ տեսակի զենքով եւ ի՞նչ հատուկ միջոցներով են զինված եղել: Խնդրել է գրավոր ցուցակ տրամադրել նաեւ այն մասին, թե այդ օրը վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ՀՀ Ոստիկանության եւ ՀՀ Պաշտպանության նախարարության ո՞ր զորամիավորումներն են մասնակցել (համարներով եւ անուններով) հայտնի գործողություններին: «ՀՀ Ոստիկանության ո՞ր պաշտոնատար անձի կողմից եւ ե՞րբ է հրահանգ տրվել ուժի կամ հատուկ միջոցների կիրառմամբ կամ այլ ձեւով ազատել «Ազատության» հրապարակը ցուցարարներից եւ նրանց պատկանող իրերից:
Ո՞ր պաշտոնատար անձի կողմից եւ ե՞րբ է հրահանգ տրվել շրջափակել «Ազատության» հրապարակը: Ո՞ր պաշտոնատար անձի կողմից եւ ե՞րբ է հրահանգ տրվել Երեւանի Հանրապետության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում Ոստիկանության եւ Պաշտպանության նախարարության զինծառայողների մասնակցությամբ հետապնդել, բռնություն եւ բռնության սպառնալիք կիրառել Երեւանի փողոցում անցնող մարդկանց նկատմամբ»,- հետաքրքրվել է Զ. Փոստանջյանը, ինչից ակնհայտ է դառնում, որ նա արժանահավատ չի համարում ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի` ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստում արած հայտարարությունը, թե ինքն է հրամայել մարտի 1-ին «ազատել» «Ազատության» հրապարակը:
Հարցաշարի թվով 14-րդ հարցը վերաբերում է նրան, թե փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ի երեկոյան (մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը) ո՞ր որոշման հիման վրա, ո՞ր պաշտոնատար անձի հրամանով, ե՞րբ եւ տեղաբաշխման ի՞նչ պլանի հիման վրա են Երեւանի տարբեր մասերում զրահամեքենաներ եւ զինվորական համազգեստով, ինքնաձիգերով զինված ՀՀ Ոստիկանության եւ Պաշտպանության նախարարության զինծառայողներ տեղաբաշխվել, քանի որ այդ օրերին Երեւանի տարբեր մասերում տեղակայված են եղել զրահամեքենաներ եւ զինվորական համազգեստով, ինքնաձիգերով զինված զինծառայողներ։ Նաեւ հետաքրքրվել է, թե մարտի 1-ին` արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ Ոստիկանության աշխատակիցները եւ զինծառայողները, ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցներն ի՞նչ զենքով եւ հատուկ միջոցներով են զինված եղել, նրանք այդ զենքը եւ հատուկ միջոցները ինչպե՞ս են կիրառել: «Նրանց տրամադրած զենքը եւ հատուկ միջոցները նույն քանակությամբ են հետ հանձնվե՞լ, թե՞ ոչ: Յուրաքանչյուր դեպքում զենքի կամ հատուկ միջոցի կիրառման վերաբերյալ զեկուցագիր կազմվե՞լ է, թե՞ ոչ, ծառայողական քննություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այդպիսի գործողություններ տեղի են ունեցել, ապա խնդրում ենք տրամադրել դրանց առնչվող փաստաթղթերի (զեկուցագրեր, տեղեկանքներ, որոշումներ, հաղորդագրություններ, դիմումներ եւ այլն) պատճեններ»,- հետաքրքրվել է նա:
Ի դեպ, հարցաշարում անդրադարձ կա նաեւ ընդդիմության կողմից հրապարակված տեսաերիզում նկարահանված, այնուհետեւ դատաբժիշկ Շոթա Վարդանյանի կողմից դրանք խոճկորի եւ հորթի մարմնի մասեր որակված ծնոտին եւ լեզվին: «Մեզ հասած վկայականների կրկնօրինակներում մենք չգտանք մարտի 1-ի դեպքերի հայտնի տեսաֆիլմում նկարահանված ցրված գանգով տուժածի վկայականը` անձնավորություն, որի ծնոտները եւ ուղեղանյութը ցրված էին ասֆալտի վրա: Խնդրում ենք տալ տեղեկատվություն այն մասին, թե ով էր այդ անձը եւ արդյո՞ք զոհվածների ցուցակում է»,- պնդել է Զ. Փոստանջյանը` խնդրելով իրեն տրամադրել նաեւ հրազենային վերքեր ստացած քաղաքացիների ցուցակը (անուն, ազգանուն, տարիք), որոնք դիմել են բուժօգնության:
Ըստ պատգամավորի` ծանր զրահատեխնիկայի մուտքը քաղաք համաչափության առումով ամենաքիչը ենթադրում է հակառակ կողմում ցուցարարների հրազենով զինված բազմությունը, ինչը գոյություն ունեցող բոլոր տեսանկարահանումներով չի ապացուցվում, ուստի խնդրել է նշել, թե ո՞վ եւ ինչի՞ հիման վրա է հրաման տվել ծանր զրահատեխնիկա քաղաք մտցնելու վերաբերյալ:
Հ. Գ. «Ժառանգության» պատգամավորը նաեւ խնդրել է պարզաբանել, թե ո՞ր օրենքի հիման վրա են պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները ներգրավվել ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած գործողությունների մեջ, եւ ինչպես էր կոչվում նրանց ծառայությունը: Զ. Փոստանջյանը նաեւ խնդրել է տեղեկացնել, թե ՀՀ նախարարությունների փորձագիտական կենտրոններում եւ ՀՀ ԳԱԱ փորձագիտական կենտրոնում մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ թվով քանի՞ եւ ի՞նչ տեսակի փորձաքննություններ են կատարվել: Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 1-ի դեպքերի զոհերի վերաբերյալ կա պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող ոչ պաշտոնական, մտահոգիչ տեղեկատվություն, նա խնդրել է պարզաբանումների եւ ճշտորոշումների համար թույլ տալ «Ժառանգության» պատգամավորներին զննություն կատարել «մարտի 1-ից առ այսօր դիակների վերաբերյալ դիահերձարաններում վարվող գրավոր մատյանների արդեն առկա գրառումներում կամ այլ գրավոր փաստաթղթերում եւ հնարավորություն ունենալ ստանալու մեզ հետաքրքրող փաստաթղթերի պատճենները»: