Փինաչետները

23/10/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

1973թ. Չիլիում ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ գեներալ Ավգուստո Պինոչետը: Այդ պահից ի վեր նրա անունը ասոցիացվում էր դիկտատուրայի հետ: Որովհետեւ իշխանության գալուց հետո Պինոչետը ցրեց խորհրդարանը, արգելեց բոլոր տեսակի քաղաքական եւ արհմիութենական գործունեությունը, մտցրեց մամուլի տոտալ գրաքննություն:

Նախկին նախագահ Սալվադոր Ալիենդեն, ով ռազմական հեղաշրջումից ընդամենը չորս ամիս առաջ Չիլիի զինված ուժերի գլխավոր հրամանատար էր նշանակել Ա.Պինոչետին, ինքնասպան եղավ, իսկ նրա կողմնակիցներից շատերին Պինոչետը սպանեց կամ ստիպեց լքել երկիրը: Սակայն այս ամենից հետո Չիլիի ժողովուրդն ու հետպինոչետական իշխանությունները փաստորեն ամեն ինչ արեցին, որպեսզի Պինոչետը չդատվի: Դրա պատճառը մեկն էր` 1973թ. ընդունելով տնտեսապես եւ բարոյապես լիովին քայքայված երկիր, Չիլիի բռնակալ ղեկավար Ա.Պինոչետը 18 տարի անց ինքնակամ հանձնեց իշխանությունը` ժողովրդավարական ընտրությունների արդյունքում պարտվելով ընդդիմության ներկայացուցչին: Սակայն այդ ժամանակ Չիլին արդեն Հարավային Ամերիկայի ամենազարգացած պետությունն էր: Ու թեեւ մինչ 1998թ. նա շարունակում էր ղեկավարել Չիլիի զինված ուժերը, այնուամենայնիվ, անգամ այդ պաշտոնից հեռանալուց հետո նրան չդատեցին, քանզի ժողովուրդը նրան սիրում էր եւ գտնում էր, որ հենց Պինոչետն է փրկել իրենց քաոսից:

Այս փոքրիկ պատմական էքսկուրսը միայն նրա համար էր, որպեսզի, այսպես կոչված, «լիբերալ ժողովրդավարները» համոզվեն, որ պետությունը տնտեսապես կարող է զարգանալ նաեւ բացարձակ բռնակալության պայմաններում: Խնդիրը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ պրոֆեսիոնալիզմը: Իսկ պրոֆեսիոնալ կարող են լինել եւ՛ ժողովրդավարը, եւ՛ բռնակալը, եւ՛ սոցիալիստը, եւ՛ քրիստոնեա-դեմոկրատը, եւ՛ աջերը, եւ՛ ձախերը, եւ՛ փորձառուներն ու նաեւ երիտասարդները: Ողջ խնդիրը հենց նրանում է, որ Հայաստանում կա պրոֆեսիոնալների (ոչ թե արհեստավարժների) դիֆիցիտ: Եվ այդ դիֆիցիտի պայմաններում մեզ մոտ ծնվում են ոչ թե պինոչետներ, այլ փինաչետներ` կիսագրագետ եւ ոչ պրոֆեսիոնալ բռնակալներ: Եթե ուշադիր կարդաք Ա.Պինոչետի կենսագրությունը, կհասկանաք, թե որտեղից է գալիս նրա պրոֆեսիոնալիզմը: Դեռ 18 տարեկանում նա ընդունվել է Չիլիի Ռազմական ակադեմիան: Նրա կենսագրությունը մի ամբողջ կյանքի դպրոց է, որն, ըստ իս, պետք է անցնի յուրաքանչյուր պետական, քաղաքական գործիչ, անկախ ազգությունից եւ հավատքից: Իսկ մեր այսօրվա, այսպես կոչված, պետական գործիչներն անգամ հանրակրթական դպրոցը «դուզգյունի» չեն ավարտել: Ինչպես կռահում եք, նման դեպքերում կյանքի դպրոցի մասին խոսելն ավելորդ է: Այնպես որ` վարչապետ Տիգրան Սարգսյանը զուր է պահանջում չինովնիկներից ինչ-որ բան սովորել: Նման պարագայում պրեֆերանսի սիրահարներն ասում են. «Պոզդնո Մանյա պիտ Բորժոմի, կոգդա պոչկի օտվալիլիս»:

Շատերն այս պահին կարող են հակաճառել, օրինակ բերելով Ջ. Բուշ կրտսերին` ասելով, թե իբր նա այդ դպրոցները շատ էլ լավ անցել է, սակայն առնվազն վերջին 8 տարիների ընթացքում նա ինչ տարօրինակ միտք ասես, չի արտահայտել: Նման դեպքերում կարելի է ասել, որ բացառությունները գալիս են ապացուցելու օրինաչափությունը: Եվ հետո, ԱՄՆ-ի պարագայում, որտեղ պետությունը վաղուց կայացած մեխանիզմ է, իր բոլոր պետական ինստիտուտներով, կարելի է նման շռայլություն ցուցաբերել: Իսկ ահա մեր նման նորաստեղծ եւ նորածին երեխայի նման անզոր պետության համար փինաչետներից չազատվելը հղի է կործանարար հետեւանքներով: Որովհետեւ, եթե փորձեք ձեր տան վերանորոգումը վստահել «ցիրկի մոտի ֆայլա-բազարում կանգնող փինաչիներին», ապագայում ստիպված կլինեք կամ այդ տունը վաճառել, կամ քանդել եւ «զրոյից ռեմոնտ անել»:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ովքե՞ր են վերջին 20 տարիների ընթացքում Խորհրդային Հայաստանը «վերանորոգել ազատ-անկախ Հայաստանի»:

1. Օրենսդիր իշխանություն: Հիմնականում բաղկացած է «կնոպկա սեղմող» փինաչետներից, որոնք թքած ունեն իրենց իսկ կողմից ընդունված օրենքների վրա:

Եվ այս ընդհանուր «ենթավարպետների» ֆոնի վրա անգամ Գալուստ Սահակյանն է «ուստա» երեւում: Այսօրվա ազգընտիրների գերակշռող մասն ազգի մնացած փինաչիներից տարբերվում է միայն մի բանով` շատ փող ունեն: Բայց հարց է առաջանում. մի՞թե միայն այդ պատգամավորները շատ փող ունեն: Պատասխանը միանշանակ է` ազգընտիր փողատերերը, ի տարբերություն ոչ ազգընտիր փողատերերի, ունեն նաեւ «դաբրո»:

2. Գործադիր իշխանություն: Վարչապետների առումով, կարծես թե, միշտ էլ ամեն ինչ նորմալ է եղել: Սակայն կառավարության անդամների ցուցակում երբեւէ փինաչետների պակաս չի զգացվել: Պարզապես այս փինաչետներն ավելի կրթված են եղել` Եսայի Ստեփանյանից եւ Սեպուհ Թաշչյանից սկսած՝ մինչեւ Թամար Պողոսյան, Սերգո Երիցյան, Արամ Հարությունյան եւ այլն:

3. Դատական իշխանություն: Ինչպես կասեր Եվրոպայի գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը՝ այստեղ խոսքերն ավելորդ են:

Դե, իսկ հանրապետության բազմաթիվ համայնքների հանրակրթական եւ կյանքի դպրոցը միաձուլած ղեկավարների մասին կարելի է պատկերացում կազմել` ուսումնասիրելով անշարժ գույքի գործակալությունները, Քրեական օրենսգիրքը եւ էլիտար «դախլչիների» ցուցակը:

Եվ այս պարագայում Հայաստանը դարձել է «Բուրատինոյի արկածները» հեքիաթի «Հրաշքների դաշտը», որտեղ ժողովուրդն անընդհատ «գումար է ցանում, որ ծառ աճի», իսկ մեր փինաչետ «Բազիլիոներն ու Ալիսաներն» օգտվում են այդ հանգամանքից: Մնում է միայն պարզել, թե ո՞վ է լինելու այն Տարտիլան, որը մեզ հանձնելու է վերջիններից ազատվելու ոսկե բանալին: