Նավթի գները կիջնեն եւ հեղափոխություն կլինի

23/10/2008

Հոկտեմբերի 25-ին Գարրի Կասպարովը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Corsican Circuit -2008 շախմատային մրցաշարին: Այցի ընթացքում «ռուսական ռեժիմի գլխավոր ընդդիմադիրի» թիկնապահներին կփոխարինեն տեղի կայսերական գվարդիականները: Nice Matin թերթին տված հարցազրույցում Կասպարովն ասել է. «Չնայած մեր չնչին հնարավորություններին` ես կարողացել եմ Ռուսաստանում ստեղծել ոչ բռնի դիմադրության կուլտուրան»: Կասպարովը գիտի, որ «Պուտինին ավելի դժվար է հաղթել, քան Deep Blue-ին` IBM-ի համակարգչին, որն ի վիճակի է վայրկյանում 200 մլն քայլ վերլուծել»: Կասպարովի կարծիքով` Դմիտրի Մեդվեդեւի նախագահության օրոք ոչինչ չի փոխվել «կեղծիքի ու կոռուպցիայի այդ ճահիճում»: «Դա նույն մաֆիոզ ռեժիմն է, որը վերահսկվում է Պուտինի եւ նրա մերձավոր ընկերների կողմից»,- ասել է Կասպարովը: «Այն փաստը, որ Պուտինին կամ Մեդվեդեւին որպես հավասարի են ընդունում Սարկոզին եւ Բեռլուսկոնին, օգտագործվում է Ռուսաստանի իսկապես ժողովրդավարական ընդդիմության դեմ»: Կասպարովը կարծում է, որ Արեւմուտքը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի իշխանությունների վրա. «Հետաքննեք նրանց բանկային օպերացիաները, անձնական հաշիվներն ու Եվրոպայում գտնվող անշարժ գույքը: Եվրամիություն մուտքի վիզա մի՛ տվեք նրանց, ովքեր Ռուսաստանում ամեն գնով խեղդում են ժողովրդավարությունը»: Խոսելով «սառը պատերազմի» մասին` Կասպարովը հայտարարել է. «Չեմ կարծում, թե Պուտինը վախենում է դրանից: … Միակ բանը, որ անհանգստացնում է Կրեմլի ղեկավարությանը, սեփական փողերի կորուստն է»: Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ նախագահի որ թեկնածուն կարող է ավելի լավ դիմակայել Պուտինին, Կասպարովը պատասխանել է. «ՄաքՔեյնը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանն է»: Շախմատի նախկին չեմպիոնը գտնում է, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը կհանգեցնի քաղաքական ճգնաժամի: «Նավթի գնի ռեկորդային բարձրացումը Պուտինին թույլ տվեց հետաձգել աղետը, բայց այդպես չի կարող շարունակվել: Սակայն մենք հույս ունենք, որ շուտով Ռուսաստանում ժողովրդավարական հեղափոխության հնարավորություն կստեղծվի»,- հայտարարել է Կասպարովը: