Կսնանկանան մինչեւ 2009թ. կեսերը

23/10/2008

Ողջ աշխարհը վերջին ժամանակներս սարսափահար է երկարաձգվող ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային տնտեսության հետագա զարգացումների կանխատեսումները: Ավստրիացի ներդրող Վալտեր Այհելբուրգը, որ դեռ 2007թ. սկզբին էր կանխատեսել Fannie Mae-ի եւ Freddie Mac-ի ճգնաժամը, այժմ համոզված է, որ «պետությունների եւ բանկերի մեծ մասը մինչեւ 2009թ. կեսերը կսնանկանան»: «Արդյունքում ամեն ինչ կավարտվի հիպերինֆլյացիայով եւ դրամական միջոցները ոսկով փոխարկելով»,- վստահ է ինվեստորը: Փորձագետի կարծիքով` ի վերջո, թանկարժեք այդ մետաղի գինը մեկ ունցիայի համար կհասնի 3000 դոլարի: Այհելբուրգի կանխատեսմամբ` Իսլանդիայից հետո սնանկությունը սպառնում է Հունգարիային, ապա՝ Ռումինիային եւ Բալթյան երկրներին: Եվրոպական երկրներին դժվարին ժամանակներ են սպասվում: Այն, որ ավստրիական բանկերն այսօր տուժում են ֆինանսական ճգնաժամի պատճառով, Վալտեր Այհելբուրգը բացատրում է նրանով, որ նրանք «խելքից-մտքից դուրս» վարկեր էին տրամադրում Արեւելյան բլոկի երկրներին: Դրա հետեւանքով՝ այդ երկրներում առեւտրային բալանսի դեֆիցիտը ավստրիական ֆինանսական ինստիտուտներին ծանր հետեւանքների է հանգեցրել: