Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցին հայաստանյան ԶԼՄ-ները տարբեր կերպ անդրադարձան։ Իշխանական մամուլը ներկայացնում էր երկու նախագահների ուղղակի խոսքերը՝ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, ռազմավարական գործընկերության, դինամիկ աճող տնտեսական հարաբերությունների եւ այլ պուպուշ բաների մասին։ Ընդդիմադիր մամուլը հիմնականում վատ երանգներ տեսավ այս այցի մեջ։ Ավելին, գրեցին, որ փակ դռների ետեւում երկու նախագահները քննարկել են Ղարաբաղն ադրբեջանցիներին հանձնելու հարցը։
Իսկ ի՞նչ են գրում այս այցի մասին ռուսական ԶԼՄ-ները։ Միանգամից ասենք՝ ամենատարբեր բաներ։ Օրինակ՝ ո՞րն է Դմիտրի Մեդվեդեւի այցի իրական նպատակը։ Ռուսական «Վրեմյա Նովոստեյը» հիշեցնում է, որ վերջին ամիսների ընթացքում նախագահներն արդեն չորրորդ անգամն են տետ-ա-տետ հանդիպում։ Այդ ի՞նչ հրատապ լուծում պահանջող խնդիրներ կան։ Երկու կողմերը շեշտում են, որ երկու երկրները փայլուն հարաբերություններ ունեն։ Ճիշտ է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ տնտեսական հարաբերությունների մակարդակը քաղաքականին զիջելու միտում ունի, բայց դրան վատ չի նայում։ Պաշտոնական լրատվությունն էլ շեշտը դնում է տնտեսական հարաբերությունների, համագործակցության, առեւտրի եւ ներդրումների խթանման ու համատեղ նոր լայնամասշտաբ ծրագրերի վրա։ Այսինքն՝ այցի հիմնական նպատակը տնտեսական հարաբերությունների բարելավո՞ւմն է, որ դրանք չզիջե՞ն քաղաքականին։ «Վրեմյա Նովոստեյը» ներկայացնում է ստորագրված փաստաթղթերի ցուցակը՝ համագործակցության երկու պայմանագիր՝ Հայաստանի եւ Սվերդլովսկի ու Յարոսլավլի երկրամասերի միջեւ, եւ երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ կոնսուլտացիաների պլան։ Նույն երանգներն են «RBC Daily»-ում. կողմերը ստորագրեցին միմյանց ոչինչ չպարտավորեցնող պայմանագրեր։ Սրանք շատ քիչ են, որ այցի հիմնական նպատակը համարվի տնտեսությունը։ «RBC Daily»-ն գրում է նաեւ, որ Մեդվեդեւը եկել էր Հայաստանին «դուխ տալու»՝ տնտեսական առումով. «Հայաստանի տնտեսության վիճակն այն աստիճանի է վատացել, որ նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված էր այցելել Թբիլիսի։ Հայաստանում պաշտոնական այցով գտնվող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը փորձել է վստահություն հաղորդել, որ Մոսկվան ինչ-որ բան կմտածի»։
«Վրեմյա Նովոստեյը» (ՎՆ), ի թիվս այլոց, նշում է մեկ այլ՝ «անշառ» պատճառ. «Իրականում, ինչպես ՎՆ-ին տեղեկացրեց ռուսական պատվիրակության անդամներից մեկը, հուլիսին Մեդվեդեւի՝ Բաքու այցելելուց հետո Երեւանում սպասում էին, որ Կրեմլը ճիշտ կհամարի պահպանել քաղաքական սիմետրիան եւ նույնատիպ երկօրյա այց ունենալ Երեւան»։
Նույն պարբերականն, ի դեպ, իր հրապարակումը սկսել է բավականին ուշագրավ ակնարկով։ «Ինչպես պնդում էին մի շարք հայկական ԶԼՄ-ներ, իսկ նրանց հետեւից՝ երեւանյան տաքսիների վարորդները, Մեդվեդեւին Հայաստան են բերել ռուս-վրացական պատերազմի հետեւանքները։ Մեդվեդեւը ժամանել է Երեւան, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից բացատրություն պահանջի, իբր, նրա կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարության առնչությամբ»,- գրում է թերթը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանի նախագահից ոչ ոք նման հայտարարություն չի լսել. դրա մասին անուղղակիորեն ասել է Միխայիլ Սահակաշվիլին՝ Ս. Սարգսյանին շնորհակալություն հայտնելով «Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»։
Ինչեւէ, Հայաստանից դժգոհ լինելու առիթ ռուսներն ունեն, թեկուզ հենց նրա համար, որ Հայաստանը չի ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։ «Չնայած բարեկամության հանրային ցուցադրությանը, երկու երկրները խնդիրներ, այդուհանդերձ, ունեն։ Կովկասյան պատերազմը ռուսական դիվանագիտությանը կանգնեցրեց շատ խնդիրների առաջ եւ բացահայտեց մի շարք բացասական միտումներ, որոնք մինչ այդ ստվերում էին գտնվում։ ՌԴ մերձավորագույն դաշնակից Բելառուսը մինչ այժմ չի ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, իսկ Հայաստանի դիրքորոշումն ամենից լավ արտահայտել է այդ երկրի նախագահը»,- գրում է «RBC Daily»-ն։ Թերթը նաեւ հիշեցնում է, որ մինչ Մեդվեդեւի այցը ՀՀ-ում էին նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Դենիել Ֆրիդը եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, որից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երեւանը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես երկրի ազգային անվտանգության բաղադրիչ։ «Եվ դա՝ այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմական միության մեջ են գտնվում, եւ Ռուսաստանը ռազմական բազա ունի Գյումրիում»,- սեփական երկրի համար այսպիսի սրտացավություն է հանդես բերում «RBC Daily»-ն։ Իսկ այն, որ մեր ռազմավարական գործընկերը 2007թ. ընթացքում 62 տանկ ու հրթիռային համակարգ է վաճառել Ադրբեջանին, ինչի մասին գրում է «Polit.ru»-ն, ըստ էության, ռուսների համար շատ նորմալ է։
Վերադառնանք, սակայն, Մեդվեդեւի այցին։ Նրան դիմավորեց անձամբ Սերժ Սարգսյանը, պաշտոնական ճաշ տրվեց։ Հետո հանդիսավոր բացվեց Ռուսաստանի հրապարակը՝ տարբեր բուհերից բերված ուսանողների ֆոնին (ինչը նկատել էր նաեւ ռուսական ԶԼՄ-ներից մեկը)։ Ասվեցին գեղեցիկ խոսքեր, բայց… Ամեն ինչ այնքան հարթ չէ, որովհետեւ ամենավատ բաները դիվանագիտության մեջ ասվում են հենց գեղեցիկ խոսքերով։ Այս առումով հետաքրքիր դիտարկում է արել «Վոլգա Ինֆորմի» փորձագետը. «Դիվանագիտության մեջ կան միեւնույն երեւույթի երկու՝ դրական եւ բացասական ներկայացման ձեւեր։ Եթե, օրինակ, երկրի ներկայացուցիչն իր օտարերկրյա գործընկերների հետ պաշտոնական հանդիպման ժամանակ հանկարծ սկսում է խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման «հսկայական պոտենցիալի» մասին, ապա նա ընդամենը դիվանագիտորեն արձանագրում է, որ հարաբերությունները գտնվում են զրոյական մակարդակի վրա։ Իսկ եթե պաշտոնական հաղորդագրության մեջ խոսվում է դիվանագետների «բաց խոսակցության եւ նոր բանակցությունների մասին», ապա իրականում նրանք թունդ վիճել են եւ ոչ մի հարցի շուրջ համաձայնության չեն եկել»։ Այս տրամաբանությունից ելնելով՝ փորձագետը վերլուծել է Երեւանում Դ. Մեդվեդեւի արած հայտարարությունը. «Միջազգային ասպարեզում համաձայնեցված գործողությունները լուրջ գործոն է՝ անվտանգության, տարածաշրջանում եւ աշխարհում մեր դիրքերն ամրապնդելու համար»։ «Վոլգա Ինֆորմի» փորձագետն այս առնչությամբ ասում է. «Եթե Ռուսաստանի նախագահը հանկարծ Հայաստանի նախագահի հետ խոսում է «համաձայնեցված գործողությունների» անհրաժեշտության մասին, դա նշանակում է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ հարցում փաստի առաջ է կանգնեցրել Ռուսաստանին՝ չզգուշացնելով նրան։ Ռուսաստանը դիվանագիտորեն ասում է, որ Հայաստանի նման գործողությունները չեն նպաստում հավաքական անվտանգությանը եւ թուլացնում են նրա դիրքերն աշխարհում։ Մնում է գուշակել, թե Հայաստանի հատկապես ո՞ր «չհամաձայնեցված» քայլերն են Ռուսաստանին ստիպել՝ հիշեցնել Հայաստանին իր անվտանգության մասին, որի երաշխավորը Ռուսաստանը համարում է իրեն։ Կարելի է ենթադրել, որ իր այդ փայլուն դիվանագիտական արտահայտությամբ Մեդվեդեւն ակնարկել է Սերժ Սարգսյանին, որ Ռուսաստանին դուր չի գալիս հայկական քաղաքականության «չհամաձայնեցված բազմավեկտորությունը». այն նվազեցնում է Ռուսաստանի նշանակությունը՝ որպես անվտանգության երաշխավոր»։ Փորձագետը նաեւ ավելացրել է. «Այդ մտքի տրամաբանական շարունակությունը դարձավ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը՝ իրենց ղարաբաղյան հիմնախնդրով հանդերձ, հրավիրվեցին Մոսկվա, ոչ թե Վաշինգտոն»։
Մեդվեդեւի՝ Սարգսյանին եւ Ալիեւին Մոսկվա հրավիրելու փաստը եւս լայն արձագանք է գտել ռուսական ԶԼՄ-ներում։ Ըստ «Վրեմյա Նովոստեյի», երեք նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի սկզբին։ «Ռոսիյսկայա գազետան» (ՌԳ) կարծիք է հայտնում, որ Հարավային Օսիայի դեպքերը ստիպեցին, որ հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտություններին նայեն ավելի սթափ հայացքով՝ նկատելով, որ այդ դեպքերից անմիջապես հետո Ռուսաստանը սկսեց ավելի ակտիվ զբաղվել Մերձդնեստրի հարցով։ «Ինչպես երեւում է, մերձեցումը Ղարաբաղի հարցի շուրջ նույնպես սարերի ետեւում չէ։ Ուրիշ բան, որ կոնկրետ ժամկետներ դեռ չկան։ Բացի այդ, դեռ անհրաժեշտ է համոզել Իլհամ Ալիեւին, որ հանդիպումը պետք է։ Դմիտրի Մեդվեդեւն այժմ պետք է զանգահարի Բաքու»,- գրում է ՌԳ-ն։ Իսկ «Վեդոմոստին» գրում է. «Փորձագետները Մեդվեդեւի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում հանդիպում անցկացնելու առաջարկը ռուսական կողմի հաջող քայլ են համարում, քանի որ դա Ռուսաստանին եւս մեկ հիմք կտա՝ Կովկասում խաղաղարարի դերում ներկայանալու համար»։