Փոքր կղզու նման

23/10/2008

«Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գոհացուցիչ են, եւ եթե դրանք պահպանվեն հաջորդ յոթ տարիների ընթացքում, երկրի ՀՆԱ-ն կարող է կրկնապատկվել»,- երեկ նման գնահատական է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, զարգացող, շրջափակված եւ փոքր կղզի-պետությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Շեք Սիդի Դիարան` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ ասուլիսում: Հայաստանում դպրոցահասակ երեխաների ընդգրկվածությունը միջնակարգ ուսումնական հաստատություններում 100 տոկոս է, գրագիտությունը` 97-98 տոկոս: Դրանք, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի, գերազանց ցուցանիշներ են: Ըստ նրա, դրական են նաեւ սոցիալական ցուցանիշները. կյանքի միջին տեւողությունը բարձր է` 77-78 տարի, մայրական եւ մանկական մահացությունը նվազել է:

Հայաստանն ունի Սփյուռք, որը մեծ ջանքեր է գործադրում երկրի զարգացման գործում: Իսկ զարգացած պետություններին մրցունակ լինելու համար պետք է կառուցվի գիտելիքի վրա հիմնված տնտեսություն:

Նա ասել է նաեւ, որ Հայաստանը կարող է ներգրավվել նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող` դեպի ծով ելք չունեցող երկրների քննարկումներում: Ցամաքային երկրներին միավորող ՄԱԿ-ի կառույցը կարող է երկրին միջազգային աջակցությունից օգտվելու հնարավորություն տալ: Աջակցությունը տրամադրվում է ՄԱԿ-ի կողմից առաջադրված չորս գերակայությունների ի կատար ածման նպատակով` Ալմա Աթայում հաստատված գործողությունների ծրագրի շրջանակներում: Առաջնահերթությունների թվում առաջինը Շեք Սիդի Դիարան հիշատակեց աջակցությունն արտադրության ոլորտին: Երկրորդը ենթակառուցվածքների ապահովումն է ոչ միայն տվյալ երկրի ներսում, այլեւ տարածաշրջանային մակարդակում: