Կենտրոնական բանկի կողմից բանկերում եւ վարկային կազմակերպություններում այս տարվա երրորդ եռամսյակում անցկացրած հարցման տվյալների համաձայն, 2008թ. դեկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բանկերը կանխատեսում են իրենց կողմից տրամադրվող հիպոթեքային վարկերի ծավալի աճ:
Ընդ որում, եթե 2007-ի դեկտեմբերին բանկերի կողմից տրամադրվող վարկերի աճը սեպտեմբերի նկատմամբ թվային արտահայտությամբ կազմել է 7.4 մլրդ դրամ, ապա այս տարվա դեկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանկերն իրենց իսկ կանխատեսումների համաձայն՝ կտրամադրեն 11.6 մլրդ դրամով ավելի հիպոթեքային վարկեր: Իսկ 2009թ. մարտին, այս տարվա սեպտեմբերի նկատմամբ հիպոթեքային վարկերի ծավալի աճը ըստ բանկերի սպասումների կկազմի 19.2 մլրդ դրամ: Սա՝ այն դեպքում, երբ այդ նույն հարցման համաձայն, հարցված 21 բանկերի մի մասը կանխատեսում է տրամադրվող հիպոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքի աճ: Մասնավորապես՝ մեկ բանկ (հարցման տվյալներում բանկերի անունները նշված չեն) կանխատեսում է, որ դեկտեմբերին տարեկան տոկոսադրույքը կլինի 19%, երկու բանկերի սպասումներով՝ 18%, եւս 2 բանկում նշել են, որ տոկոսադրույքը կկազմի 17%, մեկ բանկում` 17.5%, 5-ում՝ 16% եւ այլն: Հատկանշական է, որ որոշ բանկեր արդեն իսկ բարձրացրել են հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը: Օրինակ` Արարատբանկը հոկտեմբերին բնակարանների ձեռքբերման հիպոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը 12-14%-ից դարձրել է 14-16%, իսկ անշարժ գույքի ձեռքբերման եւ կառուցման վարկերը նախկին 14-16%-ից բարձրացվել են 16-18 %-ի: Որոշ բանկեր էլ փոքրացրել են տրամադրվող վարկի չափը կամ մարման ժամկետը: Օրինակ՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը բնակարանների վերանորոգման համար տրվող վարկի վերադարձման առավելագույն ժամկետը 60 ամսից դարձրել է 36, իսկ Արարատբանկը «Նոր կյանք նոր բնակարաններում» նորապսակների համար տրվող վարկի չափը մինչեւ 25 միլիոն դրամից դարձրել է մինչեւ 20 միլիոն:
ԿԲ հարցումների համաձայն, հիպոթեքային վարկեր տրամադրող 6 վարկային կազմակերպություններից երեքն ակնկալում են տոկոսադրույքի աճ: Վարկային կազմակերպությունները կանխատեսում են նաեւ, որ 2008թ. չորրորդ եռամսյակում իրենց կողմից տրամադրվող հիպոթեքային վարկերի ծավալը սեպտեմբերի համեմատ կաճի 769.2 մլն դրամով, իսկ 2009թ. առաջին եռամսյակում՝ 417 մլն դրամով: Ընդհանուր առմամբ, այսօր բանկերի կողմից հիպոթեքային վարկեր ստանալու համար ներկայացվող պահանջները շատ չեն տարբերվում իրարից: Բնակարանների ձեռքբերման համար կանխավճարի չափը բանկերի մեծ մասում 30% է, տարեկան տոկոսադրույքը, կախված մարման ժամկետից, տատանվում է 14-17 %-ի սահմաններում, մարման ժամկետը 10-15 տարի է: ՅՈՒՆԻԲԱՆԿ-ում, օրինակ, բնակարանների ձեռքբերման կանխավճարն առնվազն 20% է, նորապսակների համար՝ 15%, տարեկան տոկոսադրույքը՝ առնվազն 16%, վարկի չափը՝ մինչեւ 100 մլն դրամ, նորապսակների համար՝ մինչեւ 35 մլն, իսկ մարման ժամկետը` նորակառույց շինությունների ու նորապսակների համար մինչեւ 20 տարի է, իսկ երկրորդային շուկայի բնակարանների համար՝ մինչեւ 15 տարի: «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկում անշարժ գույքի գնման, կառուցման նպատակով տրվող հիպոթեքային վարկերի համար կանխավճարը 30% է, տարեկան տոկոսադրույքը՝ 14-16%, առանձին դեպքերում՝ 13%, վարկի չափը՝ 1-40մլն դրամ, իսկ մարման առավելագույն ժամկետը` 10 տարի: «ՀայԷկոնոմբանկը» գերմանական KfW բանկի «Հիպոթեքային շուկայի կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի դեպքում սահմանել է առնվազն 30% կանխավճար, 12-14% տարեկան տոկոսադրույք, վարկի չափը՝ մինչեւ 12 մլն դրամ, իսկ մարման ժամկետը՝ առնվազն 10 տարի:
Պահանջվող հիմնական փաստաթղթերն են՝ դիմումը, անձնագիրը, սոցիալական քարտը, տեղեկանքը բնակության վայրից, անշարժ գույքի սեփականության վկայականը, համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերը, տեղեկանքը անձնագրային բաժնից գնվող բնակարանում, առանձնատանը գրանցված անձանց վերաբերյալ, դիմողի աշխատանքային գրքույկի պատճենը, տեղեկանքը դիմողի աշխատավայրից՝ վերջինիս ստացած ամսական միջին եկամտի վերաբերյալ, աշխատանքային պայմանագրի պատճենը, տեղեկանքը դիմողի ընտանիքի այլ անդամների աշխատավայրից՝ վերջիններիս ստացած ամսական միջին եկամուտների վերաբերյալ, դիմողի այլ եկամուտները հավաստող փաստաթղթերը (վարձակալական վճար, տոկոսային եկամուտ կատարված ներդրումներից եւ այլն), տեղեկանքն այլ բանկերի (կազմակերպությունների) հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների վերաբերյալ, որպես գրավ առաջարկվող գույքի սեփականությունը հավաստող փաստաթղթերը: