Հայաստանում ամենառիսկային «զբաղմունքը» կյանքն է

23/10/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Վերջին շրջանում Հայաստանում կարծես ակտիվացել է ապահովագրական ծառայությունների շուկան: Գոնե արտաքուստ այդ մասին վերջերս ավելի շատ է խոսվում` գովազդներում, ասուլիսներում եւ այլուր:

Այսօր Հայաստանում գործում են 11 ապահովագրական ընկերություններ (3 մասնաճյուղերով) եւ 5 ապահովագրական բրոքերային ընկերություններ: Մինչեւ 2006թ., երբ դեռ ուժի մեջ չէր մտել «Ֆինանսական կարգավորման եւ վերահսկման միավորված համակարգի ներդրման մասին» օրենքը, նրանց թիվը տարբեր տարիներին տատանվում էր 22-25-ի սահմաններում: Այդ «առատությունը», սակայն, ոչ թե շուկայական տնտեսությանը բնորոշ արդյունավետ եւ ապահովագրվողների (ապահովագրված անձանց) շահերին համապատասխան մրցակցության արդյունք, այլ ճիշտ հակառակը` չհիմնավորված ցածր սակագների, ռիսկերի ուսումնասիրության եւ գնահատման մեթոդների չիմացության (քանի որ չկային ռիսկը գնահատող մասնագետներ՝ ակտուարներ, եւ այն կատարվում էր՝ ելնելով սեփական փորձից, մրցակիցների փորձի ուսումնասիրությունից, վերաապահովագրողների թելադրանքից եւ այլն) հետեւանք: Հաճախ ապահովագրվողները չէին ստանում անհրաժեշտ արդարացի հատուցումը, ինչի արդյունքը հիասթափությունն էր եւ այդ կարծիքի տարածումը հասարակության շրջանում: Իհարկե, դա ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ. ապահովագրական շուկան դեռ նոր է սկսում զարգանալ: Այս ոլորտի զարգացման տեմպերը մինչեւ 2006թ. հետ էին մնում ֆինանսական համակարգի (մասնավորապես՝ բանկային համակարգի) զարգացման տեմպերից: Եթե բանկային համակարգում շոշափելի էր օտարերկրյա կապիտալի մասնակցությունը, նույնը չէր կարելի ասել ապահովագրության համակարգի մասին: Այդ բացը պայմանավորվում էր նրանով, որ ապահովագրական շուկայում քաղաքականություն իրականացնող՝ նախկինում Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրության վարչությունը արդյունավետ չէր եւ, ըստ էության, այդ հանգամանքը որպես հիմնավորում ներկայացնելով՝ 2006թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած օրենքով ապահովագրական գործունեության պետական կարգավորման եւ վերահսկողության լիազորությունները Ֆինանսների նախարարությունից փոխանցվեցին Կենտրոնական բանկին: Բազմաթիվ փոփոխությունների եւ նորամուծությունների արդյունքում (հիմնականում՝ չափանիշների, նորմատիվների) փակվեցին մի շարք ոչ արդյունավետ գործող ապահովագրական ընկերություններ: Գուցե երեք տարի առաջ կատարված այս փոփոխությունների, գուցե այլ` շուկայական գործոնների արդյունքում ապահովագրական շուկայում որոշակի տեղաշարժեր են արձանագրվել: Այդուհանդերձ, այսօր Հայաստանի ապահովագրական շուկան դեռեւս «դատարկ» է` այն իմաստով, որ այսօր ապահովագրական ընկերությունները շատ քչերին են ծառայություններ մատուցում, ընդ որում, մատուցում են աշխարհում ընդունված ապահովագրական ծառայությունների ոչ ամբողջական շարքը: Սա երեւում է ապահովագրական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի քանակից (2007թ. կնքված բոլոր տեսակի ապահովագրական պայմանագրերի թիվը շուրջ 40 հազ. է), ապահովագրական ընկերությունների ակտիվներ-ՀՆԱ հարաբերակցությունից (2007թ. վերջին` մոտ 0.4%), ապահովագրավճարներ-ՀՆԱ հարաբերակցությունից (2007թ. վերջին` մոտ 0.3%): Իսկ ապահովագրության ամենակարեւոր տեսակներից մեկը՝ կյանքի ապահովագրություն` որպես այդպիսին (երկարաժամկետ՝ կուտակային բնույթով), ոչ մի ընկերություն չի իրականացնում: Փոխարենը կատարվում է դժբախտ դեպքերից եւ կյանքի ժամկետային (1 տարվա կտրվածքով) ապահովագրություն: Այսօր ապահովագրավճարների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն ցամաքային տրանսպորտի, հրդեհից եւ բնական աղետներից՝ գույքի, ինչպես նաեւ՝ առողջության ապահովագրության գծով ապահովագրավճարները (ընդհանուրի շուրջ 70%-ը՝ 2007թ. դրությամբ): Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ ավտովարկավորման եւ հիպոթեքային վարկավորման ծավալների շարունակական աճը հանգեցրել է ապահովագրավճարների ծավալների աճի թե՛ ավտոտրանսպորտային միջոցների, թե՛ գույքի ապահովագրության գծով (առանց ապահովագրության բանկերն ավտոմեքենա ձեռք բերելու եւ հիպոթեքային վարկեր չեն տալիս): Ընդ որում, դատելով ապահովագրական ընկերությունների կողմից ԿԲ-ին ներկայացված գործարար ծրագրերից (այդ ծրագրերի ներկայացումը օրենքի պահանջ է) գործող ընկերությունները նախատեսում են պահպանել այդ կառուցվածքը նաեւ 2009-2010թթ.: Սակայն, նույն այդ ծրագրերի համաձայն, առաջիկայում շատ ընկերություններ նախատեսում են մի շարք ցուցանիշների բարելավում: Մասնավորապես՝ ներկայումս գործող ընկերությունների կտրվածքով կանխատեսվում է ապահովագրավճարների 27.6% միջին տարեկան աճ, ինչի արդյունքում ապահովագրավճարների մեծությունը 2010թ.-ին կկազմի 9.5 մլրդ դրամ, ինչը 4.9 մլրդ դրամով ավելի է 2007թ.-ի ցուցանիշից: Ակտիվների գծով ապահովագրական ընկերությունները կանխատեսում են 25.2% միջին տարեկան աճ, ինչի արդյունքում ակտիվների մեծությունը 2010 թվականի վերջին կկազմի 16.4 մլրդ դրամ: Այսինքն՝ ակտիվները կաճեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ն, ինչը կբարելավի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը: 2008-2010թթ նախատեսվում է նաեւ ապահովագրական հատուցումների միջին տարեկան 37.1% եւ ապահովագրական ընկերությունների շահույթի միջին տարեկան 38.6% աճ:

Նշված թվերի տակ իրականում բազմաթիվ հետաքրքիր գործընթացներ են թաքնված, ինչը պայմանավորված է նաեւ ապահովագրական շուկայի հիմնական դերակատարներով եւ դրանց «ծագումնաբանությամբ»: Դրան կանդրադառնանք առաջիկայում: