Համեցեք «Խուստուփի» տափաստան

23/10/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Սյունիքի անտառները շարունակում են ոչնչացնել» վերնագրով հոդվածին անմիջապես արձագանքեց ՀՀ Բնապահպանության նախարարությունը: Սակայն մինչ այդ պատասխանը ներկայացնելը, հիշեցնենք, որ հրապարակումը Սյունիքի մարզի Վերին Վաչագան գյուղում զանգվածաբար ոչնչացվող անտառների մասին էր:

Վերին վաչագանցիները մեզ վստահեցնում էին, որ անտառահատումները կատարվում են տեղական իշխանությունների, ինչպես նաեւ՝ Սյունիքի անտառտնտեսության պետ Լյովա Գեւորգյանի հովանավորությամբ: Մենք նաեւ նշել էինք, որ ականատեսների վկայությամբ` Վերին Վաչագանում արդեն մի քանի հեկտար անտառ ոչնչացվել է եւ, եթե իշխանություններն այդ գործողությունները չկանխեն, ապա մինչեւ ձմեռ անտառները կվերածվեն տափաստանի: Տեղի բնակիչներն իշխանություններին կոչ էին անում ՀՀ Վերահսկիչ պալատի, ինչպես նաեւ՝ ՀՀ Դատախազության ուշադրությունը հրավիրել Վերին Վաչագան գյուղի անտառների դեմ կատարվող ոտնձգությունների վրա: Նախ նշենք, որ «168 Ժամի» հրապարակումը թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններին, եւ թեգ մասնավորապես Վերին Վաչագանի անտառապահ Կարեն Օհանջանյանին (Օսման մականունով) խուճապահար է արել: Մեր տեղեկություններով` անտառների ոչնչացման պատասխանատուները խիստ անհանգստացած են եւ ելք են որոնում տեղի ունեցածը կոծկելու ուղղությամբ: Սյունիքի մարզում հայտնի անտառապահ Օսմանը նյութը կարդալուց հետո սկսել է գյուղի բնակիչներին ահաբեկել, որպեսզի խոստովանեն, թե ովքեր են տեղեկատվություն տրամադրել «168 Ժամին»: Հիշեցնենք, որ մենք գյուղացիների անունները` ելնելով նրանց անվտանգությունից` չէինք հրապարակել: Եվ չնայած սպառնալիքներին՝ գյուղացիները շարունակում են Վերին Վաչագանում կատարվող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ տրամադրել մեզ: Մեր զրուցակիցը պատմում է. «Թերթում տպագրված հոդվածից ամենավրդովվածը անտառապահ Օսմանն էր, որը հոդվածը կարդալուց հետո դուրս եկավ գյուղի մեյդան ու բոլորի ներկայությամբ սկսեց բարձրաձայն ահավոր հայհոյանքներ տալ ժուռնալիստների հասցեին: Ջղայնացած ասում էր` էս անտառները տափաստան եմ սարքելու»: Հետաքրքիրն այն է, որ սեպտեմբերի 16-ին` Մամուլի տոնի օրը, երբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին շնորհավորելով` հայտարարում էր` «Մեր մամուլը կայացած է, լրագրողները պաշտպանված են», նույն օրն Օսմանը Վաչագանում իր կատարած անօրինական գործողությունները բացահայտած լրագրողին հայհոյում էր, այդ կերպ լրագրողներին հրապարակավ մատուցելով իր յուրօրինակ նվերը: «Իրանք՝ էնտեղ, ես` էստեղ, մեկ ա չեն կարողանալու հսկել, ինչ ուզեմ՝ անելու եմ, տափաստան եմ սարքելու»,- հայտարարել է քաջ Օսմանը: Թեեւ անտառապահին թվացել է, թե ինչ ցանկանալու` անելու է, քանի որ այսուհետ գյուղացիները չեն համարձակվի խոսել, այդուհանդերձ, Վաչագանի բնակիչները խոստանում են մեզ տրամադրել Օսմանի կատարած անօրինականությունների մասին փաստեր: Օսմանը նաեւ հետաքրքիր ակցիա է կազմակերպել: Նա Վաչագանում ստորագրահավաք է սկսել, որի բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է` համաձա՞յն են արդյոք գյուղացիները, որ Վերին Վաչագանում անտառահատումներ իրականացվեն: Այս նամակի տակ` Օսմանի սպառնալիքների ներքո, ստորագրել են մի քանի գյուղացիներ: Մինչդեռ զավեշտականն այն է, որ անտառը պետական սեփականություն է, եւ ինչպես գյուղացիներն, այնպես էլ` անտառապահն իրավունք չունեն ինքնակամ որոշում կայացնել անտառ հատելու վերաբերյալ:

Ինչպես նշեցինք, հոդվածին անմիջապես արձագանքեց Բնապահպանության նախարարության Անտառների վերահսկողության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը: Վերջինս, մեր տեղեկություններով, զանգահարել է Սյունիքի անտառտնտեսության պետ Լյովա Գեւորգյանին եւ բավականին խիստ տոնով հրահանգել է իսկույն «բուլդոզեր» ուղարկել եւ ապօրինի ճանապարհը քանդել: Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները Վերին Վաչագանի անտառում հսկայական ճանապարհ էին կառուցել, որպեսզի անտառ կտրողների, փայտ տեղափոխող բեռնատար ավտոմեքենաների մուտքն ապահովված լիներ: Մինչդեռ, այդ «հրահանգից» անցել է մի քանի շաբաթ, բայց գյուղացիների հավաստմամբ` ճանապարհն անփոփոխ վիճակում է. այսինքն` Լ. Գեւորգյանը վերադասի հրահանգը չի կատարել: Ի դեպ, նշենք, որ մի քանի կիլոմետր դեպի անտառի խորք տանող այդ ճանապարհն ապօրինի է, քանի որ ճանապարհ կառուցելու որոշում գոյություն չունի: Երեւի այն պատճառով, որ որոշման մեջ չէին համարձակվի գրել, ասենք, «ճանապարհը կառուցվում է անտառ հատելու նպատակով»: Բացի տեսական խոսակցությունից՝ Բնապահպանության նախարարության Անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Գեւորգյանը մեզ խոստացավ մասնագետներ գործուղել Վերին Վաչագան` ստուգումներ իրականացնելու նպատակով: Մեր ձեռքի տակ ունենք ստուգայց կատարած մասնագետների հետեւյալ զեկուցագիրը. «Ս/թ հոկտեմբերի 11-ի «168 Ժամ» թերթի թիվ 99(467) համարում տպագրված «Սյունիքի անտառները շարունակում են ոչնչացնել» հոդվածում նշված փաստերը («Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վերին Վաչագան գյուղին հարակից տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ) տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար ԲՏՊ անտառների վերահսկողության բաժնի պետ. տեսուչներ Վարդան Հարությունյանը եւ Սարգիս Աբրահամյանը հոկտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ներառյալ գործուղվեցին Սյունիքի մարզ: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվեց. «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Կապանի անտառպետության 4-րդ պահաբաժնում արձանագրվեց (Վաչագան գյուղին հարակից անտառային տարածք) 47 հատ ապօրինի հատված բոխի ծառատեսակի կոճղ: Արձանագրված 47 հատ ապօրինի հատված ծառերից 5 հատը հայտնաբերվել են անտառտնտեսության աշխատակիցների կողմից գարնանային հերթական ստուգման ժամանակ եւ ձեւակերպել են անտառխախտման արձանագրություններով ու ուղարկվել Բնապահպանական տեսչության Սյունիքի ՏԲ, 11 հատ ապօրինի հատված ծառերն արձանագրված են եղել ԲՊՏ անտառների վերահսկողության բաժնի կողմից` տարեկան հերթական ստուգումների ժամանակ, որոնք կնքված են եղել ԲՊՏ-ի մուրճ կնիքներով, 27 ապօրինի հատված ծառերը արձանագրվել են Անտառտնտեսության աշխատակիցների կողմից իրականացվող աշնանային հերթական ստուգումների ժամանակ (աշնանային հերթական ստուգումները շարունակվում են): Այսպիսով` ապօրինի հատված 47 ծառերից 43-ն արձանագրվել են անտառտնտեսության եւ Բնապահպանության տեսչության կողմից, իսկ մեր կողմից արձանագրվեց 4 հատ ապօրինի հատված բոխի ծառատեսակի թարմ կոճղ, որոնց համար հաշվարկվեց բնությանը պատճառված վնաս` 153 հազ. դրամի հատուցման չափով»:

Ինչեւէ, այն, որ Բնապահպանության նախարարության մասնագետները պետբյուջեի հաշվին գործուղվել են Վերին Վաչագան եւ հայտնաբերել են ապօրինի հատված 47 ծառ, միանգամայն հուսադրող է, սակայն Վերին Վաչագանի բնակիչները փաստեր են տրամադրում հեկտարներով հատված անտառների մասին: Այս զեկուցագրի բովանդակությունն ընդամենը աչք փակելու տպավորություն է թողնում, քանի որ փաստաթղթում նշվում են «հատերով» ծառեր, մինչդեռ մենք գրում ենք հեկտարներով ոչնչացվող անտառների մասին: Իսկ, եթե Բնապահպանության նախարարության պետական ծառայողները` մասնագետներն, ի զորու չեն, կամ չեն ցանկանում բացահայտել նման մասշտաբի անտառահատումը, ապա մենք պատրաստ ենք մասնագետներին «օգնություն» ցուցաբերելու նպատակով՝ իրենց հետ այցելել Վերին Վաչագան եւ մատնանշել հատված անտառների տեղանքը:

Հ.Գ. «CNN» եւ «Euronews» հեռուստաալիքներով ամբողջ աշխարհով Հայաստանը՝ որպես տուրիստական գոտի, «Armenia» գովազդային հոլովակն է պտտվում: Տեսահոլովակը սկսվում է Սյունիքի մարզի «Խուստուփ» լեռան տեսարանով, որը բնության եզակի հարստություն է, ու որի մասին են աղաղակում Վաչագանի բնակիչները: «Armenia» տպագիր հանդեսի շապիկի վրա նույնպես այդ տեսարանն է, որն իսկապես զբոսաշրջիկների համար գայթակղիչ կարող է լինել: Մեր տուրիստական գործակալությունների առաջարկած տուրիստական գոտիների ցանկում նույնպես առաջարկվում է ճանապարհորդություն դեպի «Խուստուփ» լեռ: Մի խոսքով` այս տեղանքն իսկապես եզակի բնական հարստություն է, որը գովազդելով՝ մեր պետությունը դրսից փողեր է բերում: Մինչդեռ, ինչպես նշեցինք, «Խուստուփ» լեռան շրջակայքը այսպես շարունակվելու դեպքում առաջիկայում կարող է վերածվել տափաստանի: