Երեկ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 17-ի հանրահավաքը լինելով ամենաբազմամարդը մարտի 1-ից ի վեր` Շարժման հաղթանակ էր: Այն ապացուցեց, որ Շարժումը վերելքի վրա է ու շարունակում է աճել. ժողովուրդը 8 ամիս անց շարունակում է պայքարել, աճում են Շարժման կազմակերպական եւ մարդկային ռեսուրսները, ձեւավորվել է Շարժման հսկայական մի կորիզ, որը Հայ Ազգային կոնգրեսի կոչով ցանկացած պահի պատրաստ է մասնակցել հուժկու զանգվածային ակցիաների, ամեն անգամ հանրահավաքներին մասնակցող մարդկանց քանակը սահմանափակելու նպատակով իշխանությունները ստիպված են լինում լարել ոստիկանության եւ անվտանգության բոլոր ուժերը, կոպտորեն խախտել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը: Հանրահավաքը ցույց տվեց, որ իշխանությունների ռազմավարությունը, որը հիմնված էր պայքարի ելած ժողովրդի դեմ համընդհանուր ահաբեկումների եւ ամբողջությամբ վերահսկվող հեռուստատեսությունների քարոզչությամբ ուղեղների լվացման միջոցով համաժողովրդական ընդվզումը սառեցնելու հաշվարկի վրա, տապալվել է: Ակնհայտ է այլեւս, որ ձեռնարկված ռեպրեսիաներով, քաղբանտարկյալներին պատանդ պահելով, ընդդիմության հետ քաղաքական երկխոսության մերժումով իշխանությունները չեն կարող կասեցնել Համաժողովրդական Շարժման ծավալումը: Այս վիճակում իշխանությունները ձեռք են պարզել մի նոր փրկօղակի. նրանք փորձում են օգտագործել վերջերս ստեղծված աշխարհաքաղաքական բարդ զարգացումները, մասնավորապես՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սրումը, ներքաշվելով այնպիսի արտաքին քաղաքական գործարքների մեջ, որոնք, իրենց հաշվարկով, կբերեն դեմոկրատական աշխարհի աջակցությունը, թույլ կտան կոմպենսացնել լեգիտիմության բացակայությունը երկրի ներսում եւ սանձազերծել էլ ավելի բիրտ ճնշումներ ընդդիմության նկատմամբ: Շարժումը հենց այս վերելքի պահին ժամանակավորապես դադարեցնելով զանգվածային միջոցառումները՝ ցանկանում է դրանով վիժեցնել իշխանությունների այս ծրագիրը, զերծ պահել Հայաստանի պետությունը աննպաստ արտաքին ճնշումներից, ստեղծել այնպիսի պայմաններ, որ քաղբանտարկյալների ազատ արձակումից եւ քաղաքական երկխոսության սկսելուց հետո հնարավոր լինի առողջացնել ներքաղաքական իրավիճակը երկրում, ինչպես նաեւ ապահովել Հայաստանի համար ավելի ուժեղ բանակցային դիրքեր Լեռնային Ղարաբաղի հարցում: Հայ Ազգային կոնգրեսը հայտարարում է, որ Շարժումն ամբողջ թափով շարունակելու է իր անզիջում պայքարը երկրում սահմանադրական կարգի եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնման համար, իսկ հանրահավաքային դադարը կօգտագործվի քաղաքական պայքարի այլ ձեւերի ակտիվացման, կազմակերպական ռեսուրսների հզորացման համար, ինչը թույլ կտա ապագայում սպասվող հանրահավաքներն անցկացնել ավելի հզոր կազմակերպական հիմքի վրա»: