Իրանը ռմբահարելու կամ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսակցությունները դարձյալ ակտիվացել են:
Տարիներ շարունակ Իրանի վերաբերյալ վիճաբանությունները տարուբերվում են երկու վատթար այլընտրանքների միջեւ: Ոմանք համոզված են, որ միջուկային զենք ունեցող Իրանը տարածաշրջանային հնարավոր զարգացումներից վատթարագույնն է, անգամ ավելի վատը, քան կանխարգելիչ ռմբահարումը: Բայց ո՛չ միջուկային զենքի տիրապետող Իրանը, եւ ո՛չ էլ կանխարգելիչ ռմբահարումն առնվազն այս տարածաշրջանի համար խելամիտ այլընտրանք չեն:
Իրանի ռմբահարման հետեւանքները պետք է որ հստակ լինեն` այն է, Հորմուզի նեղուցի փակումը, նավթի գների գերաճը, Իսրայելի դեմ հնարավոր հակահարվածը (անկախ այն բանից, թե ով էր հարվածողը), եւ Իրաքում ու Աֆղանստանում իրադրության էլ ավելի շիկացումը: Իրականում, կանխարգելիչ ցանկացած հարվածներն անշրջելի եւ երկարընթաց վնաս են հասցնելու տարածաշրջանային անվտանգությանը եւ քաղաքական ու տնտեսական կայունությանը:
Իհարկե, այս ամենի այլընտրանքը պակաս վտանգավոր չէ: Միջուկային զենք ունեցող Իրանը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի անվտանգության միջավայրը եւ, Իրանի ու Իսրայելի թշնամանքի պայմաններում, միջուկային երկու տերությունների դիմակայությունն իրական սպառնալիք է ստեղծում:
Այս երկընտրանքի լուծման համար պետք է հասկանալ, թե Իրանն իրականում ինչ է ուզում, եւ ինչպես է հնարավոր նրա ցանկությունները համադրել մյուսների անվտանգության մտահոգությունների հետ:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել է, որ Իրանը ցանկանում է ունենալ ուրանի հարստացման տեխնոլոգիաներ` արդյունաբերական նպատակներով: Իրանի այդ իրավունքը ոչ ոք չի վիճարկում: Սակայն աշխարհն առայժմ երկփեղկված է առ այն, թե արդյո՞ք Իրանն անկեղծ է իր հայտարարություններում:
Իսկապես, եթե, ինչպես ոմանք համոզված են, Իրանն անկեղծ չէ, ուրեմն արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացման տեխնոլոգիաների առաջին փուլին տիրապետելուց հետո այդ երկիրը կարող է հեշտությամբ անցում կատարել դեպի միջուկային զենքի ստեղծումը, ինչի պարագայում միջազգային հանրությունը պարզապես կկանգնի կատարված փաստի առջեւ` ընդ որում, հաղորդակցության հնարավորության բացակայության պայմաններում, առանց տեղում գործող դիտորդական խմբերի եւ առանց վերահսկիչների, ովքեր անհրաժեշտության դեպքում ահազանգ կհնչեցնեին:
Ահա թե ինչու աշխարհը չպետք է սեւեռվի այդ առաջին փուլի վրա, որն արդեն իսկ կորսված է: Իրանն արդեն ունի ուրանի հարստացման ավելի քան 3000 կենտրոնախույս սարքավորումներ` ցենտրիֆուգներ, չնայած միջազգային բոլոր պատժամիջոցներին ու արգելանքներին: Փոխարենն աշխարհը պետք է կենտրոնանա երկրորդ փուլի վրա, քանի որ հենց այստեղ է ուրվագծվում միջուկային զենքի ի հայտ գալու սպառնալիքը, եւ հենց այսպիսի դեպքերի համար են նախատեսված դիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմները:
Իրանին միշտ էլ պնդել են, որ կհարգեն սեփական հանձնառությունները եւ, սպառազինությունների չտարածմանը ձգտող միջազգային համայնքի ջանքերին համահունչ` բաց կպահեն իրենց դռները դիտորդների առջեւ: Միաժամանակ, միջազգային հանրությունն էլ պետք է հարգանք դրսեւորի Իրանի ներկայիս արդյունաբերական նպատակների նկատմամբ, եթե կամենում է ստանալ այդ երկրի համագործակցությունը:
Առաջին քայլը Իրանի` շրջափակված երկիր լինելու զգացողության փարատումն է: Բարեբախտաբար, ԱՄՆ-ում եւ այլուր արդեն ձայներ են հնչում Իրանը բարձրագույն մակարդակով ներգրավելու անհրաժեշտության մասին: Սակայն Իրանի հետ արդյունավետ երկխոսություն վարելու համար պետք է հասկանալ այդ երկրի մտածելակերպն ու արժեքները:
Իրանցիներն ունեն ավագության, եթե ոչ՝ գերազանցության մի զգացողություն, որը ծնունդ է առել մինչեւ մեր օրերը հասած մշակութային հարուստ ու հնամենի ժառանգության օրրանից: Միեւնույն ժամանակ, երկարընթաց նվաճումների ու ճնշման ենթարկված լինելու պատմական հանգամանքների բերումով նրանք ունեն խոր արմատներ նետած անապահովության զգացում, ինչն այսօր ամրապնդվում է ամերիկյան զորքերի ներկայությամբ իրենցից արեւմուտք` Իրաքում, եւ իրենցից արեւելք` Աֆղանստանում: Ուստի նրանց արդի աշխարհայացքը խարսխվում է այս երկու իրողություններին` նրանք կասկածամիտ են այլոց շարժառիթների նկատմամբ, եւ հպարտ` խելամիտ, անզիջում բանակցորդների իրենց ունակություններով, ինչպես նաեւ՝ իրենց սեփական ռեսուրսներով:
Սիրիայի եւ Իրանի անցյալ ու ներկա առաջնորդների հետ իմ հանդիպումներում, ինչպես նաեւ Սադամ Հուսեյնի հետ իմ զրույցի ժամանակ լսել եմ միեւնույն բանը` Արեւմուտքը ցանկանում է իրենց ծնկի բերել: Իրենց բացատրությունն այն էր, որ Արեւմուտքը չի կարողանում հանդուրժել գաղափարախոսությունների վրա հենված պետությունների վարքագիծն ու շարժառիթները: Սիրիան, Իրանը եւ սադամյան Իրաքը հենց այդպիսի պետություններ էին, որոնք ունեին գերագույն խնդիրներ` իսլամը, արաբական միասնությունը կամ հակասիոնիզմը:
Եվ ուստի, իրանցիների համար, ովքեր հավատի ու ազգային հպարտության կրողներ են, անհրաժեշտ ու ընդունելի է այնպիսի արձագանքը, ինչն ուրիշների համար ինքնահավանության եւ անտրամաբանականության դրսեւորում է:
Զանգվածային ոչնչացման զենքերի հետ կապված սադամյան պատմությունը պատմական վառ օրինակն է այն բանի, թե ինչպես ոմանք պատրաստ են գնալ մահվան դուռը` գլուխը բարձր պահած: Սադամը գիտեր, որ ինքը զանգվածային ոչնչացման զենքեր չունի, սակայն այդպես էլ չկամեցավ ստորակայել իր իրավունքները տեսչական առաքելությունների պահանջներին:
Ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում, Իրանի հարեւանները եւս կարող էին երեւան բերել Իրանի եւ մնացյալ աշխարհի միջեւ հարաբերությունների կարգավորման իրական մեխանիզմներ: Այսպես կոչված՝ «վեցակողմ բանակցությունների» ձեւաչափում Հյուսիսային Կորեայի հարեւանները շոշափելի խթաններ առաջարկեցին Կիմ Յոնգ-Իլի վարչակարգին` հրաժարվելու համար սեփական միջուկային ծրագրերից: Նման խթաններից առավել նշանակալիցը Հյուսիսային Կորեայի տնտեսական շրջափակման վերացումն էր:
Իրանը նույնպես իրեն շրջափակված է զգում, թեեւ մեկուսացված չէ: Նրա տնտեսությունը մեծապես կախված է առեւտրից, եւ ոչ միայն նավթի արտահանումից: Այդ երկրի ազգաբնակչության երկու երրորդը 30 տարեկանից երիտասարդ է, եւ գոյություն ունի բարձր գործազրկություն: Երկիրը կարիք ունի օտարերկրյա ներդրումների՝ իր գազի եւ նավթի արդյունաբերությունն արդիականացնելու, ճանապարհաշինությունն ու ենթակառուցվածքային այլ ծրագրերը ֆինանսավորելու համար:
Հարեւան Թուրքիայի հետ համեմատություններն ուսուցողական են: Մինչեւ Իսլամական հեղափոխությունը, Իրանը Թուրքիային շրջանցում էր ուղղակի արտաքին ներդրումների ծավալով, մեկ շնչին ընկնող եկամուտների ցուցանիշով եւ ՀՆԱ-ի աճով: Այժմ արդեն Թուրքիան է առաջ անցել եւ անգամ չի բացառվում, որ անդամակցի Եվրոպական միությանը:
Տարածաշրջանային կտրվածքում այլ համեմատություններն էլ ավելի ակնառու են դարձնում այդ միտումը: Կատարը գերազանցել է Իրանին իրենց ընդհանուր սահմանների տիրույթում գտնվող գազային պաշարների շահագործմամբ: Փոքրիկ Դուբայը կարողանում է շատ ավելի օտարերկրյա ներդրումներ հրապուրել, եւ իրանցիներն այնտեղ են մեկնում բանկային գործարքներ ու առեւտուր անելու, ինչպես նաեւ՝ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար:
Իրանի հարեւանները պետք է համոզեն այդ երկրի ղեկավարներին, որ Իրանը եւս կարող է մասնակցել տարածաշրջանային զարգացմանը, եւ անգամ դառնալ տարածաշրջանի առաջատար: Միայն բաց եւ թափանցիկ Իրանը, լիապես ընդգրկվելով տարածաշրջանային տնտեսական զարգացումներում եւ ստանձնելով այն դերակատարությունը, որը համամասն է իր չափերին եւ տնտեսական ներուժին, կկարողանա հաղթահարել շրջափակվածության իր բարդույթը:
Ուստի Արեւմուտքի համար կարեւոր քայլ կարող է լինել Իրանը որպես գազի այլընտրանքային մատակարար դիտարկելը, եւ այդ երկիրը Կենտրոնական Ասիայից Եվրոպա գազ արտահանելուն ուղղված` Սպիտակ հոսանք եւ Նաբուկո խողովակաշարերի քննարկվող ծրագրերում ներգրավելու առաջարկը:
Աշխարհի պատկերացումներն Իրանի շարժառիթների ու գործողությունների վերաբերյալ չպետք է սխալ ընկալվեն իրանցիների հպարտության պատճառով: Մենք Իրանի իրական մտադրություններին կարող ենք հասու լինել միայն այն ժամանակ, երբ այդ երկրի նկատմամբ կվարենք ներգրավման, այլ ոչ թե անկյուն քշելու քաղաքականություն:
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ
guardian.co.uk, հոկտեմբերի 19, 2008թ.