«Ջազ-70» երեւանյան փառատոնի շրջանակներում համերգային ծրագրով Հայաստան էր ժամանել ջազի վարպետ, գերաստղ Ալ Ջերոն: Հոկտեմբերի 21-ին Երեւանի Օպերային թատրոնի դահլիճում կայացած համերգի տոմսերը վաճառվում էին 30.000-60.000 դրամով: Նրա մասնակցությունը փառատոնին` ջազի սիրահարների համար կրկնակի տոն դարձավ: Փառատոնի կազմկոմիտեի նախագահ Լեւոն Մալխասյանն, ով բարձր է գնահատում Ալ Ջերոյի արվեստն ու նրա մեծ երկրպագուն է, լրագրողների հետ հանդիպման սկզբում նրան հանձնեց «Ջազ-70»-ի շապիկն ու բաժակը, եւ հայկական «Նոյ» կոնյակը, որը երգչին ամենաշատը հուզեց:
Երաժշտությունն Ալ Ջերոյի համար եւ՛ աշխատանք է, եւ՛ հոբբի… բերկրանք ու երջանկություն, երիտասարդության շատրվան… Ալ Ջերոյի մայրը եկեղեցում երգեհոնահար է եղել, ու երեխան գրկին գնացել է եկեղեցի: Պատահական չէ, որ այսօր նա կարեւորում է Աստծո դերն իր կյանքում, իսկ երաժշտությունը մանկուց նրա ներսում է: Ալ Ջերոն չորս տարեկանից երգում է լսարանի առաջ: Այսօր վայելում է, թե ինչպես է լսարանն իր հետ երգում։ «Դա աննկարագրելի հաճույք է»,- ասում է նա: Արտիստը սիրում է ելույթ ունենալ մարդկանց համար, ովքեր իրեն վաղուց լսում են, գիտեն իր երգերը: Ազգությամբ բրազիլացի Ալ Ջերոն մեծամասամբ երգում է անգլերեն լեզվով: Բարձր է գնահատում բրազիլական երաժշտությունը, այդ լեզվով մի քանի երգեր միայն ունի: «Միշտ հիասթափված ու զարմացած եմ, թե ինչո՞ւ բրազիլական երաժշտությունը պայթուցիկ զարգացում չի ունեցել: Այն շատ հարուստ է: Երաժշտության մեջ կան եւ՛ դասական եվրոպական, եւ՛ աֆրիկյան ռիթմեր: Շատ եմ սիրում: Ինձ թվում է` լսարանն էլ շատ է հավանում իմ բրազիլական երգերը»: Երաժշտությունը նրան ուժ է տալիս: «Ես երգով չեմ հարստացել: Բայց, երբ կոլեգաներս ինձ ասում են` բրավո, դա ինձ համար փողի պես մի բան է»,- խոստովանեց մասնագիտությամբ հոգեբան Ալ Ջերոն: Իր բուն մասնագիտությամբ` հոգեբանությամբ, նա չորս տարի է զբաղվել, եւ այդ տարիներն իր կյանքում համարում է շրջադարձային: «Հոգեբանությունն իրոք հեղափոխություն կատարեց իմ կյանքում: Այն ինձ դարձրեց ավելի նրբազգաց, որը ներթափանցեց նաեւ երաժշտության մեջ: Երբ կարողանում ես հասկանալ դիմացինիդ պրոբլեմն ու փորձում մտնել նրա ներաշխարհ` դա Աստծո աշխատանք է: Հոգեբանությունն ինձ շատ է փոխել,- ասում է նա ու կատակով ավելացնում,- եթե կինս այս պահին կողքիս լիներ, կասեր, որ բոլորովին էլ չի օգնել»: Սովորաբար երաժիշտը ճամփորդում է կնոջ հետ, բայց այժմ նա հետվիրահատական շրջանում է գտնվում, ինչի պատճառով չի կարողացել ամուսնու հետ գալ Հայաստան: Ալ Ջերոն իր ամենամեծ հաղթանակը համարում է ոչ թե բազմահազար մրցանակներն ու գրեմմիները, այլ այն, որ իր սիրելի կինը մինչ օրս իր կողքին է: «Ես, իհարկե, սիրում եմ գրեմմիներն ու ծափերը, դրանք ասես իմ գործընկերները լինեն: Բայց, երբ քեզ հաջողվում է ընտանիքդ միասին պահել, դա ամենամեծ հաղթանակն է: Ընտանիքս` կինս ու 25-ամյա որդիս, սատարում են իմ երաժշտությանը: Կայուն ընտանիքն ամենալուրջ նվաճումն է»,- համոզված է հոգեբան-երաժիշտ Ալ Ջերոն, ով նաեւ մտածում է, որ իր միակ` 25-ամյա որդուն մինչ օրս դեռ լավ չի ճանաչում: Տաղանդավոր բրազիլացին նաեւ մեծ հումոր ունի: Սիրում է խաշած կաղամբ ուտել ու չափազանց լուրջ դեմքով կատակներ անել: Երբեմն, երբ գլխում երգեր են պտտվում, միացնում է ձայնագրիչն ու … այդպես ծնվում է մի նոր երգ: Տարբեր ժանրերում (բլյուզ, ֆոլկ, ռոք, փոփ…) իրեն փորձած ջազի արքան թեեւ հավանում է ժամանակակից երաժշտական ռիթմերը` ասելով, որ դրանք մի նոր աշխարհ են բացել շատերի համար, սակայն ինքն իրեն հիփ-հոփ ոճի մեջ չի ուզում փորձել: «Սիրում եմ ժանրերն իրար հյուսել` մի քիչ էլ տեղ թողնել իմպրովիզացիայի համար: Երաժշտությունն իմ ներսում է, առանց դրա ես անօգնական եմ, անպաշտպան»: Ստեղծագործական կյանքում գրեթե ամեն քայլափոխի հանդիպող դժվարություններն ու հիասթափությունը հաղթահարում է միայն «նորին մեծություն» երաժշտության միջոցով: «Դժվար պահեր շատ են լինում, բայց, փառք Աստծո, միշտ ինչ-որ բան փնտրում եմ: Իսկ ով փնտրում է` հաստատ կգտնի: Երաժշտի համար նոր բան գտնելու դուռը միշտ բաց է»,- համոզված է նա: Այժմ նա իր լավագույն աշխատանքներն է ձայնագրում. ալբոմը կոչվում է` «Շեշտը դիր դրականի վրա»:
Արտիստին այժմ խիստ մտահոգում է երաժշտության գերհագեցվածությունը: «Երաժշտությունը բարձր արվեստ է, բայց այսօր այն շահագործվում է, մարդիկ լուրջ չեն վերաբերվում: Երաժշտությունն ամենուր է, նույնիսկ` ատամնաբույժի մոտ: Դրանից այն դադարում է բարձունքում լինել: Հիմա ես լռությունը շատ եմ սիրում… ես լռության կարիք ունեմ: …Ես թեւակոխում եմ իմ կարիերայի երկրորդ կեսը, եթե կոկորդս ինձ չդավաճանի, լավագույն աշխատանքներս դեռ առջեւում են: Բայց հանդիսատեսն ասես խրվել է անցյալի մեջ: Ուզում է լսել հին, սիրված երգերը»,- ասում է նա:
Հայտնի ջազմենը նաեւ բազմաթիվ զուգերգեր է ձայնագրել այլազգի երգիչների հետ: Հայազգի ներկայացուցչի հետ դուետ երգելու առաջարկին նա վերաբերվեց կեսկատակ-կեսլուրջ` «փորձը փորձանք չի բերում»: Հայ երգարվեստին ծանոթ է մասամբ: «Մեր թաղում կա մի ռեստորան, որտեղ ես հաճախ եմ լինում: Այնտեղ շաբաթը երեք անգամ հայկական երաժշտություն են նվագում: Իսկ Հայաստան առաջին անգամ գալը քիչ է շատ բան տեսնելու համար: Ես 25 անգամ եղել եմ Փարիզում, բայց դեռ Էյֆելյան աշտարակը չեմ տեսել: Օդանավակայանից ինձ բռնում-տանում են հյուրանոց, հյուրանոցից` համերգի»,- պատմում է հումորով ու էներգիայով լի սեւամորթը: Ազատ ժամանակ նա փորձում է երաժշտության օգնությամբ կատարյալ հանգիստ վայելել: Ի՞նչը կարող է աշխարհահռչակ Ալ Ջերոյին ստիպել չզբաղվել երաժշտությամբ. ոչինչ: Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը որոշի, որ երաժշտությունն այլեւս պետք չէ` «Այդ ժամանակ կառանձնանամ նկուղում կամ լոգասենյակում, ու կշարունակեմ ապրել իմ երաժշտության աշխարհում»: