– Պարոն Բայաթյան, Դուք մի քանի տասնամյակ է` էստրադայում եք, բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ եք: Վերջին տարիներին այնքան շռայլորեն շնորհվում են Վաստակավոր արտիստի կոչումներ: Այն տրվել է անգամ ռաբիս ոճի կատարողներին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ձեզ շրջանցում այդ կոչումը:
– Ես այդ հարցի շուրջ ընդհանրապես չեմ էլ մտածել: Յուրաքանչյուրն արժանի է նրան, ինչին արժանի է: Իմաստ չունի այդ հարցի շուրջ մտածել, մանավանդ, դա ոչինչ չի փոխի ո՛չ իմ պատկերացման, ո՛չ իմ մտածողության, ո՛չ էլ ստեղծագործության մեջ:
– Նախագահական ընտրություններից առաջ մեր շատ երգիչ-երգչուհիներ մասնակցում են նախընտրական քարոզարշավին` իրենց երգերով: Դուք, եթե չեմ սխալվում, նման ակցիաների չեք մասնակցում:
– Մենք ընդհանրապես մասնակցում ենք այն համերգներին, որոնք ինքներս ենք կազմակերպում: Ոճական եւ ստեղծագործությունների առումով մեր կատարած երգերն այնքան էլ չեն համապատասխանում այդ համերգների ոճին: Կարծում եմ, ավելի ճիշտ է մի ամբողջական մեծ համերգ կազմակերպել, քան գնալ մի համերգի մի երգ կատարել, որն, այսպես թե այնպես, ունկնդրին չի հասնում: Մենք չենք մասնակցում ո՛չ այն պատճառով, որ ցանկություն չունենք, պարզապես դա մեր տեղը չէ: Եթե երբեւէ մասնակցել էլ ենք, գոհ չենք մնացել:
– Լինելով բազմաթիվ երգերի հեղինակ` ինչպե՞ս եք գնահատում մեր ժամանակակից երգիչների երգերի որակը, խոսքերը:
– Յուրաքանչյուր ստեղծագործող թող պատասխան տա իր ստեղծագործությունների համար: Ես չեմ կարող գնահատական տալ, քանի որ ես էլ եմ ստեղծագործող, բայց կարող եմ ասել` ինչ եմ անում ինքս: Շատ երգեր են կատարվում, որոնք հիմնականում ոչ միայն սիրային թեմաներով են, այլ, ասենք, հայրենասիրական, լավատեսական: Տարեցտարի հարյուրավոր երգեր են գրվում, սակայն նրանց ազդեցությունն ու ներգործությունը հավասար է զրոյի, որովհետեւ մեր մտածողության, մեր կյանքում եւ մեր էության մեջ ոչ մի բեկում չի մտնում, եւ ոչ միայն երգերի, այլեւ ներկայացումների, ֆիլմերի առումով: Եթե մարդու մտածողության մեջ որեւէ բեկում չի կատարվում, նա չի ցանկանում իր կյանքը փոխել դեպի լավը, նշանակում է՝ այն, ինչ համարվում է արվեստ, արդեն իր նպատակին չի ծառայում: Դա պարզապես արվեստի իմիտացիա է:
– «Արձագանք» ստուդիայում են իրենց առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել բազմաթիվ հայ աստղեր` Լիլիթ Կարապետյանը, Ալլա Լեւոնյանը, Միստր Իքսը, Հասմիկ Կարապետյանը: Հետաքրքիր է, նրանք որեւէ ձեւով կապ պաշտպանո՞ւմ են ձեզ հետ:
– Եթե հանկարծ հանդիպում ենք, զրուցում ենք, իսկ եթե` ոչ, հարյուր տարի էլ անցնի, միմյանց չենք փնտրի: Չէի ասի, որ իրենց անհրաժեշտությունը խիստ զգում ենք, չէի ասի նաեւ հակառակը: Դա ինչ-որ ժամանակ էր, որ միասին մի ճանապարհ անցանք: Հետո ճանապարհները բաժանվեցին, ամեն մեկը գնաց իր ճանապարհով եւ, փառք Աստծո, որ այդպես է, որովհետեւ այդպես էլ պետք է լինի:
– Հայկական թերեւս բոլոր հեռուստաալիքները ցուցադրում են շոու ծրագրեր` հայ աստղերի մասնակցությամբ: Էկրանին հայտնվելու համար մեր աստղերը պատրաստ են ամեն ինչի: Ինքներդ դիտո՞ւմ եք այդ հաղորդումները:
– Ես ոչ մի անգամ այդպիսի ծրագրեր չեմ դիտում` ո՛չ հումորային, ո՛չ երաժշտական: Չեմ սիրում: 10-15 վայրկյանից արդեն հոգնում եմ: Դրանցից ոչ մի բան իմ մեջ չի ավելանում: Այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդ ծրագրերին, պոպ արվեստի ներկայացուցիչներ են: Երեւի նրանց համար շատ կարեւոր է միշտ երեւալը, որ նրանց մասին միշտ խոսեն` լավ թե վատ: Կարեւոր չէ: Կարեւորը, որ խոսեն, որ նրանք միշտ լինեն ուշադրության կենտրոնում: Եվ այդ դեպքում էական էլ չէ` արժանի՞ են, թե՞ ոչ: Շոու-բիզնեսում, պարզապես, մեկ շնորհալի մարդու կողքին երեւում են տասը ապաշնորհները, միջակությունները:
– «Արձագանք» խմբի վերջին հիթը «Եվ վաղն ամեն ինչ կսկսվի» երգն է: Վերջին շրջանում նոր երգեր կարծես չկան:
– Մեր վերջին երգը «Երբեւիցե» երգն է, որը կատարեցինք մեր համերգին: Այդ երգը պետք է մի քանի անգամ լսես, որ ընկալվի: Կան երգեր, որոնք զավեշտական են, ինչպես նշված «Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից» երգը: Այն 16-17 տարեկան է, եւ ինչի մասին այդ երգում երգվել է, արդիական է նաեւ այսօր, եւ, համոզված եմ, արդիական կլինի անգամ 300-400 տարի անց:
– Դուք չափազանց լավատես եք:
– …Այո, համոզված եմ, որ այդպես էլ կլինի, քանի որ կյանքում էլ այդպես է, ինչպես երգում` վաղն ամեն ինչ կսկսվի նորից:
– Եթե չեմ սխալվում, Ձեր երգերից շատ քչերն ունեն տեսահոլովակներ: Պատճառը ֆինանսակա՞ն է։
– Ես տեսահոլովակներ չեմ սիրում: Ունենք մի քանի տեսահոլովակ: Գերադասում եմ համերգային նկարահանումները, իսկ եթե տեսահոլովակ ես նկարում, պետք է ունենա բավական բարձր գեղարվեստական արժանիք:
– Մեր ժամանակներում տասը տարվա լռությունն ընդունված ավանդույթ է: Դուք եւս տասը տարվա լռությունից հետո «խոսեցիք»` մենահամերգ ունեցաք: Հաջորդ համերգը կազմակերպելու համար, հուսով ենք, Ձեզնից եւս տասը տարի չի պահանջվի:
– Այդ ժամանակ մենք արդեն չենք լինի: Իսկ հիմա, եթե ստացվի, անպայման համերգ կկազմակերպենք: Իհարկե, ծրագիրը կփոխենք, կավելացնենք մի քանի երգ, բայց այս անգամ միայն ակուստիկ հնչողություն չի լինի. կավելացնենք 1-2 էլեկտրոնային գործիք, բնականաբար, կստանանք այլ հնչողություն:
– Ձեր երգերը խոհափիլիսոփայական բովանդակություն ունեն: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր մուսաները խոշոր փիլիսոփաներն են:
– Ինձ թվում է` ստեղծագործող մարդն անընդհատ ստեղծագործում է, դա կուտակվում է, կուտակվում է, ու մի օր էլ, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ` արտահայտվում: Պարտադիր չէ, որ դու պատրաստ լինես, սեղանի մոտ նստած լինես` կիթառը ձեռքիդ: Ստեղծագործող մարդը փողոցով քայլելիս ուրիշ բանի է ուշադրություն դարձնում` մարդկանց է նայում, սիրուն կանանց, աղջիկներին, երիտասարդ տղաներին, նկատում է մարդկանց դժգոհությունն ու ուրախությունը: Եվ այս ամենից նա վերցնում է ոչ այն տեսանելի բաները, որ նկատում են բոլորը:
Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ