Երեկ ԱԺ-ն քվեարկությամբ մերժել է օրակարգում ընդգրկել մարտի 1-ի իրադարձություններից հետո մեկուսարաններում եւ հետախուզման մեջ գտնվող պատգամավորների խափանման միջոցը փոխելու եւ այդ որոշումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ նախաձեռնությունները: Հիշեցնենք, որ օրինագիծն ԱԺ էր ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը: «Քանի որ այս անգամ քվեարկությունը բաց էր, պատգամավորները հանեցին իրենց դիմակները եւ ցույց տվեցին իրենց իրական դեմքը. սա շատ լավ քննություն էր խորհրդարանականների համար»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ի դեպ, գրանցված 113 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 77 պատգամավոր. նրանցից 15-ը կողմ է քվեարկել, 32-ը՝ դեմ, 30-ը` ձեռնպահ: Ուշագրավ է հատկապես այն, որ այս նախաձեռնությանը երեկ կողմ է քվեարկել նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ով այն ժամանակ կողմ էր պատգամավորների խափանման միջոցը կալանք ընտրելու կապակցությամբ գլխավոր դատախազի միջնորդությանը: Օրինագծին կողմ են քվեարկել նաեւ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Միքայել Վարդանյանը, Արա Նռանյանը, Արմեն Աբրահամյանը, Մելիք Մանուկյանը եւ Վիկտոր Դալլաքյանը: