Անցած շաբաթ «ՎՏԲ-Հայաստան բանկի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքել էր այն տեղեկությունները, թե բանկն իրացվելիության հետ կապված խնդիր ունի: Իսկ բանկի խնդիրների մասին մեր թերթին տված հարցազրույցում, ապա` հրավիրված ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Անդրադառնալով միջազգային ֆինանսական ճգնաժամին ու դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա՝ Հ. Բագրատյանն ասել էր, թե միջազգային բանկերը, այդ թվում եւ՝ «ՎՏԲ»-ն, ունեն լիկվիդայնության խնդիր, այսինքն` շրջանառու միջոցների բավարար քանակի պակաս: Եվ դա տարածվում է նաեւ հայաստանյան մասնաճյուղերի վրա: Անցած մի քանի օրերի ընթացքում պարբերաբար տեղեկություններ են հնչում, որ Ռուսաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում 3 բանկերի, այդ թվում` եւ «ՎՏԲ» բանկին: Եթե խնդիր չկա, ապա ո՞րն է այդ օգնության նպատակը: Այս հարցին ի պատասխան՝ «ՎՏԲ-Հայաստան բանկը» փաստարկում է, թե «ՎՏԲ Հայաստանը» ՎՏԲ կազմում «ունիվերսալ դուստր բանկ է եւ ոչ թե մասնաճյուղ»: Այդպիսով կարծես թե փորձ է արվում չեզոքացնել հայաստանյան եւ ռուսական ՎՏԲ բանկերի միջեւ եղած օրգանական կապը: Դրանով էլ իր հերթին փորձ է արվում հիմնավորել, թե ռուսական բանկի խնդիրները «ՎՏԲ-Հայաստանի» վրա չեն տարածվում, ինչը, մեղմ ասած, հավատ չի ներշնչում: Երբ Հայաստանում հիմնադրվում էր այս բանկը, մեր եւ Ռուսաստանի պաշտոնյաները հայտարարում էին, թե ՎՏԲ-ն գալիս է Հայաստան: Իսկ երբ բանկում խնդիրներ են ծագում, հայտարարում են, թե դրանք իրար հետ կապ չունեն: Հարց է առաջանում, եթե «ՎՏԲ-Հայաստան» բանկը խնդիրներ չունի, ապա ինչո՞ւ է փակում իր մարզային ու երեւանյան մասնաճյուղերը: «ՎՏԲ-Հայաստանը» հերքել էր նաեւ Հ. Բագրատյանի` «Թեղուտի» հանքավայրի ծրագիրը 250 մլն դոլարով վարկավորելու մեկնաբանությունները` նշելով, թե «Թեղուտն» այդ գումարները վերադարձնելու որեւէ խնդիր չունի: Հիշեցնենք, որ այդ հանքն ունի պղնձի եւ մոլիբդենի ահռելի պաշարներ, եւ «ՎՏԲ-Հայաստանն» այդ 250 մլն վարկը տրամադրել էր հանքը շահագործելու ծրագրի համար: Հիշեցնենք նաեւ, որ վարկային այդ համաձայնագիրն ամիսներ առաջ ստորագրել էին «ՎՏԲ»-ի նախագահ Անդրեյ Կոստինը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եվ դրանից հետո վերջին 1-1,5 ամսվա ընթացքում պղնձի միջազգային գները կտրուկ ընկել են. 1 տոննայի արժեքը 8800 դոլարից նվազել է մինչեւ 4500 դոլար: Գների այս անկման միտումը դեռ պահպանվում է: Նույնը վերաբերում է նաեւ մոլիբդենին: Սա խնդիր չէ՞ արդյոք: Այս ամենի մասին գիտի՞ «ՎՏԲ-Հայաստանը»: Բանկի այդ վարկը վերադարձնելու համար «Թեղուտը» պետք է պղինձ արդյունահանի ու վաճառի: Իսկ այդ ապրանքն այսօր կրկնակի էժանացել է: Դա խնդիր չէ՞: Մի՞թե այդ մասին չեն գիտակցում բանկի կառավարիչները, թե՞ գիտակցում են, սակայն փորձում են մոլորեցնել հայաստանցիներին: Գոնե այս պարզ խնդիրը հասկանալու համար բոլորովին էլ պետք չէ բանկիր կամ վարչապետ լինել: Իհարկե, հասկանալի է, որ ցանկացած բանկի համար էլ շատ վտանգավոր է իր խնդիրների մասին բարձրաձայնելը, սակայն ծիծաղելի է նաեւ, որ հրապարակավ հնչեցրած նման պարզ անհանգստություններն էլ շտապում են հերքել:
Արժե նաեւ ավելացնել, որ ամեն անգամ, երբ Հ. Բագրատյանը Հայաստանի բանկային համակարգի մասին որեւէ մեկնաբանություն է հնչեցնում, դրան անմիջապես հետեւում են բարձրաստիճան պաշտոնյաների հերքում-պատասխանները, կամ էլ նրա դեմ դատական գործեր են հարուցում, ինչը արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ: Եվ չի բացառվում, որ «ՎՏԲ-Հայաստան բանկի» հերքման հետեւում էլ մեր իշխանությունների «ականջներն» են թաքնված: