«ՀՅԴ-ն չի ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն տարբերակը, որտեղ խոսվում է որեւէ տարածք վերադարձնելու մասին»,- երեկ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` հավելելով, թե հակամարտության կարգավորման ձգձգման դեպքում ՀՀ-ն պետք է դե յուրե ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչը որակական նոր զարգացումներ կմտցնի տարածաշրջանում: Կ. Մանոյանի գնահատմամբ` Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո հստակեցվեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական դիրքորոշումը կախված է Իլհամ Ալիեւից, եւ նա պետք է ուղղորդի իր շրջապատին, թե ինչպիսի քայլեր պետք է կատարվեն: Ըստ Կ. Մանոյանի` պետք է հայկական կողմը, այդ թվում՝ նաեւ քաղաքական ուժերը, ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն` բարձրաձայնելով իրենց խնդիրներն ու դիրքորոշումները` պայմանավորված տարածաշրջանային վերջին զարգացումներով: Իսկ հակամարտության կարգավորման գործընթացին, Կ. Մանոյանի դիտարկմամբ` խիստ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի` որպես կողմ հանդես գալը: