Ինչպես սպասվում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը նահանջեց: Նահանջեց, եւ սպասվածի համաձայն՝ իր նահանջը պայմանավորեց առաջին հայացքից ռացիոնալ ու հիմնավորված դրդապատճառներով` Արցախի հարց, Հայաստանի գլխին կախված սպառնալիքներ եւ այլն:
Այս դեպքում կարեւոր ենք համարում անդրադառնալ ոչ թե արմատական ընդդիմության, եւ առաջին հերթին նրա առաջնորդի պայքարի ու դիրքորոշման արմատական փոփոխության պատճառներին (որոնք, ըստ էության, արդեն իսկ պարզ են), այլ այն հարցին` որքանով էր անկեղծ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «ժամանակավոր անգործությունն» ազգային գերխնդիրներով պատճառաբանելիս:
Փաստորեն Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ, իր նախկին հայտարարություններին հավատարիմ, առժամանակ դադարեցնում է հրապարակային պայքարը` դրանով իսկ ապահովելով, որ արտաքին ուժերը Հայաստանի ներքին խնդիրները չօգտագործեն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համատեքստում ճնշումներ չբանեցնեն Հայաստանի վրա, իսկ ընդդիմությունն էլ, իբր, գործիք չդառնա արտաքին ուժերի ձեռքերում: Այս դեպքում սակայն մտահոգիչ է Տեր-Պետրոսյանի դիտարկումը, թե Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ է արել դեպի Արեւմուտք: Համաձայնեք, որ այսպիսի հայտարարությունը, այն էլ՝ Ռուսաստանի նախագահի այցելության նախօրյակին, ամենեւին էլ չի բխում «արտաքին ճնշումները չեզոքացնելու» մտահոգությունից: Ավելին` ճիշտ այդ նույն հայտարարությունը կարող է պաշտոնական Մոսկվան օգտագործել Երեւանի վրա ճնշում գործադրելու համար, ինչն աշխարհաքաղաքական ներկա դասավորվածության տեսանկյունից այնքան էլ ցանկալի չէ:
Ամեն դեպքում, փորձենք հավատալ Տեր-Պետրոսյանի անկեղծությանն ու ընդունել այն թեզը, որ այո, նա նահանջում է` թույլ չտալով իրեն որպես գործիք օգտագործել Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելիս: Այդ դեպքում տարօրինակ չէ՞, արդյոք, այն, որ իր ու իր գլխավորած շարժման գերագույն նպատակը Հայաստանի ու Արցախի փրկությունը հռչակած Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնում ներքաղաքական պայքարին վերադառնալ այն ժամանակ, երբ երկրի առջեւ հառնած մարտահրավերները կամ հաղթահարված կլինեն, կամ էլ, Աստված մի արասցե, այլեւս ուշ կլինի ինչ-որ բան փոխել: Իսկապես, էլ ո՞ւմ է պետք Ձեր «պայքարը», հայրենի ընդդիմադիրներ, եթե պայքարի մեջ եք մտնելու Ձեր իսկ ներկայացմամբ` «Ղարաբաղը հանձնելուց հետո»:
Հեռու ենք այն մտքից, թե այս իրողությունն ընդդիմությունն ու իր առաջնորդը չեն գիտակցում: Պարզապես ստիպված էին նահանջել, ընդ որում` «նահանջ երգով» տարբերակով, եւ ինչպես միշտ՝ արդյունավետ «երգի» մոտիվը դարձավ Արցախի թեման:
Մեկ դիտարկում եւս: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը բավականին երկար ժամանակ համոզում էին, որ առաջնորդը հետագա անելիքների մասին կարեւոր բացահայտումներ է անելու: Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթից փաստորեն ստացվում է, որ ընդդիմությունն առաջիկայում Հայաստանում անելիք չունի: Իսկ այն, ինչ ներկայացվում է որպես անելիք՝ դատավարություններին հետեւել եւ այլն, արվում էր մինչեւ հիմա ու՝ առանց այդ էլ: Ավելին, որպես հիմնական անելիք նշվում է ՀԱԿ-ի ձեւավորումն ու կազմակերպչական աշխատանքը, այն դեպքում, երբ Կոնգրեսի «միս ու արյուն» ստանալու համար նախորդ հանրահավաքներում ավելի մոտ ժամկետներ էին նշվում: