Կիրակի օրը քաղաքապետի ընտրություններ էին տեղի ունենում նաեւ Վանաձորում: Այստեղ պայքարում էին 6 թեկնածուներ: Հաղթեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, ում դեմ պայքարում էր մեկ այլ ՀՀԿ-ական՝ Էդվարդ Խլղաթյանը: Թեկնածու էր առաջադրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը` Գառնիկ Սահակյանին: Նախնական տվյալներով՝ Ս. Դարբինյանը հավաքել է 16.782 ձայն, Խլղաթյանը՝ 5769, իսկ Գ. Սահակյանը` 2051 ձայն: ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ընտրություններն անցել են վարչական լծակների ամբողջական կիրառմամբ: Ըստ պատգամավորի` բնակարանից մինչեւ քվեատուփ ընտրողը հսկվում էր վարչական լծակներ ունեցող թեկնածուների կողմից: ՀՀԿ-ական մյուս թեկնածու Խլղաթյանը «Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է: Նրա վստահված անձինք խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին էլ սպառնացել, թե՝ «ապարատդ հավաքի ու չքվի»: «Նկատեցի, որ Փափազյան 12 շենքի մեկ բնակարանում 3 մարդ էր ապրում, սակայն ցուցակում 2 այլ անծանոթ անուններ էին գրանցված: Մեկ այլ շենքում ընդամենը 16 բնակարան կար, բայց ի հայտ էին եկել եւս 6 բնակարաններ` նոր հասցեներ,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ու ավելացնում,- ըստ էության ընտրություններն ամբողջովին ժողովրդավարական չափանիշներին չեն համապատասխանել»: