Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, ընտրական վերջին
մրցափուլի եզրափակիչ խաղում 5։1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով
Հունգարիայի հավաքականի նկատմամբ, դուրս է եկել Եվրոպայի առաջնության
եզրափակիչ փուլ։ Սա հայկական ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ
հաջողություն է՝ համեմատելի թերեւս միայն եվրոպական գավաթների համար
պայքարում 70-ականների «Արարատի» հաջողությունների հետ։ Շնորհավորում ենք
մեր երիտասարդ ֆուտբոլիստներին եւ հավատում, որ սրանով հաջողությունները
չեն ավարտվի։
Հայտնի ճշմարտություն է. «Հաղթանակը հազար ծնող ունի, իսկ
պարտությունը որբ է»։ Մեր ազգային հավաքականը, ցավոք, այսօր հենց այն որբի
վիճակում է, որի գլխի վրա արտասահմանցի սիրուն ազգանուններով մարզիչները
վարսավիրություն են սովորում։ Հուսանք, որ գոնե մինչեւ 19 տարեկանների
հաջողությունը կստիպի ավելի լրջորեն զբաղվել հայկական ֆուտբոլով, որն,
ինչպես փայլուն կերպով ապացուցվեց, հրաշալի ապագա ունի։ Այո, ընդամենը 4-5
տարի հետո մենք կարող ենք բավականին ուժեղ ազգային հավաքական ունենալ։ Եթե
չփչացնեն։