ԱՄՆ-ի կողմից հրահրված համաշխարհային ճգնաժամը հաճախ բանկային կամ ֆինանսական են անվանում այն պատճառով, որ այն սկսվեց տասնյակ բանկերի ու բորսային գնանշումների անկումով:
Սակայն, իրականում դա պարզապես ԱՄՆ ֆինանսաբանկային համակարգի ճգնաժամ չէ, այլ համընդհանուր տնտեսական ճգնաժամ, տնտեսության ամերիկյան ամբողջ մոդելի ճգնաժամ: Այդ մոդելի էությունը գերսպառումն արհեստականորեն խթանելու ճանապարհով տնտեսական աճը խթանելու մեջ է:
Եթե նորմալ երկրներում մարդիկ սովորաբար ծախսում են, հիմնվելով իրական եկամուտների վրա, ապա ամերիկացիների համար արհեստական վարկային դրախտ էր ստեղծվել: Դրամը չի՞ բավարարում: Հոգ չէ: Գործնականում ցանկացած ամերիկացի, անկախ եկամուտների չափից, կարող էր բանկից խիստ ցածր տոկոսադրույքներով ստանալ գրեթե ցանկացած մեծության վարկ եւ ծախսել` ինչպես ցանկանում էր: Դրամն ուղղակի մարդկանց ձեռքերն էին խցկում: Հայտնվեցին հիպոթեքային վարկեր առանց նախնական վարձավճարի, ինչպես նաեւ առաջին վճարումների ժամկետների երկարաձգմամբ կամ էլ հիմնական գումարի վճարումը ժամկետի ավարտին փոխադրումով եւ այլն: Ամերիկյան բանկերի անպատասխանատվությունը համեմատելի էր միայն նրանց ագահության հետ: Եթե այն վարկային ռիսկ-կառավարումը, որ ծաղկում էր ամերիկյան բանկերում, իրեն թույլ տար թեկուզ մեկ հայկական բանկ, ՀՀ Կենտրոնական բանկն այն կփակեր միանգամից: Բայց ամերիկացիներն իրենց դա թույլ էին տալիս, կարգավորողը հանգիստ քնած էր, արթնանալով միայն նրա համար, որ հերթական անգամ իջեցնի հաշվարկային տոկոսադրույքը եւ էլ ավելի էժանացնի վարկերը: Արդյունքում` «վատ» վարկերի տեսակարար կշիռն աղետալիորեն աճեց, հասնելով 40%-ի, իսկ ԱՄՆ տնային տնտեսությունների պարտքը գերազանցեց երկրի ՀՆԱ-ն:
Այսպես կառուցվեց հսկայական վարկային բուրգ, որը պաշտպանվում էր ամերիկյան արժեթղթերը գնող օտարերկրյա ներդրողների կողմից: Սա դասական բուրգ է, որը կարող էր գոյատեւել միայն դրսից եկող նոր դրամների հոսքով: Իսկ քանի որ հոսքը չի կարող հավերժական լինել, բուրգը մի գեղեցիկ օր փլվեց: Բնակարանների գներն իջան, եւ մարդկանց այլեւս ձեռնտու չէր վճարել վարկերը, ինչի արդյունքում 15 բանկ արդեն պայթեցինգ
Նմանատիպ բուրգ կառուցվում էր նաեւ ֆոնդային շուկայում: Ամբողջ բնակչությունն արժեթղթերի շուկայում ներքաշված էր սպեկուլյատիվ խաղերի մեջ, ինչը տանուլ չտվող վիճակախաղ էր թվում: Դրամի հոսքը ֆոնդային շուկա հանգեցնում էր գնանշումների աճին, գնանշումների աճը տրամադրում էր հաճելի սպասումների, ամերիկացիների «ֆոնդային հարստությունն» առանց տեսանելի ջանքերի աճում էր աչքի առաջ: Արժեթղթերի շուկայում այսպես փչվեց մի հսկայական փուչիկ` ֆոնդային շուկայի կապիտալիզացիան համարյա կրկնակի գերազանցեց երկրի իրական ՀՆԱ-ն: Սա սպեկուլյատիվ տնտեսության տիպիկ մոդել է: Շատ տնտեսագետներ զգուշացնում էին, որ ֆոնդային շուկան վտանգավոր չափով հեռացել է իրական սեկտորից, սակայն նրանց ձայները չէին լսվում գնանշումների աճի ֆոնի վրա: Բայց ցանկացած փուչիկ ի վերջո պայթում էգ
Այսպիսով կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր: Ուստի Ամերիկայի համար սա ավելի շուտ ճգնաժամ չէր, այլ սթափեցում` լավացման հեռանկարով: Ավելի շուտ այն ճգնաժամ դարձավ օտարերկրյա ներդրողների համար, որոնք դժբախտություն էին ունեցել ֆինանսավորելու ամերիկացիների գերսպառումը, վստահելով ամերիկյան այն ֆոնդային շուկային ու ռեյտինգային գործակալություններին, որոնք այժմ անկարողությունից ձեռքերն են թափահարում: Ներկայում այդ ամենին վերջ է տրվում: Էժան փողերի, այսինքն՝ գերսպառման դարաշրջանն Ամերիկայում ավարտվեց:
Ինչ վերաբերում է Հայաստանին, բարեբախտաբար, հայկական բանկերը չեն ֆինանսավորել ամերիկյան գերսպառումը, ներդրումներ չեն կատարել ամերիկյան արժեթղթերում, ուստի ճգնաժամը մեզ կառնչվի միայն անուղղակիորեն` հիմնականում արտաքին վարկերի թանկացման եւ ճգնաժամ ապրած երկրներից մասնավոր տրանսֆերտների հնարավոր պակասեցման միջոցով: Դրանով արտահայտվեց հայկական տնտեսության հետամնացության առավելությունը:
Այս ամբողջ պատմության կարեւոր արդյունքներից մեկը դարձավ այն, որ շուկայական ֆունդամենտալիզմի եւ ուլտրալիբերալիզմի քաղաքականությունն Ամերիկայում սնանկացավ, եւ դա լավ դաս պետք է լինի հայ շուկայական ֆունդամենտալիստների համար, որոնք սիրում են պատսպարվել ազատական դարձվածաբանությամբ` սեփական անգործությունը եւ շուկաների նկատմամբ անարդյունավետ պետական հսկողությունն արդարացնելու համար: Չէ՞ որ ճգնաժամի սկզբնապատճառը հենց պետության կողմից ֆինանսական շուկաների թույլ հսկողությունը դարձավ: Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ վիճակը շտկելու համար ամերիկյան կառավարությունը ստիպված է աննախադեպ միջոցառումներ ձեռնարկել տնտեսության մեջ պետության կողմից միջամտելու ուղղությամբ: Ընթանում է խոշորագույն բանկերի ազգայնացում, ինչը մինչ այդ աներեւակայելի էր, ուղղակի ֆինանսական օգնություն է առաջարկվում բանկերին եւ այլն: Ընդ որում, վերջինս առաջացրեց առողջ բանկերի խիստ դժգոհությունը, քանի որ ստացվում է, որ անպատասխանատու, սխալ վարկային քաղաքականություն վարած բանկերն այժմ վարձատրվում են դրա համար եւ այդ դժգոհության հետ անհնարին է չհամաձայնելգ
Հետաքրքիր է, որ Հայաստանի բանկային ոլորտը միակն է, որտեղ շուկայական ֆունդամենտալիզմի քաղաքականություն չի իրականացվել: Ընդհակառակը, շուկան բավականին խիստ կարգավորվում էր: Առավելապես դրա շնորհիվ մենք խուսափեցինք նման կատակլիզմներից, այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսության բոլոր մյուս բնագավառներում պետական կարգավորման որակն ու մակարդակն այնպիսին են, որ վիճակը մոտ է անարխիային: Բայց մենք շարունակում ենք այն անվանել ազատ շուկա:
«Դելովոյ էքսպրես»