Հայաստանի գրողների միությունը այնպես էլ չի կարողանում դուրս գալ խորհրդային շրջանի ճահճից, գուցե եւ այն պարզ պատճառով, որ ոմանց համար այդ ճահճում շատ հարմար է շնչելը. կան, չէ՞, օրգանիզմներ, որ բազմանում են հատկապես ճահճում։
Միության նպատակը երբեւէ չի եղել գրական մթնոլորտի կամ գրականության ստեղծումը. այն, ինչպես եւ մնացած կառույցները, սոսկ կուսակցական գաղափարախոսության տարածող ու հետապնդող է եղել, եւ ըստ այդմ էլ որոշվել է գրականության դեմքն ու խնդիրները, ու դրա հիման վրա էլ՝ գրաքննադատությունը։ Միությունում սովորական դարձած գզվռտոցները հասարակության սոսկ զարմանքն են հարուցում, եւ այսօր գրականությունը հասարակության ուշադրության առարկա է դառնում սույն գզվռտոցների կտրվածքով։
Մատնիչության, միմյանց հալածելու, շուրջը մաքրելու քաղաքականությունը խորհրդային գրողների եւ այդ շրջանում ստեղծված գրականության վրա շատ թանկ նստեց։ Անհանդուրժողականությունը հանգեցրեց գրական ստերջության։ Այդ ստերջությունը հաղթահարելու փորձերն այսօր խոշոր հաշվով անհաջողության են դատապարտված, քանի որ գրողի խնդիրը ոչ թե գրականություն ստեղծելն է ու այդ գրականության շնորհներով ապրելը, այլ հնարավոր բոլոր միջոցներով ու ճանապարհներով գոյատեւման հարց լուծելը, եւ այս պարագայում յուրաքանչյուրը յուրովի է լուծում սույն խնդիրը։ Ոմանք ուղղակի արդեն չեն գրում, ոմանք գրում են, որքան թույլատրում են հնարավորությունները, ոմանք հետաձգել են գրելը, ոմանք էլ շարունակում են հավատալ այն առասպելին, թե գրականությունն այսօր մեր իրականության մեջ հաց ու ճանաչում է բերում, եւ հնարավորինս կառչում են այն գրականությունից, որն ի զորու են կյանքի կոչել։
Գրողների միությունում, ըստ էության, գաղափարական պայքար չկա եւ չի կարող լինել. գաղափարական պայքարը հենվում է քննարկումների, բանավեճերի, միմյանց կարծիքը հարգելու եւ հաշվի առնելու վրա եւ երբեք չի կարող վերածվել անձը վիրավորող կոչերի ու ավարտվել դատական պրոցեսներով։ Ինչպես հասարակական շատ ոլորտներում, այստեղ եւս վեճերն անձնային բնույթ ունեն եւ զուտ խմբակային շահեր են հետապնդում։ Ընդ որում, երկու կողմն էլ օգտվում է նույն փաստարկից եւ մեկը մյուսին փորձում են մեղադրել տվյալ փաստարկը շահարկելով, հասարակության աչքին գաղափարական պայքար մղողի տպավորություն ստեղծելու պատրանքով։ Կոմկուսի տիրապետությունից անկախանալուց ի վեր որոշ գրողների կամ գրավարժություններ անողների թվում է, թե գրականության խնդիրը, ինչպես իրենք են ասում՝ սեռամոլական գրականություն ստեղծելն ու այն պաշտպանելն է։ Ցավոք, երբ մարդ իրեն դուրս է դնում գրականությունից եւ սկսում է խմբային շահ պաշտպանել կեղծ հենքի վրա, հաճախ ինքն իրեն է հարվածի տակ դնում։ Սա, առնվազն, տարօրինակ է լսել մի բանաստեղծից, որի գրիչը, գրականությանը հավատարիմ նրա կեցվածքն ու գրական ճաշակը կասկած չեն հարուցում։ Հովհաննես Գրիգորյանն այն քիչ բանաստեղծներից է, որ խորհրդային տարիներից ի վեր անդավաճան է իր պոեզիային, եւ նրա խոսքը ոչ թե պատահական, այլ լուրջ կարող է հնչել եւ վահանի դեր կատարել նրա համար, ով գրական դաշտում փորձում է պարզապես բժշկության մի ասպարեզի խնդիր դնել։ Խոսքը հենց այն սեռամոլական գրականության մասին է, որ բանաստեղծն օրերս հեռուստատեսային մի բանավեճում որակեց «էդիպյան բարդույթ»։ Չգիտեմ, հոգեբանության մեջ ինչ դերակատարություն ունի «էդիպյան բարդույթը» եւ ինչու է այն կապվում սեռամոլության հետ, երբ գրականության մեջ Էդիպի առասպելը ճակատագրի եւ ճակատագրի անխուսափելիության ու ողբերգականության խնդիրն է դնում։ Էդիպը կյանքում երկու անգամ բախվում է հայրասպանության բանդագուշանքի հետ, եւ երկու անգամ էլ, կարծես, նրան հնարավորություն է տրվում խուսափել դրանից, սակայն, խուսափելով իսկ, նա անտեղյակությամբ սպանում է հորը, տիրանալով թե՛ նրա գահին, թե՛ թագուհուն, որ միաժամանակ հարազատ մայրն էր։ Առասպելում մորը տիրանալու ոչ մի ցանկություն կամ բնազդ չկա. նա չի տեսել ու չի ճանաչում մորը. սա ճակատագրի այն ողբերգական խաղն է, որին ի զորու չէ շրջանցել կամ դիմագրավել հերոսը, եւ իսկությունն իմանալով, Էդիպը կուրացնում է ինքն իրեն։ Այսինքն՝ Էդիպն, այնուամենայնիվ, հաշտ չէ ճակատագրի նման ընթացքի հետ, եւ մեղքի գիտակցումը նրան մղում է ինքնադատաստանի։ Կանխագուշակության եւ ճակատագրի նույն թեմային կարող ենք հանդիպել եւ հետագայում ստեղծված էպոսներում, որոնց թվում՝ մեզ քաջ հայտնի «Ռոստամ եւ Սոհրաբը», երբ բանդագուշանքով Ռոստամը անտեղյակությամբ սպանում է որդուն, ինչպես եւ մեզ շատ հարազատ «Սասնա ծռերում», երբ Դավթի գործած մեղքի հետեւանքով նրան սպանում է ապօրինի դուստրը։
Ցավոք, ժամանակակից կոչվող այսօրվա մեր գրականության մեջ, եթե կարելի է այն այդպես կոչել, սեռական խնդիրը նույնիսկ զուտ սեռական էլ չէ, այլ խանգարված մտքի զառանցանք, ուր գործ չունեն ճակատագիրը, մեղքը կամ բարոյականությունը, առավել եւս՝ գեղարվեստը։ Եվ սույն դեպքում, որքան էլ գրականագետ Աբգար Ափինյանը նման գրականությունը փորձի փրկել հանգ ու վանկով, ոչինչ չի օգնի ո՛չ նրան, ո՛չ այն խմբին, որի շահերը փորձում է այդքան անվարժ ներկայացնել նա։ Տվյալ դեպքում պետք է խոսել իսկապես բարդույթավորված Գրողների միությունից, որը ճակատագրորեն դատապարտված է չկայանալ այն պարագայում, երբ կարող էր իսկապես դրական դեր կատարել գրականության ներկայացման գործում։
Համաձայնելով այն մտքին, որ գրողների միությունը գրող չի ստեղծում, համաձայնելով եւ այն մտքին, որ Գրողների միությունը կարող է արհմիութենական դեր կատարել գրողների կյանքում՝ նրանց համար քիչ թե շատ բարեկեցիկ կենցաղ ու հանգիստ ապահովելով եւ հրատարակելով նրանց գրքերը, ինչպես խորհրդային շրջանում (երբ գրողները միությունից ապահովվում էին նաեւ բնակարանով), պետք է նշել նաեւ, որ նրա առաջին եւ արմատական խնդիրը գրական մթնոլորտ ապահովելն է, հանդուրժողականություն դրսեւորելը եւ բարձր գաղափարներ արծարծելը։ Անհատ գրողն, իհարկե, կարող է գլուխը կախել եւ միությունից ու նրա պատերից հեռու ստեղծել իր բարձր գրականությունը, չխառնվելով որեւէ վիճաբանության, ինչպես որ, համոզված եմ, անում են որոշ գրողներ, սակայն գրական պրոցես եւ գրականություն այդպես էլ չի կայանա մեր իրականությունում, քանի որ հասարակության եւ գրողի միջեւ այնքան խոր անջրպետ է գոյացել, որ գրողն ապրում է իր հոգսով, հասարակությունն՝ իր, եւ մեկը մյուսից մնում է չհասկացված ու խռով։