Երեւանի կենտրոնում տրանսպորտային ծանրաբեռնված իրավիճակը թեթեւացնելու համար նախատեսվում է մի շարք ստորգետնյա ավտոկայանատեղեր կառուցել:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից հրապարակի ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, որոնք իրականացվում են իտալական «Ռենկո» կազմակերպության միջոցներով: Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը երեկ հայտարարել է, որ ավտոկայանատեղին դառնալու է քաղաքապետարանի սեփականությունը: Աշխատանքները սկսելը ձգձգվել է` կապված հրապարակում տեղակայված հուշարձանների հետ: Անկախ ավտոկայանատեղերի կառուցումից` այս տարի ամռանը նշված հուշարձանների պատվանդանների ուսումնասիրություններ են կատարվել եւ արձանագրվել է, որ դրանք ենթակա են կապիտալ վերանորոգման: Իրականացվել են հուշարձանների չափագրման աշխատանքներ: Պատվանդանի բոլոր քարերը համարակալվել են, տեխնիկական վիճակն ուսումնասիրվել է, ապա տրվել թույլտվություն ապամոնտաժման համար: Ըստ Ֆ. Բասենցյանի` քարերն ապամոնտաժվել են նման աշխատանքների համար սահմանված բոլոր կարգերին համապատասխան եւ տեղափոխվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երքաղլույս» ընկերության արտադրական բազայի տարածք: Այնտեղ փաթեթավորվել, առանձնացվել են պատվանդանի քարերը եւ հուշարձանը: Ֆ. Բասենցյանի տեղեկացմամբ, այդ քարերի մեծամասնությունը ենթակա չի լինի վերատեղադրման. նման եզրակացության են հանգել մասնագետները բոլոր քարերը մանրամասն ուսումնասիրելուց հետո: Չնայած դրան` որոշվել է նույնիսկ կոտրված քարերը համարակալել եւ պահպանել: Ավտոկայանատեղիի նախագծի հեղինակ, ճարտարագետ Ռուբեն Հասրաթյանն էլ նշել է, որ աշխատանքները հիմնականում կավարտվեն 1 տարի 4 ամիս հետո: Այդ ժամանակահատվածում պետք է արդեն վերականգնված լինի հրապարակը, հուշարձանները` տեղադրված: Ավտոկայանատեղիում աշխատանքները կշարունակվեն եւս 2 ամիս: Այն կլինի վճարովի` նախատեսված 500 ավտոմեքենայի համար, կունենա բոլոր հարմարությունները, կիրականացվի հզոր օդափոխություն: Մ. Մաշտոցի, Սայաթ-Նովայի եւ Հ. Թումանյանի փողոցներում տեղադրվելու են էլեկտրոնային վահանակներ, որոնք ցույց են տալու, թե որ հարթության վրա մեքենաների համար ինչքան ազատ տեղեր կան: Կայանատեղիի հետ կապված բոլոր նախագծերն անցել են մի քանի մասնագիտական փորձաքննություն. կայանատեղին սեյսմակայուն է` նախատեսված 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Մուտքը կլինի Թումանյան փողոցի հատվածից, իսկ գլխավոր հատակագծով նախատեսված է, որ այն պետք է դառնա միակողմանի երթեւեկության փողոց` Տերյանից մինչեւ Մաշտոցի պողոտա:
Ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքները շարունակվելու են Շահումյանի, Սախարովի, Էրեբունի հյուրանոցին հարակից, Ազնավուրի, հետագայում` Ֆրանսիայի, Հանրապետական մարզադաշտի հարակից հրապարակների ստորգետնյա հատվածներում: