Քըրք Քըրքորյան, Ջերարդ Գաֆեսճյան, Շառլ Ազնավուր. սրանք ազգությամբ հայ
հռչակավոր այն անձինք են, ում միջոցով ԱՄՆ-ը, Եվրոպան Հայաստանում հաճախ
փորձում են լուծել իրենց քաղաքական խնդիրները: Այս անձինք մեծ հարգանք են
վայելում այն երկրում, որտեղ ապրում եւ գործում են, ինչպես նաեւ՝
Հայրենիքում ու աշխարհի շատ երկրներում, ֆինանսական մեծ կարողություններ
եւ ազդեցության լծակներ ունեն՝ շնորհիվ այդ երկրների կառավարությունների
հետ սերտ համագործակցության: Եվ շատ հաճախ հենց այդ երկրների
կառավարությունների հետ համաձայնեցված էլ նրանք հսկայական
բարեգործություններ են անում Հայաստանում:
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի այցը Հայաստան, պարզվում է,
բավականին հիմնավոր պատճառ է ունեցել, եւ թեմային իրազեկ պաշտոնյաներին
հանձնարարվել է ընդհանրապես որեւէ տեղ ոչ միայն չբացահայտել այցի
մանրամասները, այլեւ` ընդհանրապես այդ թեման չարծարծել: Թերեւս դա է
պատճառը, որ հայտնի մեծահարուստի այցի մասին խոսակցություններ եղան միայն
ժամանման օրը, եւ հայտարարվեց, թե Քըրք Քըրքորյանն այնքան է կարոտել իր
Հայրենիքը, որ այլեւս չի դիմացել ու եկել է կարոտն առնելու:
Իսկ իրականում այցի նպատակն, ըստ մեր աղբյուրների, եղել է քաղաքական, եւ
Քըրքորյանը եկել էր անձամբ հանդիպելու Հայաստանի իշխանություններին,
մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին: Հանդիպելով Ռոբերտ Քոչարյանին, Քըրք
Քըրքորյանն ասել է, որ ինքն այլեւս ոչ մի լումա չի տրամադրելու
Հայաստանին, քանի որ իր տրամադրած փողերը լիարժեք չեն օգտագործվել, ինչի
առնչությամբ դժգոհ է ոչ միայն ինքը, այլեւ ԱՄՆ կառավարությունը: Բանն այն
է, որ ամերիկահայ մեծահարուստը, որն իր բիզնեսը, այսինքն` հարստությունը,
կուտակում է Ամերիկայում, մինչ օրս Հայաստանում բարեգործական ծրագրեր է
իրականացնում բացառապես ԱՄՆ իշխանությունների թույլտվությամբ, որոնք նրան,
կարելի է ասել, հանձնարարում են այս կամ այն ծրագրի համար գումար ներդնել
իր հայրենիքում: Դրանով ԱՄՆ-ը փորձում է նաեւ իրականացնել իր
քաղաքականությունը, եւ եթե որեւէ բան այդ երկրում հակասի իր կողմից
իրականացվող քաղաքականությանը, կարող է ցանկացած պահի կասեցնել
ֆինանսավորման ցանկացած գործընթաց: Իսկ այն, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ը
այլեւս կոշտ դիրքորոշում է որդեգրել` ակնհայտ է, ինչն ԱՄՆ-ը անում է
բացահայտ, առանց թաքցնելու: Հիշենք թեկուզ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի
զեկույցը, որտեղ Հայաստանի ընտրությունները համարվում էին ոչ
ժողովրդավարական: Քըրք Քըրքորյանի այցը Հայաստան հենց այդ նպատակով է
եղել, եւ նա անձամբ է տեղեկացրել Հայաստանի իշխանություններին, թե ԱՄՆ-ը
ինչպիսի դիրքորոշում ունի մեր երկրի նկատմամբ, եւ որ նրանք այլեւս արգելել
են իրեն Հայաստանում որեւէ բարեգործական ծրագիր իրականացնել: Ավելին, մեր
աղբյուրների պնդմամբ, Քըրք Քըրքորյանը Ռոբերտ Քոչարյանին վստահեցրել է, որ
ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանում ժողովրդավարություն հաստատել, եւ դրան
հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել իշխանափոխություն: Քըրք
Քըրքորյանը Ռոբերտ Քոչարյանին նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում
վերանայել Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ իր
դիրքորոշումը:
Նույն նպատակն է հետապնդում նաեւ այս օրերին Հայաստանում գտնվող մեկ այլ
ամերիկահայ մեծահարուստի՝ Ջերարդ Գաֆեսճյանի այցը: Մեր թերթի նախորդ
համարներից մեկում մենք անդրադարձել էինք «Արմենիա» հեռուստաընկերության
հիմնադիր Ջ. Գաֆեսճյանի եւ հեռուստաընկերության նախագահ Բագրատ Սարգսյանի
հեռախոսազրույցին, երբ Գաֆեսճյանը իր խիստ դժգոհությունն էր արտահայտել,
որ իր կողմից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը հավասարապես չի
լուսաբանում նաեւ ընդդիմությանն առնչվող թեմաներն ու չի ապահովում
ժողովրդավարություն: Գաֆեսճյանին զայրացրել էր նաեւ այն հանգամանքը, որ իր
ներդրած ահռելի չափերի հասնող գումարները հեռուստաընկերության նախագահ
Բագրատ Սարգսյանը վատնում է իշխանություններին հաճոյանալու ու նրանց
գովաբանող ապատեղեկատվություն տարածելու համար, իսկ իրեն ԱՄՆ
կառավարության մոտ անհարմար վիճակի մեջ է գցում: Այն դեպքում, երբ ինքն է
հազարավոր դոլարներ ներդնում հեռուստաընկերության կայացման համար: Ջերարդ
Գաֆեսճյանն այս անգամ Հայաստան է ժամանել ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմընի հետ,
եւ հանդիպումներ է ունենում Հայաստանի իշխանության տարբեր թեւերի
ղեկավարների հետ: Նրանք երեկ հանդիպել են ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին,
Վարդան Օսկանյանին, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին: «Արմենիա»
հեռուստաընկերության լրատվական ծրագրով հայտարարվեց, որ Ջերարդ Գաֆեսճյանը
եւ սենատոր Նորմ Քոլմընը եռօրյա այցով Երեւան են ժամանել Գաֆեսճյան
թանգարանի շնորհանդեսին մասնակցելու համար: Իրականում, դժվար է այս այցը
մշակութային համարել՝ հաշվի առնելով Գաֆեսճյանի եւ սենատորի քաղաքական
հանդիպումները: Հունիսի 1-ին հյուրերը հանդիպել են ՀՀ նախագահին առընթեր
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ
Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-ամերիկյան,
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, «Հազարամյակների մարտահրավերներ»
ծրագրին ու Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին, ՀՀ սահմանների
ապաշրջափակմանը եւ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանը:
Իսկ երեքշաբթի օրը, Ջերարդ Գաֆեսճյանն` առանց սենատորի, արդեն հանդիպել էր
Ռոբերտ Քոչարյանին ու տեղեկացրել, որ ինքն այլեւս թույլ չի տալու, որ իր
հեռուստաընկերությունը միակողմանի տեղեկատվություն տարածի, քանի որ դա
հակասում է ժողովրդավարության կանոններին: Մեր աղբյուրների պնդմամբ,
Գաֆեսճյանը Ռոբերտ Քոչարյանին ասել է այն, ինչ Քըրք Քըրքորյանը, եւ
հայտարարել է, որ Հայաստանում պետք է հաստատվի ժողովրդավարություն, ինչին
այսուհետ պետք է նպաստի նաեւ իր հիմնադրած հեռուստաընկերությունը:
Արդեն մի քանի օր է «Արմենիա» հեռուստաընկերությունում Ջ.
Գաֆեսճյան-Բագրատ Սարգսյան լուրջ բանավեճեր են տեղի ունենում նույն խնդրի
շուրջ: Ջ. Գաֆեսճյանը Բ. Սարգսյանից դժգոհ է ոչ միայն իր գումարներն
ապատեղեկատվություն տարածելու համար վատնելու մեջ, այլեւ, որ նա այս
ընթացքում իրենից գումարներ վերցնելով` սերտաճել է ոչ լեգիտիմ
իշխանությունների հետ: Արդեն լուրեր կան, որ Գաֆեսճյանը ցանկանում է փոխել
հեռուստաընկերության նախագահ Բագրատ Սարգսյանին, պարզապես չի կարողանում
գտնել այն ձեւը, որը թույլ կտա հնարավորինս քիչ աղմուկ բարձրացնել: Վերջին
տվյալներով, Ջ. Գաֆեսճյանը որոշել է փոխել «Արմենիա» հեռուստաընկերության
լրատվական բաժնի ղեկավարին՝ կուրատոր նշանակելով ամերիկյան կողմի
ներկայացուցչի, որը չի ենթարկվի Բ. Սարգսյանին: Իսկ Բ. Սարգսյանը
կշարունակի զբաղվել շոու հաղորդումներով: