Էլի հետաձգեցին

21/10/2008

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն իր նիստում քննարկել է «Երեւան քաղաքի մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել էր դեռեւս ձմռանը եւ մինչ օրս չի ներկայացվել քննարկման` երկրորդ ընթերցման համար: Երեկ ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ԱԺ նշյալ հանձնաժողովին առաջարկել է 15 օրով հետաձգել օրինագծի քննարկումը: Ի դեպ, օրինագիծն ԱԺ այս քառօրյային` հոկտեմբերի 20-ին պետք է քննարկվեր լիագումար նիստում: Սա արդեն օրինագծի երկրորդ ընթերցման երկրորդ հետաձգումն է: Առաջին անգամ քննարկումը հետաձգվել է 30 օրով: Եվ եթե երրորդ անգամ էլ չհետաձգվի, ապա Երեւան քաղաքի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա նոյեմբերին, ու չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ օրենքն ընդունվի: Ըստ մեր տեղեկությունների` մինչեւ 2009թ. մայիս-հունիս ամիսները պետք է տեղի ունենան Երեւանի քաղաքապետի ընտրությունները: «Շատ հնարավոր է,- երեկ մեր թղթակցին ասել է Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանը: – Այս նախագծով կարծեմ օրենքի ընդունումից հետո 2 տարվա ընթացքում պետք է լինեն ընտրությունները: Բայց դա չի նշանակում, որ ժամկետի վերջում են լինելու: Չի բացառվում, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները լինեն 2009թ.»: