ՀԱԿ-ը ժամանակավորապես դադարեցնում է հանրահավաքները

21/10/2008

Երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, որը, ինչպես եւ հայտարարվում էր, սենսացիոն է եղել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է «զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցման» իր որոշման մասին: «Ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած շրջադարձից հետո, Շարժման ակտիվությունն, ինքնաբերաբար, թուլացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը ու դրանով մեծացնում նրա վրա արտաքին ճնշումներ բանեցնելու եւ նրանից զիջումներ կորզելու հնարավորությունը։ Այսինքն՝ վտանգ է առաջանում, որ ընդդիմությունն, իր կամքից անկախ, կարող է գործիք դառնալ արտաքին ուժերի ձեռքին։ Այդ ուժերը, հետեւաբար, կրկնակի անբարոյականություն են գործում. մի կողմից՝ հանդուրժում եւ, կարծես թե, նույնիսկ խրախուսում են ընդդիմության նկատմամբ ՀՀ իշխանությունների սանձազերծած հրեշավոր հալածանքները, մյուս կողմից՝ նույն ընդդիմության գոյությունը փորձում ծառայեցնել իրենց հետին նպատակներին,- իր որոշումն այսպես է հիմնավորել Լ. Տեր-Պետրոսյանը` ընդգծելով,- Խոստովանում եմ, սա չափազանց պատասխանատու եւ, առաջին հայացքից, բավականին դժվարամարսելի որոշում է, որն արժանանալու է ոչ միանշանակ գնահատականի։ Ուստի առավել եւս հասկանալի պիտի լինի, թե որքան լուրջ ու հիմնավոր պետք է լինեին այն պատճառները, որոնք պայմանավորել են այդպիսի որոշում կայացնելու անհրաժեշտությունը»։ Վերլուծելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, մասնավորապես` մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, նա հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ԼՂ հակամարտության հանգուցալուծումն ընդամենը երկու-երեք ամիսների հարց է: Հենց այդքան էլ, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, կտեւի համաժողովրդական շարժման զանգվածային միջոցառումների ժամանակավոր դադարը: