BBC-ն սխա՞լ է

21/10/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ես երջանիկ եմ ձեզ տեղեկացնել, որ մենք չենք ասել՝ «մածունը սեւ» է, այլ պարզապես ասել ենք՝ եկեք սկսենք մածունի գույնի սեւ լինելու փաստից, որն ի վերջո պետք է ընդունի նաեւ մածուն մերողը, որպեսզի մածնաբրդոշ սարքելու գործընթացը հաջողությամբ ավարտվի։

Մոտավորապես այսպիսի պատասխան տվեց երեկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, երբ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել իր գործընկեր Մեթյու Բրայզայի հայտարարությունները։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Բրայզան հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում պետք է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, եւ որ Հայաստանն, ի վերջո, պետք է ճանաչի դա։ Ամերիկացի դիվանագետի պատասխանն այն աստիճան էր վրդովեցրել մերոնց, որ պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Հայաստանը վտանգավոր է համարում այնպիսի հայտարարությունները, որոնք վերաբերում են միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ անտեսելով ընդունված այլ սկզբունքները։

Իսկ Դենիել Ֆրիդն այս առնչությամբ երեկ ասաց. «Ես երջանիկ եմ ձեզ տեղեկացնել, որ որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունները իմ ընկեր եւ գործընկեր Մեթյու Բրայզայի ասածների վերաբերյալ այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Մենք միշտ կարծել ենք եւ այժմ էլ կարծում ենք, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կարեւոր սկզբունք է, նաեւ ասել ենք, որ սկսել ենք այդ սկզբունքից։ Բայց մենք երբեք չենք ասել, որ դա միակ սկզբունքն է, եւ այդպես էլ չի։ Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի նորմերից մեկն է, կան նաեւ այլ նորմեր, եւ դրանցից մեկն էլ՝ ինքնորոշման իրավունքի։ Մենք բոլորս գիտենք, թե այստեղ ինչի մասին ենք խոսում։ Այս երկու սկզբունքները համադրելը շատ դժվարին գործ է։ Մինսկի խումբը որոշ ժամանակ աշխատել է այս խնդրի շուրջ, եւ այս հարցում իրական առաջընթաց կա։ Մենք կաշխատենք Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հետ»։

Անկեղծ ասած, նման մեկնաբանությունից հետո արդեն զարմանալի չէր, որ Դենիել Ֆրիդը Վարդան Օսկանյանին համարում է իր հին ընկերը, եւ ինչպես ինքն ասաց՝ երեկ արդեն հասցրել էր նրան հանդիպելգ մինչեւ ասուլիսը։

Իսկ մենք ձեզ ենք ներկայացնում մի հատված BBC-ի եւ Մեթյու Բրայզայի հարցազրույցից։ Նշենք, որ հարցազրույցը վերցրել է BBC-ի ռուսական ծառայության թղթակից, մեր հայրենակից Մարկ Գրիգորյանը։ Հարցազրույցը BBC-ի կայքում ներկայացված է ռուսերեն։ Իսկ ովքեր ցանկանում են ինքնուրույն համոզվել թարգմանության ճշմարտացիության մեջ, կարող են այցելել http://news.bbc.co.uk/hi/russian/international/newsid_7661000/7661150.stm։

Մեջբերում ենք. «Մեթյու Բրայզա – Մենք կարծում ենք, որ հարկավոր է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ հետո ներգրավել այլ լրացուցիչ սկզբունքներ, որպեսզի բանակցությունները հանգեն փոխզիջման, շրջանակային համաձայնագրի։

BBC – Ի՞նչ է նշանակում՝ սկսել տարածքային ամբողջականության սկզբունքից։

Մեթյու Բրայզա – Դա նշանակում է, որ մենք պետք է ասենք՝ լավ, իրավական տեսանկյունից, օրենքով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Բայց, ի վերջո, բանակցությունները համաձայնությամբ ավարտելու համար Հայաստանը նույնպես պետք է համաձայնի դրա հետ։ Եվ մենք գիտենք, որ Հայաստանը ուրիշ դիրքորոշում ունի, եւ մենք պետք է օգտագործենք շատ ստեղծագործական կառուցողական մոտեցումներ, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր լեզու գտնեն։ Դա հնարավոր է, որովհետեւ այդ մոտեցումները ինչ-որ չափով համընկնում են։

BBC – Եվ այդ մասին երկու երկրների նախագահներն էլ գիտե՞ն։

Մեթյու Բրայզա – Այո, գիտեն։ Մյուս կողմից նրանք պաշտպանում են իրենց երկրների դիրքորոշումները՝ չնայած Վրաստանի իրավիճակին։ Ես տեսնում եմ, որ նախագահներից յուրաքանչյուրը մտահոգված է, թե որքանո՞վ կարող է վստահել մյուսին։ Սակայն ես տեսնում եմ, որ քայլ առ քայլ (ոչ մինչեւ վերջ, իհարկե) փոխադարձ վստահությունն աճում է։ Եվ դա լավ է»։

Հիմա, թերեւս, կհամաձայնեք, որ «միակ սկզբունք», «գլխավոր», «կարեւոր» կամ «կարեւորներից մեկ» եւ այլ տիպի բառախաղերն իմաստ չունեն։ Ի դեպ, մի հանգամանք էլ կա, որի մասին գրեթե չխոսվեց. Մեթյու Բրայզան ասել էր, որ երկու երկրների նախագահներն էլ դա գիտեն։ Այսինքն, արդարանալու կարիք ունեն ոչ միայն Բրայզան, Չեյնին կամ Ֆրիդը։ Պարզապեսգ Վարդան Օսկանյանն այլեւս ԱԳ նախարար չէ։