Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման շեմին

21/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ երեկոյան Մատենադարանի հարթակում կայացավ Համաժողովրդական շարժման հանրահավաքը, որն այս անգամ արտոնված էր: Երեկվա հանրահավաքը նախորդների համեմատ բազմամարդ էր: Մատենադարանի հարթակից մինչեւ Կորյունի փողոցի խաչմերուկն ընկած ողջ տարածքը լի էր հանրահավաքի մասնակիցներով: Դրան հակառակ՝ զարմանալիորեն քիչ էին հանրահավաքը հսկող ոստիկանները, ովքեր այս անգամ նույնիսկ չխոչընդոտեցին չարտոնված երթը: Երեկվա հանրահավաքին, սակայն, նախորդների պես բազմաթիվ ելույթներ չհնչեցին: Խոսեցին ընդդիմության երեք առաջնորդները` Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը վարում էր ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը:

Նախորդ` սեպտեմբերի 28-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը խոստացել էր որոշ բացահայտումներ անել եւ ներկայացնել հետագա պայքարի որոշ քայլերը: Իր ծավալուն ելույթում Տեր-Պետրոսյանը հիմնականում խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից եւ ներկայացրեց բանակցությունների մոտավոր ծրագիրը, որը բաղկացած է մի քանի կետերից (Լ. Տեր-Պետրոսյանի ամբողջ ելույթը կարդացեք էջ 8-9): Նա իր ելույթում ասաց, թե քանի որ ներկա իշխանությունը լեգիտիմություն չունի, միջազգային կառույցների համար ավելի հեշտ կլինի նրանց պարտադրել ԼՂՀ հարցի կարգավորման իրենց սցենարը: Իսկ ընդդիմության ակտիվությունն ու ճնշումներն այդ դեպքում ավելի են թուլացնելու նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը: Այս բոլոր գործոնները նկատի ունենալով` Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Շարժումը մոտ 2 ամիս դադարեցնում է իր զանգվածային միջոցառումները` քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը: Նաեւ ավելացրեց, որ Շարժումը չի հրաժարվում հետագա քաղաքական պայքարից եւ իր առաջ քաշած պահանջներից։ Քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման, երկրում իրական ժողովրդավարության ու օրինականության հաստատման, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման պահանջները մնում են նույնը: Պարզապես այս ամիսներին Շարժումն իր գործունեությունը կենտրոնացնելու է գլխավորապես կազմակերպչական աշխատանքների եւ Հայ Ազգային Կոնգրեսի կառույցների ձեւավորման վրա, մինչեւ որ պարզություն կմտնի ԼՂՀ հարցի կարգավորման բանակցություններում: Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ խնդրեց իր ելույթից շտապ եզրակացություններ չանել, այլ վերջնական կարծիք կազմել իր խոսքն ուշադիր ընթերցելուց հետո։

Արամ Սարգսյանն իր ելույթում հիշեց Վազգեն Սարգսյանի խոսքը, թե Հայաստանը որբ երեխայի գլուխ չէ, որ ով ոնց ուզի՝ խուզի: «Ցավով եմ ուզում խոստովանել, որ դա այդպես է ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքում: Դատավորները կոռումպացված են ծայրից ծայր, օլիգարխիկ ռեսուրսները, սափրագլուխ հանցագործներն օրը ցերեկով, անօրինական դատերով, մարդասպանություններով անում են` ինչ ուզում են: Ժողովուրդը մնացել է առանց իշխանության ու անպաշտպան: Նույն բանն է նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Բանը հասել է նրան, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ուղիղ հայտարարում են, որ Ղարաբաղի հիմնահարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջական սկզբունքով, եւ ՀՀ իշխանություններն այս հայտարարություններից հետո որեւէ բառ անգամ չեն ասում: Այդ դեպքում ինչի՞ մասին եք բանակցելու, ո՞րն է բանակցությունների իմաստը»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:

«Մենք պարտավոր ենք պայքարելու, որովհետեւ կրիմինալը կերել է Հայաստանը: Վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ դա ապացուցվեց բազմակի ձեւով: Մենք պարտավոր ենք ազատել մեր երկիրն այս հանցագործությունից: Մենք այլ ճանապարհ չունենք»,- հայտարարեց Ա. Մանուկյանը: Ս. Դեմիրճյանն իր խոսքում հիմնականում անդրադարձավ մարտի 1-ի իրադարձություններին ու դրանց դատավարությանը: «Փորձ է արվում կոծկել գործը, պատասխանատվության չենթարկել իրական մեղավորներին: Այդ նպատակով, ինչպես գիտեք, հրապարակվում է ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները, որը ցույց է տալիս, որը որեւէ հեղաշրջում չի եղել: Եթե այդ հետեւողականությամբ ազգային անվտանգությունը աշխատեր նաեւ նախկինում, հնարավոր կլիներ կանխել «Հոկտեմբերի 27-ը»,- հայտարարեց ՀԺԿ ղեկավարը: Հանրահավաքի վերջում տեղի ունեցավ երթ, որն ավարտվեց Հյուսիսային պողոտայում: