Բանուչյանի գործը կարճել են

21/10/2008

Նախօրեին կարճվել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դեմ հարուցված քրեական գործը: «Գործը կարճել են հանցակազմի բացակայության պատճառով, այսինքն` եկել են եզրակացության, որ այն հանցագործությունների կատարման մեջ, որում մեղադրում էին Արշակ Բանուչյանին, նա ընդհանրապես որեւէ առնչություն չունի, քանի որ չի կատարել»,- «Ա1+»-ին ասել է Ա. Բանուչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ Արշակ Բանուչյանին մեղադրանք էր առաջադրվել Քրօր. 225 պրիմ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ` հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ Քրօր. 154 պրիմ հոդվածի 1-ին մասով` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար: Նա ձերբակալվել էր մարտի 27-ին` հետընտրական իրադարձությունների հետ կապված` Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում: Իսկ 123 օր անազատության մեջ անցկացրած Ա. Բանուչյանն «Ա1+»-ին ասել է, որ այժմ խորհրդակցում է իր փաստաբանների հետ՝ Եվրոդատարան դիմելու համար: «Ես արդարացման վճիռ չեմ ստացել, այլ գործը կարճելու: Իմ ձերբակալությունը սկզբից եւեթ, ինչպես նաեւ շատ-շատերինը, եղել է անօրինական»,- նշել է նա: