Սյունիքի մարզի Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ԸԸՀ-ն անվավեր է ճանաչել Տեղում եւ Խոզնավարում հոկտեմբերի 12-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունները: Տեղ գյուղում թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը եղել է՝ 3, իսկ անճշտությունների թիվը` 4, ինչն էլ հիմք է հանդիսացել ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Իսկ Խոզնավար համայնքի դեպքում քվեաթերթիկների մեծամասնության վրա եղել են նշումներ գրիչով:
Նոյեմբերի 2-ին նշված երկու համայնքներում կանցկացվի առաջադրված նույն թեկնածուների վերաքվեարկություն: Թիվ 37 ԸԸՀ-ն 2 օր շարունակ վերահաշվել է նաեւ Սիսիանի համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկները, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Սիսիանում առավել շատ ձայներ հավաքած համայնքի ղեկավարի երկու թեկնածուների` Աղասի Հակոբջանյանի (ԲՀԿ, 2002 կողմ) եւ Տիգրան Պողոսյանի (ՀՅԴ, 1941 կողմ) միջեւ ձայների տարբերությունը եղել է 61, իսկ ընտրությունների անճշտությունների չափը` 188:
Աղասի Հակոբջանյանի դիմումի համաձայն` ԸԸՀ-ի կողմից քվեաթերթիկների վերահաշվումից հետո անճշտությունների թիվը դարձել է 57, ինչի հիման վրա հանձնաժողովը Սիսիանի քաղաքապետի ընտրությունները ճանաչել է վավեր: Այսպիսով` նախնական տվյալներով Սիսիանի քաղաքապետ է ընտրվել Աղասի Հակոբջանյանը: