«Մենք ոչ մեկի պատվերն էլ չենք կատարում»,- ասում է ՀԱԱԿ նախկին նախագահ Էդվարդ Անտինյանը

21/10/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– ՀԱԱԿ-ը, որի նախագահն էիք դարձել վերջերս, միացավ ՀՌԱԿ-ին, հիմա ձեզ շնորհավորե՞նք, թե՞ ցավակցենք, որ այլեւս կուսակցության նախագահ չեք:

– Իհարկե, շնորհավորեք: Չէ՞ որ գաղափարական ու արժեհամակարգային հենքի վրա կուսակցությունների միավորումն ինձ համար ոչ թե վերջին շրջանի իրավիճակային նախաձեռնություն էր, այլ այդ մասին ես խոսել եմ շուրջ 4 տարի եւ նշել, որ ներկա չկայացած քաղաքական դաշտի կայացման առաջին շոշափելի քայլը հենց գաղափարական հոսանքների մեջ ընդգրկված կուսակցությունների միավորվելն է ու դրանով իսկ՝ խոշոր կուսակցությունների ստեղծումը: Այն ժամանակ ինձ ասում էին, թե ես կուսակցության նախագահ չեմ, դրա համար եմ այդպես հեշտությամբ խոսում միավորվելու մասին ու զարմանում կուսակցությունների լիդերների ամբիցիաների վրա, իսկ եթե ես լինեի կուսակցության նախագահ, ես էլ նրանց նման կվարվեի: Ինձ համար թե՛ այն ժամանակ եւ թե՛ հիմա դա անընդունելի է, քանի որ կուսակցության ղեկավարի անձնական ամբիցիան եթե ավելի բարձր է դասվում, քան մեր ազգի ու պետության շահերը, ապա այդ կարգի մարդիկ իրավունք չունեն անգամ քաղաքականությանը մոտենալ, էլ չեմ խոսում մարդկանց ճակատագրեր տնօրինելու մասին: Առիթ ունեցել եմ ասելու, որ նա, ով իրեն ոչ մի կերպ չի պատկերացնում, որ կարող է լինել երկրորդը կամ երրորդը, ուրեմն արժանի չէ լինել առաջինը: Եվ դառնալով կուսակցության նախագահ՝ հենց առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եմ եղել գաղափարական հենքի վրա կուսակցությունների միավորման գործընթացին, եւ քանի որ այս ընթացքում արդեն երկու կուսակցություններ միացել էին ՀՌԱԿ-ին, նշանակում է, կար փորձ, բարի կամք եւ գաղափարական ընդհանրություն, ինչի շնորհիվ էլ մեր ցանկությունն իրականություն դարձավ: ՀԱԱԿ-ը հիմնադրվեց այն պահին, երբ մեր տարածաշրջանում տեղի էին ունենում աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներ, ինչի արդյունքում հեղափոխական ալիքը մտել էր Հարավային Կովկաս: Անհույս ռուսամետ Հայաստանի քաղաքական դաշտում թարմություն մտավ, որոշ արժեքներ վերարժեւորվեցին, հստակ ուղիներ նշվեցին համակարգված ձեւով խոսելու` ՀՀ-ը քաղաքակիրթ աշխարհի լիիրավ ընտանիքի անդամ դառնալու հարցում, մեր ժողովրդի կողմից մի տեսակ թշնամական կամ վախվորած ընկալումների պարագայում ազատորեն խոսվեց Հայաստանի անդամակցության մասին ՆԱՏՕ-ին ու նաեւ ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական ու տնտեսական երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության անհրաժեշտության մասին: Եվ էլի շատ ու շատ հարցեր բարձրացվեցին, որ որակապես նոր խոսք էին մեր քաղաքական դաշտում, այն էլ ոչ թե կարծիքների ձեւով ներկայացված, այլ ծրագրային ձեւով համակարգված: Եվ ՀԱԱԿ-ի դերակատարությունն այս հարցերում դժվար է գերագնահատել: Բայց, ցավոք, եղան նաեւ զգալի բացթողումներ, որոնք էլ պատճառ հանդիսացան, որ կուսակցությունն այդպես էլ չկարողացավ իր ամբիցիոզ ծրագրերը կյանքի կոչել: Հիշում եմ, որ 2004թ. կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ մենք կուսակցություն ենք հիմնադրում ոչ թե նրա համար, որ գնանք ընդդիմադիր երկար «սկամեյկի», էն իշաոտնուկի վրա նստենք, մենք ունենք ամբիցիաներ, ու եթե չհաջողվի դրանք կյանքի կոչել, ապա ես հրաժարական կտամ: Ցավոք, հետագա գործունեությունը ցույց տվեց, որ կուսակցությունն իր լայնամասշտաբ ծրագրերը չկարողացավ կյանքի կոչել, իսկ այդ դեպքում իմաստազրկվում էր կուսակցության հետագա գործունեությունը, եթե այն որեւէ դերակատարություն չի ունենալու մեր քաղաքական կյանքում, իսկ ծրագրերն էլ սոսկ փորձագիտական ու քաղաքագիտական կարծիքների արտահայտման տեսքով են հանրությանը ներկայացվելու:

– ՀՌԱԿ-ին միացած «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը վերջերս հայտարարել էր, թե ինքը հոգեբանորեն պատրաստ չէ անդամակցել ՀՌԱԿ-ին, իսկ դուք պատրա՞ստ եք:

– Ես չգիտեմ, թե վերակազմակերպման ճանապարհով ՀՌԱԿ-ին ո՞ր տարբերակով է միացել «Ազգային վերածնունդը»` միաձուլմա՞ն, միացմա՞ն, թե՞ պարզապես լուծարվել են եւ իրենց կողմնակիցներին կոչ արել անդամագրվել ՀՌԱԿ-ին: Չէ՞ որ տարբեր դեպքերի համար տարբեր ընթացակարգեր են նախատեսված: Այդ իսկ պատճառով չեմ կարող պատասխանել իրենց փոխարեն: Իսկ մեր դեպքի համար կարող եմ ասել, որ մենք համագումարի որոշմամբ միացել ենք ՀՌԱԿ-ին, եւ վերջինս հանդիսանում է նաեւ ՀԱԱԿ-ի իրավահաջորդը, ուստի ՀԱԱԿ-ի բոլոր անդամները, մասնավորապես նաեւ ես, համարվում ենք ՀՌԱԿ անդամներ, եւ նոր դիմում գրելու ու անդամագրվելու կարիքը չկա:

– Իսկ ի՞նչ կասեք շրջանառվող լուրերի մասին, թե` միանալով ՀՌԱԿ-ին, դուք մասնակցում եք իշխանական «երրորդ ուժի» ստեղծմանը:

– Լավ կլինի նման կարծիք հայտնողները գոնե հստակեցնեն, թե ի՞նչ նկատի ունեն իշխանական «երրորդ ուժ» ասելով: Եթե Հայկ Բաբուխանյանի նախաձեռնած Միջկուսակցական խորհրդակցական մարմինը, ապա ես այդ հրավերքն ընդունել եմ միայն քաղաքական կոնսուլտացիաներին մասնակից լինելու նպատակով, ոչ ավելին, եւ ուժ ձեւավորելու հարց դրված չի եղել ի սկզբանե: Իսկ օգոստոսի 26-ին ՀԱԱԿ-ի անունից հայտարարությամբ հանդես եմ եկել, որ մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունը Միջկուսակցական խորհրդակցություններին, եւ այսուհետ կարող ենք մասնակցել միայն հրավիրյալի կարգավիճակով: Ասեմ, որ բավական ժամանակ է, որ հրավիրյալի կարգավիճակով անգամ չեմ մասնակցել, եւ որեւէ տեղեկություն չունեմ նրանց գործունեությունից: Իսկ ՀԱԱԿ-ի ՀՌԱԿ-ին միանալուց հետո արդեն այդ հարցը փակվեց, քանի որ վերջինս այդ միավորման աշխատանքներին չի մասնակցում: Իսկ եթե իշխանական «երրորդ ուժ» ասելով՝ նկատի ունեն ՀՌԱԿ-ի հետ միացած կուսակցությունների գործունեությունը, ապա այստեղ էլ հստակեցումների խնդիր կա: Հետաքրքրականն այն է, որ կարող են նույն թերթում ՀՌԱԿ-ի հզորացումը համարել Սերժ Սարգսյանի պրոյեկտը: Միաժամանակ ասել, որ ՀՌԱԿ-ի թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը` նպատակ ունենալով վերջինիս օգնությամբ իշխանության վերադառնալ: Սրան զուգահեռ վերլուծում են, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունները բարձրացել են ընդհուպ առճակատման մակարդակի: Գուցե այդ դեպքում վերջապես բացատրեն, թե հիմա ո՞ր հարցում են մեզ մեղադրում, ակնհայտ է, որ իրենք իրենց հակասական մեղադրանքներից խճճվել են: Իսկ իրականում մենք ոչ մեկի պատվերն էլ չենք կատարում, այլ ինքներս ենք քաղաքական դաշտի համար պատվեր ձեւակերպում` սեփական ծրագրերը կյանքի կոչելու հետեւողական քայլերի տեսքով, ինչն էլ մեր ընդդիմախոսներին նյարդայնացնում է: Մեզանում արհեստական մենաշնորհները վաղուց ներթափանցել են նաեւ քաղաքական համակարգ, ինչը շատերին մրցակցային պայմաններում աշխատելուն անընդունակ է դարձրել, այդ իսկ պատճառով, փոխանակ իրենց վրա աշխատեն, հզորանան ու աճ արձանագրեն, մտածում են` մրցակիցներին լավ կսեւացնեն` էլի նրանց նկատմամբ առավելություն կունենան: Ժամանակը չէ՞ արդյոք, որ վերջապես հրաժարվեն զուտ բարոյական հաղթանակներ արձանագրող, ձանձրալիության աստիճանի կանխատեսելի ու միապաղաղ այս «պարտարշավից», իսկ սեփական ապաշնորհության հետեւանք հանդիսացող անհաջողություններն էլ այլոց մութ գործարքներով չբացատրեն: