Ի՞նչ է կորցրել կամ ի՞նչ է փնտրում Թուրքիան այս կողմերում

21/10/2008 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Այսպիսով, հետեւում են խորհրդային տարիների մեր բարեկամ, իսկ հետո՝ մեր թշնամի Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Չնայած մեր մաշկի վրա մեկ անգամ չէ, որ զգացել ենք օտար դիտորդների ինչ լինելը, եվրոպական փարիսեցիության զզվելի նրբերանգները, բայց անտեսել ադրբեջանական ընտրությունների` նրանց գնահատականները, չենք կարող: Հարցն այն չէ, թե որքանով են արդար եղել անցած նախագահական ընտրությունները եւ տրված գնահատականները: Ալլահը դրանց հետ: Հարցն այն է, որ այս ամենը զուգադիպում է տարածաշրջանում քաղաքական իրադրության կտրուկ շրջադարձին, ուժերի հարաբերակցության փոփոխությանը, հարավկովկասյան նոր դերակատարի շնորհանդեսին, որը կոչվում է Թուրքիա: Մենք իրավունք չունենք մատների արանքով նայել հարեւանների ընտրություններին նաեւ այն պատճառով, որ ղարաբաղյան հիմնախնդրի հնարավոր հանգուցալուծման խորապատկերին նկատելիորեն դիվերսիֆիկացվում է միջազգային կարծիքը, ինչպես նաեւ մեծ տերությունների վերաբերմունքը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ: Պարզվում է, որ Ադրբեջանում ընտրությունները տասն անգամ ավելի լավ են կազմակերպված՝ քան Հայաստանում: Այնուհետեւ Ալիեւը բնութագրվում է որպես «հետխորհրդային Արեւելքի ամենաբարձր դեմոկրատիայի օրինակ», իրեն «մրցակից եւ հավասարը չունեցող», «ընդօրինակման արժանի» գործիչ: Ավելացվում է, որ շնորհիվ Ալիեւի՝ Ադրբեջանն արդեն հնարավորություն ունի դուրս գալ Կովկասի, ապա՝ Եվրասիայի սահմաններից, հետո հետխորհրդային տարածքներից: Ֆանտաստիկա: Փորձենք չափել այս փայլունից էլ փայլուն դիֆերամբների օբյեկտիվության աստիճանը: Դրա համար հիշենք հետեւյալը: Նախախնամությանը հաճո է եղել, որպեսզի մեր ժողովուրդը ապրի եւ արարի բնական ու քաղաքական լարված գոտում: Իսկ մեր անմիջական դրկիցին պարգեւել է խիստ հարուստ ընդերք, որը մագնիսի նման ձգում է աշխարհի ուժեղներին: Նրանք էլ իրենց եսասիրական նպատակների համար առանց քաշվելու օգտագործում են տարածաշրջանի քաղաքական իրադրությունը եւ այնտեղ բնակվող աբորիգենների հակամարտությունները` «բաժանիր, որ տիրես» հնագույն ու փորձված բանաձեւով: Գործի են դրվում այլ մեխանիզմներ եւս: Տեղական իշխանությունների գլուխ են կարգվում խամաճիկ-նախագահներ եւ խամաճիկ-վարչապետներ, որոնք հլու-հնազանդ կատարում են այդ ուժեղների քաղաքական կամքը, միայն թե նրանց օգնությամբ, բայց սեփական ժողովուրդների կամքին հակառակ կառչած մնան իրենց աթոռներից: Սա է իրադրության օբյեկտիվ պատկերը, որը կարող է լինել Կովկասում, Ասիայում եւ այլ թերզարգացած տարածքներում: Իսկ երբ Արեւմուտքը եւ Ռուսաստանը նման պանիգրիկ են հնչեցնում մեր հարեւանի հասցեին, դա էլ նրա համար է, որ անսահմանափակ հիացմունքի օբյեկտը նստած է նավթի ու գազի հարուստ պաշարների եւ նրանց տրանզիտային ուղիների վրա: Սա` առաջինը: Այդ ամբողջ թատրոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ հրետանային նախապատրաստություն ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման դեպքում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար: Սա էլ երկրորդը: Իսկ հայկական կողմը մեղք ունի՞ դեպքերի նման զարգացման կապակցությամբ: Իհարկե, ունի, այն էլ շատ: Ռազմի դաշտում հաղթանակած, դրա արդյունքները քաղաքական գետնի վրա ամրագրած, երկրի համար դեմոկրատական օազիսի համարում վաստակած հանրապետությունը այսօր կանգնած է ջարդած տաշտակի առաջ: Ես միանգամայն համաձայն եմ հարգված դիվանագետներից մեկի օրերս արած այն հայտարարության հետ, թե Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, այլ ունի արտաքին հարաբերություններ: Այն ամենը, ինչին հասել էր հայկական դիվանագիտությունը, քանդվեց 10 տարվա ընթացքում: Բայց մենք չունենք նաեւ նորմալ ներքին քաղաքականություն: Կեղծիքներով, բռնի ուժով կայացած ընտրություններ, ոչ լիգիտիմ իշխանություններ, քաղաքական բանտարկյալներ, մարտիմեկյան սպանդ, տոտալիտարիզմին սահմանակցող ավտորիտար-ոստիկանական ռեժիմ, կոռուպցիա, բանդիտական մայրաքաղաք: Այս ամենին ավելանում է իշխանական բուրգում նկատվող գզվռտոցը, որի ամենավտանգավոր դրսեւորումը, եթե պտտվող լուրերը ճիշտ են, նախորդ նախագահի վերադարձի նկրտումներն են: Իսկ որ դրանք դատարկ տեղի վրա չեն ծնվել, վկայում է թեկուզ հարգարժան վարչապետի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ նախկին նախագահի անունը պետք է ոսկե տառերով գրվի մեր ժողովրդի պատմության մեջ: (Խեղճ հայ ժողովուրդ): Դա լավ միտք չէ: Թերեւս, լավ է ոչ լեգիտիմ նախագահ, քան ժողովրդի վրա կրակող նախագահ: Հայ ժողովուրդը բարի է, հաշտասեր եւ ներող, բայց ինչպես նշված է «Էթնոհոգեբանական բառարանում» (Մինսկ, 2004թ.) դրա կողքին` «Նրանք (հայերը.- Ա.Ն.) գրեթե երբեք չեն տանում կոպտությունը, բռնազբոսիկությունը եւ ճնշումը, ամեն ինչում սիրում են լավ վերաբերմունք»: Այնուհետեւ կարդում ենք, որ հայերը «Բարեկամի, ընկերոջ նկատմամբ միշտ ցուցաբերում են մեծ հոգեկան լայնասրտություն եւ ուշադրություն, իսկ թշնամու հանդեպ, որպես կանոն` անհաշտվողական են: Այդ իսկ պատճառով այդ ազգի ներկայացուցիչների հետ հանդիպելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նշված հատկանիշներին»,- զգուշացնում է բառարանը: Voila: Այս է մեր ողջ ներքաղաքական ռեզերվը, մեր կառավարության օժիտը, որ դրվելու է Ադրբեջանի հետ բանակցությունների նժարին:

Սակայն վերադառնանք արտաքին քաղաքականությանը: Ինձ համար, օրինակ, հետաքրքիր է եւ մի քիչ էլ վախեցնող, որ այս խառը իրադրությունում հայկական դիվանագիտությունը իր ուժերից մեծ, ոչ շատ հասկանալի խաղ է սկսել Անկարայի հետ: Ի՞նչ է կորցրել եւ ի՞նչ է փնտրում Թուրքիան այս կողմերում: Նա՛ քաջ գիտե: Իսկ ինչի՞ է ձգտում հայկական դիվանագիտությունը եւ ինչո՞վ կավարտվի այս ամենը` մե՛նք չգիտենք:

գԱնցյալ դարի 60-ականներին Կանադան ուներ մի փայլուն պրեմիեր-մինիստր` Պիեռ Էլիոտ Տրյուդոն: Կանադացիները շատ էին սիրում նրան, որը բացի խելացի լինելուց՝ նաեւ խարիզմատիկ անձնավորություն էր: Այս պրեմիեր-մինիստրը հռչակեց ԱՄՆ-ից անկախ արտաքին քաղաքական կուրս, նորմալացրեց հարաբերությունները Խորհրդային Միության եւ սոցիալիստական լագերի երկրների հետ: Այդ Տրյուդոն դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ հիմնականում հիշվում է ամերիկացիների հասցեին արած հետեւյալ դիտողությամբ: «Ապրել ձեր կողքին,- ասել է նա,- մոտավորապես նույնն է, ինչ քնել փղի հետ միեւնույն սենյակում»: Անկարայի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ենթատեքստում ես միշտ հիշում եմ այս խոսքերը: Ճիշտ է, Թուրքիան ԱՄՆ չէ, ոչ էլ Հայաստանը` Կանադա: Բայց մեր համեմատությամբ նա մեծ փիղ է, որից պետք է շատ զգույշ լինել, մանավանդ նկատի ունենալով այն բալաստը, որը ծանրացած է երկու երկրների ժողովուրդների անցած պատմության վրա: