Ազատ անկում

21/10/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Քաղբանտարկյալների, մասնավորապես՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները ԱԱԾ-ի կողմից հրապարակային քննարկման նյութ դարձնելը ամենեւին չեն հիմնավորում ենթադրությունը, թե նրա գործողություններն ուղղված էին ՀՀ ներքաղաքական վիճակի ապակայունացմանը, «քաղաքացիական անհնազանդության իրավիճակի ստեղծմանը՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ-ում հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման համար»: Սակայն այս դեպքում վտանգը ոչ թե երկրում հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխելու հավանականությունն է, այլ մասնավոր հեռախոսազրույցների բովանդակությունն ամենքին մատչելի դարձնելը: Ինչպես կարողացան հասարակությանը վարժեցնել կատաստրոֆիկ «Վերվարածներին» ու դրան հաջորդող ինչ-որ տխմար գողականներին, այնպես էլ այսուհետ «հայի ինքնություն» ունեցող մարդկանց համար այլեւս անդաստիարակություն, վատ տոն չի համարվի ուրիշի մասնավոր խոսակցություններին մասնակից լինելը: Հեռախոսային գաղտնալսումների ժանրը մամուլից թեւակոխել է արդեն հեռուստատեսություն, «Երկիր մեդիայի» հաղորդավարն անգամ խոստացավ, որ դրանք շարունակական կլինեն: Հնարավոր է, որ վաղը խոսակցությունների այդ շարքին մեր քաղաքացիները սպասեն անհամբերությամբ եւ հույս փայփայելով, թե կարող է ու հրապարակվեն նաեւ պարոն Արզումանյանի եւ նրա տիկնոջ մասնավոր հեռախոսազրույցները: Եվ սա մեր հասարակությանը պարտադրված անկման հերթական դրսեւորումն է:

Մարտի 1-ից առաջ եւ հետո ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին ներկայացված մեղադրանքներն այնքան ունիվերսալ են, որ այսօր կարող են ներկայացվել ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացու: Պարզելու համար, թե այս երկրում քանի մարդ է ցանկանում իշխանափոխություն, քանիսն են պատրաստ առանց երկար-բարակ մտածելու՝ զենք վերցնել ու գնալ ինքնադատաստան տեսնելու անպատիժ ու ցինիկ բազում պետական չինովնիկների, օլիգարխների հետ, կարելի է պարզել՝ առանց սրա-նրա հեռախոսազրույցը գաղտնալսելու: Բավական է ծանոթանալ հանցագործությունների քրոնիկային եւ տեսնել, թե դրանցից քանիսն են իրականացված ղեկավարների, օլիգարխների, իրավական համակարգի ներկայացուցիչների ձեռքով եւ քանիսն են մնացել անպատիժ, եւ դրանք համեմատել քաղաքական շարժառիթներով ձերբակալված մեր հայրենակիցների դատական պրոցեսների հետ: Դատավորն օրը ցերեկով մերժում է փաստաբանի միջնորդությունը՝ հարցաքննել Սմբատ Այվազյանին ձերբակալելու ժամանակ ներկա վկաներին, ովքեր փաստաբանին պատմել են, որ Սմբատ Այվազյանը որեւէ դիմադրություն իշխանության ներկայացուցչին ցույց չի տվել, թե ինչպես են իրենց ոստիկանները վկաներին մեքենայում ծեծել, ծեծելուց հետո էլ հավաստիացրել, թե «լավ են պրծել, քանի որ պետք էր տեսնել, թե ինչպես են ջարդել Գագիկ Ջհանգիրյանին»: Սակայն քաղաքական շարժառիթներով ձերբակալված մարդիկ իրենց անպաշտպանության մեջ միայնակ չեն:

Ներկայացնենք մյուս օրինակը. ընթերցելով մեր թերթի հոկտեմբերի 11-13-ի համարում տեղ գտած «Միեւնույն է, Արմենը գաղութում մեռնելու է» հոդվածը, ուր կա կոնկրետ անուն՝ քննիչ Տիգրան Թամամյան, ով թմրանյութ օգտագործելու եւ վաճառելու կասկածով ձերբակալված ՀՀ քաղաքացի Արմեն Ղամբարյանին այնպես է ծեծել, որ վերջինիս չի ճանաչել անգամ սեփական կինը: Այդպես եղավ նաեւ Լեւոն Գուլյանի դեպքում: 2007-ին ՀՀ Ոստիկանության շենքում երիտասարդին խոշտանգում են եւ պատուհանից ցած նետում: Հարցրեք ցանկացած նորմալ մարդու՝ եթե իրեն հնարավորություն տրվի պատժել քննիչ Տիգրան Թամամյանին, Լեւոն Գուլյանին պատուհանից ցած նետած բարձրաստիճան ոստիկանին, քաղաքական բանտարկյալների դատերը վարող դատավորներին, նրանց նման շատերին, ի՞նչ պատիժ կընտրեն: Բնական է, որ հեռախոսազրույցների ժամանակ ինչ-որ մեկն էլ կարող է սպառնալ, թե նրանց նմանների ճակատին կպարպեր ատրճանակը: Հիմա՝ այդ մարդկանց հնարավոր է մեղադրանք ներկայացնել պոտենցիալ մարդասպան լինելու կասկածո՞վ:

Հանրապետության նախագահն ասում է, թե ինքը չի հասկանում՝ ինչպես կարելի է իր վրա վերցնել պետության ֆունկցիաները: Սակայն նույն պետությունն իր ֆունկցիաները նեղացրել է այնքան, որ գործում է ինքնադատաստանի օրենքով, պետությունը հովանավորում է մարդասպան օլիգարխին, կաշառակեր ու կամակատար դատավորին, ստոր մատնիչին:

Վերադառնալով Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսազրույցներին՝ նշենք, որ ընդդիմադիր գործիչները պետական հիմքերը խարխլելու նպատակով ամենեւին չէին օգտվի հեռախոսի ծառայությունից՝ պարզ գիտակցելով, որ այն գաղտնալսվում է: Բացի դա՝ պայքարի սկզբից ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում է գործել բացառապես օրենքի շրջանակներում: Այսինքն, պետության հիմքերը խարխլելու մեղավորներին պետք է փնտրել ամենեւին ոչ իշխանություններից դժգոհ մարդկանց շարքերում:

Իշխանությունները, ովքեր խնամքով թաքցնում են հասարակական հնչեղություն ունեցող եւ իրենց հովանավորյալների կողմից կատարված հանցագործություններն ու սպանությունները, իրավունք ունե՞ն ակնկալել, որ պետության ղեկավարության դեմ զայրացած, ահավո՛ր զայրացած ու անզորությունից զայրացած մարդիկ մի օր հեռախոսով կամ այլ մասնավոր զրույցում ցանկություն չեն հայտնի ջարդել այսինչ պաշտոնյայի գլուխն այնպես, ինչպես վերջինս է ջարդել իրենց հարազատի գլուխը, ցանկանալ, որ իշխանությունները փոխվեն բոլոր հնարավոր միջոցներով, քանի որ անարդարությունը հասել է վտանգավոր կետի: Եվ գուցե սա է պատճառը, որ ԱԱԾ-ն՝ թողած հիմնական գործը, իր խիստ համեստ ռեսուրսը վատնում է Հայաստանի քաղաքացիների հեռախոսազրույցները լսելու եւ դավադրության տեսության հիմնավորումները գտնելու վրա: