Այսօր Գյումրիում մեկնարկելու է բազմաբնակարանային շինարարության պետական ծրագիրը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Գյումրիի քաղաքապետարանից, «Անի» թաղամասից դեպի «Մուշ» թաղամաս տանող հատվածում տեղի կունենա նոր բազմաբնակարանային շենքի հիմնարկեքը: Սրանով կառավարությունը կսկսի Գյումրիի անօթեւանության խնդրի լուծման լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում բնակարան կունենա 4 հազար անօթեւան ընտանիք: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013 թվականի վերջին: Միայն «Մուշ 1», «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերում նախատեսվում է կառուցել 2400 բնակարան: Ուշագրավ է, որ «Մուշ 1» եւ «Մուշ 2» թաղամասերում շինարարության իրականացման համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Գլենդեն հիլզ» կազմակերպությունը, որը հայտնի է Երեւանի բազմաթիվ «իրացված գոտիներում» էլիտար շենքերի կառուցմամբ: