Հյուրանոց եւ գործարան կկառուցի

21/10/2008

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երեկ հրավիրված ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնց իրագործմանը փորձում են օգնել նաեւ իրենք: Նախատեսվում է Ռուսաստան-Հարավային Կորեա-Հայաստան բիզնես ծրագիր իրականացնել, որը քննարկվելու է մոտ ապագայում: Ա. Աբրահամյանը, ում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս պատվո շքանշան է շնորհել, լրագրողներին տեղեկացրել է, որ ՌԴ մի քանի խոշոր ընկերությունների հետ կան ծրագրեր ՀՀ-ում ներդրումներ կատարելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Նրա խոսքով, եւս մեկ նոր քայլ է այս օրերին «Սամսունգ-գրուպ» ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավարների այցելությունը Հայաստան, հանդիպումները ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ` ներդրումային ծրագրերի եւ այլ հարցերի քննարկման օրակարգով:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ-ում ներդրումներ անելու սփյուռքահայ գործարարներին ուղղված կոչին, նշեց, որ դրան արդեն արձագանքել են ռուսաստանաբնակ շուրջ մեկ տասնյակ խոշոր գործարարներ, որոնք առաջիկայում պատրաստվում են հայրենիքում լուրջ ներդրումներ կատարել: «Անձամբ ես արդեն հաջորդ տարվանից սկսելու եմ իմ կողմից խոստացված ներդրումային գործունեությունը, ըստ որի` Երեւանում կկառուցվի բարձրակարգ հինգաստղանի հյուրանոց, իսկ Եղեգնաձորում` պահածոների գործարան»,- ասել է Ա. Աբրահամյանը: Նա ողջունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Երեւան այցելության փաստը եւ հույս հայտնել, որ դա կտա իր պտուղները: