Կբավականացնե՞ն ռեսուրսները

21/10/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Ռուսաստանյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների վերջին ամսվա ընթացքում իրար հաջորդող եւ դեռ սպասվելիք այցերը Հայաստան, նույնիսկ երկու երկրների միջեւ առկա ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների պայմաններում, մեղմ ասած, արդեն «աչք են ծակում»: Մի քանի օրվա (նույնիսկ ժամերի) ընթացքում Հայաստան են ժամանում ՌԴ արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Նրանց հաջորդելու են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, մի շարք հատուկ ծառայությունների ղեկավարների եւ վերջապես՝ ՌԴ նախագահի ու ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վարչապետի այցերը: Ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ հարաբերություններում նման ակտիվություն կարող է լինել այն դեպքերում, երբ ռազմավարական նշանակության նոր ծրագրի սկիզբ է դրվում, կամ էլ, երբ միջպետական հարաբերություններում ինչ-ինչ լուրջ «ճաքեր» են նշմարվում, եւ իրավիճակը փրկելու համար կողմերից մեկը ստիպված է լինում գործի դնել իր գրեթե ամբողջ «զինանոցը»: Միեւնույն ժամանակ, դատելով վերջին ամիսներին եւ առանձնապես կովկասյան հնգօրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ծավալվող բուռն իրադարձություններից եւ ձեւավորված նոր իրողություններից, չի բացառվում, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը պայմանավորված է միաժամանակ վերոհիշյալ երկու փոխկապակցված գործոններով: Խաղն աննախադեպ ակտիվացավ, երբ Մոսկվան ԼՂՀ հիմնախնդրի շուրջ որոշեց «բացել խաղաքարտերը»` հայաստանյան հանրությանը մի կողմից՝ տեղեկացնելով, իսկ մյուս կողմից՝ նախապատրաստելով, ինչպես ասում են, «գլխի գալիքին»: Եվ դա արվեց Սերգեյ Լավրովի միջոցով, որը այն օրերին, երբ ՀՀ ղեկավարության հետ քննարկում էր ԼՂ հարցի կարգավորման շուրջ ռուսաստանյան նոր պլանը, միաժամանակ ռուսաստանյան ամենապաշտոնական թերթում` «Ռոսիյսկայա գազետայում», ըստ էության, նաեւ հանրության համար գաղտնազերծում էր ՌԴ մոտեցումները: Ամենակարեւոր «մեսիջն» այն էր, որ պարզվեց՝ «չլուծված է մնացել միայն երկու-երեք հարց, որոնք կհամաձայնեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկա հանդիպումների ժամանակ», եւ որոնք, ըստ Ս. Լավրովի, կկայանան Ադրբեջանի նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Պարզվեց նաեւ, որ խնդրահարույց են մնացել միայն Լաչինի միջանցքի շուրջ չհամաձայնեցված խնդիրները: Ավելին, ՌԴ նախագահը չթաքցրեց նաեւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անորոշ ապագայում ԼՂ տարածքում հանրաքվեի դիմաց» հայտնի ծրագրին ՀՀ իշխանությունների համաձայնության համար նախատեսվող փոխհատուցումը. «Հենց ԼՂ խնդրի կարգավորումն իրականություն դառնա, Թուրքիան պատրաստ կլինի Հայաստանին օգնել նորմալ կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ` բնականաբար Անկարայի եւ Երեւանի միջեւ պաշտոնական եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով»: Եթե ասվածին ավելացնենք նաեւ վերջին ամիսներին ՌԴ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների բազմիցս հնչեցրած հավաստիացումները, թե Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ դրան հավելենք, որ ՌԴ-ում չեն թաքցնում հետաքրքրությունն Ադրբեջանի էներգետիկական ռեսուրսների հանդեպ, ապա զարմանալի չէ, որ պաշտոնական Մոսկվայի եւ Երեւանի միջեւ վերջին շրջանում նշմարվող տարաձայնությունները սկսում են դժվարությամբ քողարկվել: Դրա վառ արտահայտումը եղավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանն իր գործընկեր Ս. Լավրովի վերը հիշատակված ավելի քան լավատեսական պնդումների շուրջ: Է. Նալբանդյանն ուղղակիորեն նշեց, որ հիմնական անհամաձայնությունը ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման շուրջ է, եւ ակնհայտորեն հեգնելով ՌԴ ԱԳ նախարարի ասածը՝ նկատեց, որ «եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել, որ հենց այդ հարցերի շուրջ փոխըմբռնում կա»: Եվ եթե հավատանք տեղեկատվական այն արտահոսքերին, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկյան եւ ըստ էության ռուս-թուրքական «դեղատոմսերը» սկզբունքորեն իրարից տարբերվում են միայն հակամարտության գոտում տեղաբաշխվող խաղաղարար ուժերի կազմում այս կամ այլ երկրի զորամիավորումների ներգրավվածության շուրջ տարբեր պատկերացումներով, ապա այս պարագայում պաշտոնական Երեւանի կողմից սկսված «կոմպլեմենտար առեւտուրը» Մոսկվայի, Վաշինգտոնի եւ, ինչո՞ւ չէ, Բրյուսելի հետ Կրեմլում միանշանակորեն զգացողություն է առաջացնում, որ Ռուսաստանը սկսում է «կորցնել կլիենտին»` Հայաստանին: Այդ զգացողությունն առավել սրվեց Ս. Լավրովի եւ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի Երեւանյան այցերից հետո, որի ընթացքում, ըստ դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների՝ ՌԴ-ին ոչ միայն չի հաջողվել ՀՀ ղեկավարության հետ ռազմավարական նոր համաձայնության գալ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման շուրջ, այլեւ չի ստացվել հստակ պատասխան ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ առաջարկվող ռուս-թուրքական ծրագրի շուրջ: Այս կապակցությամբ «կրակի մեջ յուղ է լցնում» նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով հագեցած այցը Վաշինգտոն: Վերլուծաբանների դիտարկմամբ՝ վաղուց արդեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը նման մակարդակի հանդիպումներ եւ ընդունելություններ ԱՄՆ-ում չէր ունեցել: Ընդ որում, այդ հանդիպումների ընթացքում քննարկման առարկա են դարձել ոչ միայն տնտեսական հիմնահարցերը, այլեւ՝ առաջին պլան մղված տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրները: Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի հետ հանդիպման ժամանակ արտահայտած այն միտքը, որ «վտանգավոր է համարում այնպիսի հայտարարությունները, որոնք վերաբերում են միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին` անտեսելով ընդունված այլ սկզբունքները, ինչը սխալ պատկերացումներ ու սպասումներ է ձեւավորում», որքանով հակադարձում են Մեթյու Բրայզայի արտահայտած դիրքորոշումներին, հավասարազոր կերպով վերաբերում են նաեւ Ս. Լավրովի վերոհիշյալ հայտարարություններին: Կրեմլի համար «խանդի» եւ առանձնակի մտահոգության առարկա է, անկասկած, ԱՄՆ-ում ՀՀ վարչապետի առանձին հանդիպումը Վրաստանի վարչապետ Լ. Գուրգենիձեի հետ, որի ընթացքում հնչեցվեց «երկու երկրների միջեւ ինտեգրացման խորացման» մասին միտքը (Ի դեպ, օրերս ՀՀ-ում էր նաեւ Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին): Այս պայմաններում բնական է, որ Մոսկվայում նպատակահարմար են գտնում գործի դնել իրենց ամենածանր հրետանին` վերջին քաղաքական ռեսուրսները, այն է՝ Դմիտրի Մեդվեդեւին եւ Վլադիմիր Պուտինին: Ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանական, այսպես կոչված, էլիտաների վրա ներազդելու համար միացվելու են բոլոր ռուսաստանյան «լոկալ» ռեսուրսները. խոսքը ռազմական, տնտեսական ռեսուրսների մասին է, եւ անգամ՝ հատուկ ծառայությունների ու քրեական աշխարհիգ Յուրաքանչյուրն՝ իր ուղղությամբ, իր ազդեցության ոլորտում: Պետք է նկատել, որ իր խնդիրները ՀՀ-ում զուտ քաղաքական ռեսուրսներով լուծելու համար ՌԴ-ն առանձնապես մեծ ընտրություն չունի: Բանն այն է, որ ՌԴ ղեկավարությունն ավանդաբար, մասնավորապես՝ նաեւ Վ. Պուտինի վարչախումբը, ԱՊՀ անդամ երկրներում միշտ «ստավկա է դրել» միայն իշխող վարչախմբի վրա` ըստ էության ամբողջությամբ անտեսելով այդ երկրների ընդդիմությանը: Եվ նման միակողմանի քաղաքականությունը պուտինյան վարչախմբին բազմիցս կանգնեցրել է հերթական «կոտրած տաշտակի» առջեւ: Բավական է հիշել Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչի ընտրությունների խայտառակ տապալման եւ Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլու վերելքը «չնկատելու» պատմությունները: ՀՀ-ում «պրոռուսական» գործող իշխանություններին անվերապահորեն սատարելով՝ ՌԴ ղեկավարությունը կամա թե ակամա նպաստեց ՀՀ-ում իր քաղաքական այլ ռեսուրսների փաստացի ոչնչացմանը, քանի որ իբր «ռուսական դաշտում» գործող իշխանությունները, սովորաբար, բացի արեւմտամետ ուժերին արմատախիլ անելուց, ավելի մեծ ջանասիրությամբ զբաղված էին լինում ռուսամետ դաշտում գործելու հավակնություններ ունեցող քաղաքական հակառակորդ (եւ նույնիսկ համախոհ) ուժերի փաստացի վնասազերծմամբ: Այս գործընթացը սովորաբար առավել ակտիվ էր ընթանում համապետական ընտրություններից առաջ, որպեսզի միշտ այնպիսի «ստանդարտ» քաղաքական իրավիճակ ստեղծվի, որը թույլ կտա հայաստանյան նախընտրական պայքարը ներկայացնել որպես «ռուսամետ» եւ «արեւմտամետ» քաղաքական ուղղությունների աշխարհաքաղաքական մենամարտ: ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում Պուտինից Մեդվեդեւին իշխանափոխանցման շրջանում հայտնված ՌԴ իշխանությունները հայաստանյան ընդդիմության հանդեպ կարծես թե ավելի ճկուն քաղաքականություն սկսեցին վարել, սակայն, այնուամենայնիվ, նորից նախապատվությունը տվեցին, ինչպես ասում են` «փորձած թանի» տարբերակին ու ստացան այն, ինչ այսօր ունեն: Եվ պատահական չէ, որ այսօր ռուսամետ հայաստանյան քաղաքական դաշտը փաստացի ամայացած է, ինչը բավականին լավ հող է նախապատրաստում ոմանց համար «Ռուսաստանի սիրեցյալ» Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսելու համար: Այս տեսակետից հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից ներկայիս վարչախմբի գործունեությանն ուղղված քննադատությունը առայժմ ավելի շատ առնչվում է հենց արտաքին քաղաքականության բնագավառին: Օրինակ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայ-թուրքական բանակցային գործընթացին վերաբերող քննադատական ակնարկները, որտեղ նա ՀՀ նոր վարչախմբի գործունեության արդյունքները, ըստ էության, տապալված է համարում: Ռ. Քոչարյանի մյուս «ծպտյալ» համախոհը եւս՝ «նախկին» դարձած Տիգրան Թորոսյանը, օրերս ծավալուն հոդվածով հանդես եկավ, որում Սերժ Սարգսյանի եւ Էդուարդ Նալբանդյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության արդյունքները բնութագրեց՝ որպես «Նահանջ երգով»: Իսկ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ընթացքում եւ հետո ՀՀ ղեկավարության որդեգրած «պասիվ չեզոքությունը` լռությունը», ըստ ԱԺ նախկին խոսնակի` հանգեցրեցին «իրադարձությունների», որոնց «հետագա զարգացումը դարձավ եւս մեկ վկայություն, որ պասիվությունը լավագույն դեպքում կարող է նվազեցնել կորուստները, սակայն չի կարող ձեռքբերումներ ապահովել»:

Ինչեւէ, մոտ ապագայում նաեւ պարզ կլինի, թե ինչով է պայմանավորված «քոչարյանականների» այդ ակտիվացումը: