Ջազային երաժշտություն սիրող Հայաստանում հայկական ջազի 70-ամյա հոբելյանը մենք մեծ շուքով ու թափով ենք նշում։ Արդեն իսկ բազմաթիվ հայտնի երաժիշտներ են եկել մեր երկիր։ Ու դեռ գալու են։ Եվ քանի որ ջազը ներկայացնելն ու ջազային միջոցառումների գովազդումը վստահված է «Շարմ» հոլդինգին (որի ղեկավարին վերջերս պետական բարձր շքանշան է շնորհվել), կարելի է հանգիստ լինել՝ մտածելով, որ մեր ուշադրությունից չի վրիպի լավագույնը։ Իսկ մենք այդ լավագույնին եթե ոչ՝ ներկա, ապա՝ գոնե տեղյակ կլինենք։ Սակայն երկու օր առաջ բառիս բուն իմաստով՝ «աննախադեպ» ջազային այց է եղել մեր հանրապետություն։ Որը սակայն չի գովազդվել ու հնարավորինս նեղ շրջապատի համար է նախատեսված եղել։ Խոսքը հանրահայտ ու անկրկնելի (քանի որ նա ինքն արդեն երաժշտական նախասկիզբ է, իսկ նախասկիզբը կամ լինում է, կամ ոչ) Ցեզարիա Էվորայի մասին է, ով մասնավոր հրավերով Երեւան էր եկել ու երգել էր գ «Բելաջիո» ռեստորանային համալիրում։ «Ռոսգոսստախ» ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ բացելու կապակցությամբ եւ իր հյուրերին գոհացնելու համար էր հրավիրել երգչուհուն։ Իսկ բոլորս էլ գիտենք, որ հարուստ ու բարձրաստիճան հյուրերը (նաեւ՝ նախարարներն ու բարձր հովանավորություն ունեցող «մտավորականները») երաժշտություն սիրող ու երաժշտություն ընկալող հանդիսատեսի «ամենանուրբ» ու «ամենազգայուն» հատվածն են։ Պարզ է, որ շատերը պիտի լքեին ռեստորանն ավելի շուտ, քան կավարտվեր Ցեզարիա Էվորայի՝ ջազը, «բոսա նովան» ու աֆրիկյան շանսոնը միավորած երգերի կատարումները։ Ցեզարիայի տխուր երաժշտական կոմպոզիցիաները, որը նա միշտ կատարում է ոտաբոբիկ հայտնվելով բեմում ու ժամանակ առ ժամանակ ընդմիջելով ելույթը՝ ծխելու համար, հզոր էներգետիկա ունեն։ Այդ էներգետիկան նման է ջերմ արեւից ու տաք ծովից մեզ հասած աղոթքներին, որոնք դիպչում են սրտերին ու հիշեցնում արմատները։ Իհարկե, միայն այն մարդկանց սրտերին, որոնք սեփական արմատները անձնական նվաճումներից ավելի բարձր են դասում։ Ցեզարիայի հաջողության ֆենոմենը նրանում է, որ նա ոչ թե պաթոսային, այլ՝ շատ կամերային, նույնիսկ՝ ինտիմ կատարող է։ Նրա երգերի տակ չես պարի եւ չես ուրախանա։ Նրա երգերի տակ կարող ես միայն խորհել։ Եվ գուցե հենց դա էլ ստիպեց համերգին հայտնված մարդկանց՝ դուրս գալ դահլիճից։ Ցեզարիայի երգերում կա «սաուդաջի» (պորտուգալերենից այդ բառը շատ բարդ է թարգմանվում, մոտավորապես այսպես՝ «հայրենիքի հանդեպ լուսավոր կարոտի մի փոքր մասնիկ»)։ Դա մեր հայկական կարոտի կատարելագործված բնորոշումն է։ Եվ այդ կարոտը, եւ այդ կարոտից ծագած շնորհակալությունը զգալու համար հարկավոր է պարզապես լսել Ցեզարիան ու հիշել քեզ՝ քո երազներով ու վրիպումներով հանդերձ։ Կամ էլ՝ չլսել նրան, ինչը եւ գերադասեցին անել այդ համերգի մասնակից, «բոմոնդի» ներկայացուցիչները, որոնք շատ նեղ շրջապատում՝ ոսկեփայլ պատերի ներքո «վայելում» էին աղոթող, երգող Ցեզարիային։ «Նեղն» ու «լայնը» մենք հաճախ շփոթում ենք։ Իսկ ո՞վ ասաց. որ քաղաքին պարգեւելով Ցեզարիա Էվորային հետ հանդիպումը, նրան հրավիրած անձինք պակաս հաճույք կստանային։ Միգուցե, ճիշտ հակառակը՝ նրանք կկարողանային ասել, որ սեփական «սաուդաջին» կիսում են հայրենակիցների հետ։
69-ամյա Ցեզարիա Էվորան, ով միլիոնատեր է դարձել իր երգերի շնորհիվ, հազարավոր աֆրիկուհիների նման է ապրում, ունի երեք զավակ եւ հարազատ Կապո Վերդե կղզու բոլոր ուսումնական հաստատություններն է ֆինանսավորում։ Կարող է՝ անում է։ Կարոտն է այդպես հուշում։