Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանում այգի բացվեց։ Ինքնին արդեն այդ երեւույթը զարմանալի է, քանի որ վերջին տարիներին մենք հիմնականում վերացնում ենք մեր քաղաքի այգիներն ու կանաչ տարածքները, փոխարենը շենքեր, բետոնե կենտրոններ կամ էլ ցեմենտ-բետոնից սարքած այլ «հրեշներ» ենք վեր խոյացնում։ Եվ հանդիսավորությամբ «բացում» ենք դրանք, կարծես ապացուցելով ու ինքներս մեզ համոզելով, որ բնության նշույլները ոչնչացնելով՝ հաղթահարում ենք բնությունը։ Իսկ Բաղրամյան փողոցի հարակից, նախկինում Պուշկինի անունը կրող այգին ճիշտ հակառակ մոտեցմամբ է ստեղծվել։ Այգին փիլիսոփայություն ունի, եւ այդ փիլիսոփայությունը բնության հետ պայքարում հաղթանակած դուրս գալու պարզունակ մոտեցումից շատ հեռու է։ Այգու գաղափարն ու իրականացումը հիմնված են բնությանը խոնարհվելու պատրաստակամության վրա։ Իսկ դա թերեւս ամենաբարդ ու ամենաշնորհակալ մոտեցումն է։
Բոլորս հիշում ենք, թե ինչպիսի մռայլ ու անհրապույր տեսք ուներ այդ այգին վերջին 20 տարիների ընթացքում, երբ քանդվում էին խորհրդային կայսերական ոճով նախագծած ծառուղիները, նստարաններն ու երկաթյա կարուսելների կարկասները։ Կարծես ոչ ոք չէր հանդգնում վերակառուցել ու վերափոխել այդ այգին, քանի որ դա անելու համար միայն գումար ունենալը բավարար չէր, հարկավոր էր ներքին մղում, կոփված ճաշակ ու բնության հանդեպ հսկայական խոնարհման զգացում կրել հոգում։ Հայազգի գործարարների ընտանիքին պատկանող «Պողոսյան» հիմնադրամը ստանձնեց այդ գործը։ Եվ արդյունքում մեր քաղաքն ունեցավ եզակի մի օրգանական կառույց, որն արժեքավոր է ոչ միայն ներդրման չափով, այլեւ իր մեջ կրող իմաստով։ Իմաստը շատ պարզ ու խորն է, ինչպեսեւ արեւելյան փիլիսոփայությունը (ի դեպ, Արեւելքը միայն պճնանքն ու փայլը չեն, Արեւելքը պարզի մեջ խորհրդանիշ տեսնելն է)։
Գործարար Ալբերտ Պողոսյանը, ով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կտրեց այգին բացող ժապավենը, ասաց. «Գործի բերումով ես հաճախ էի լինում Կորեայում ու Ճապոնիայում, եւ այդ երկրներում ես ականատես եղա, թե ինչպիսի սիրով են ասիացիները վերաբերվում բնությանը եւ հանրային այգիներին։ Նրանք շրջակա միջավայրի նկատմամբ խոր հարգանք են տածում, հարգում են բնության նյութերը՝ ծառերը, ջրվեժները, քարերը, որոնց միջոցով էլ վերափոխում ու բարեկարգում են միջավայրը։ Դեպի բնությունը տանող իմ ճանապարհորդությունը ես սկսեցի Ժնեւում գտնվող իմ տան այգուց, երբ հանդիպեցի լանդշաֆտային ճարտարապետի մոտեցմանը»։ «Սիրահարների այգու» պահպանման եւ շահագործման աշխատանքները առաջիկա 17 տարիների ընթացքում կիրականացնի «Պողոսյան» հիմնադրամը` «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ, որից հետո այգին կպահպանվի ՀՀ պետբյուջեի հաշվին: Այգու ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլն 300 հազար դոլար է: Լանդշաֆտը երեւանյան այգում դարձել է գլխավոր գործող անձը։ Հոսում են ջրվեժներն ու փոքր գետերը, ոլորապտույտ գալարվում են նեղ արահետները, ամենուր փայտե նստարաններ ու փայտե կամրջակներ են։ Եվ մարդը՝ հայտնվելով այդ միջավայրում, իր կամքից զատ՝ անպայման ձեռք է բերում խաղաղ ու հանդարտ տրամադրություն, քանի որ տարածքի կառույցը հուշում է նրան, որ նա ընդամենը բնության մի մասնիկն է։ Եվ հենց փոքր մասնիկ լինելու մեջ է թաքնված կյանքի իմաստը։ Ուշագրավ է, որ «Պողոսյան այգիների» ստեղծողները լրագրողներին բաժանելով լուսանկարների հավաքածուն՝ ֆոտոների մի բաժինն անվանել էին՝ «Բարի գալուստ, քարեր»։ Այգու հեղինակ, ճարտարապետ Պիեռ Ռամբախն ասել է, որ ներշնչվել է ճապոնական պարտեզների ձեւավորումներից, որտեղ սկզբում փորձում ես ըմբռնել յուրաքանչյուր քարի ոգին, հիշում ես նրա բնավորությունը եւ հետո տեղադրում այնպիսի մի կետում, ուր նրանց սիրտը, նրանց ոգին կարող են հնարավորինս ազատ զգալ։ Քարերի երկիր Հայաստանում քարը արժեք, գեղեցկություն եւ խորհրդանիշ է, եւ մենք, չգիտես ինչու, դա անտեսում ենք ու մեր այգիները բետոնապատում ու հուշարձանապատում ենք։ Երբեմն նաեւ՝ մետլախապատում ենք։ Որպես շատ տեսանելի օրինակ, կարելի է համեմատել վերակենդանացած «Պողոսյան այգին» ու, ասենք, Զեյթուն թաղամասում կառուցված զբոսայգին, որն ուղղակի «խեղդվում» է անճաշակ ու փայլփլող ջրահարս-արձանիկներով, մետլախապատված ջրավազաններով, որտեղ ոչ թե բնական, այլ՝ գունավոր, քիմիական ջուր է հոսում, նաեւ՝ բարձր հնչում է անհասկանալի երաժշտական մի խառնուրդ։ Իսկ Պողոսյան եղբայրների ստեղծած այգում փոքրիկ մի կղզյակի վրա հնչում էին տավիղն ու ջութակը՝ մեղմ ջազային մեղեդիներով։ Եվ դա պարտադրում էր մարդկանց (օ, զարմանք) բարձր չխոսել, լսել իրար, խորասուզվել սեփական խոհերի մեջ, դիտարկել, լիցքավորվել։ Ի դեպ՝ այգին ունի նաեւ բեմեր ու ցուցահանդեսներ կազմակերպելու համար նախատեսված հարթակներ։ Այգում ոչ մի քարացած միտում չկա, ամեն բան կարծես շարժվում ու հոսում է, այնպես, ինչպես ազատ կյանքն է հոսում։ Ընդհանրապես մարդու ու տարածքի փոխհարաբերությունները շատ հետաքրքիր են։ Չէ՞ որ ասում են՝ մարդը նմանվում է իրեն շրջապատող տարածքին՝ փողոցներին, բակերին ու շենքերի արտաքին տեսքին։ Եվ «Պողոսյան այգին», որը ստացել է նոր «Սիրահարների պուրակ» անվանումը, բոլորովին այլ՝ լուռ ու հանդարտ մարդկային տեսակ է ակնկալում, այն տեսակը, որն առանց աշխարհակալ բարդույթների է բնությանը հյուր գնում՝ իր տեղն այս մոլորակի վրա հասկանալու համար։
«Ձեզանից ոմանց կարող է թվալ, որ այս նախագիծն ավելորդ վատնում է եւ կամ չի հանդիսանում առաջնային անհրաժեշտություն։ Բայց մենք եղբորս հետ մտածեցինք, որ երկրի համար նույնքան կարեւոր է շրջակա միջավայրի պահպանությունը եւ Երեւանի վերջին հանրային կանաչ տարածքը պահպանելու առումով նախադեպի ստեղծումը»,- ասաց Ալբերտ Պողոսյանը։ Այգին հիմա շատ կոկիկ ու մաքուր է, հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի խոտերի, ծառերի ու նստարանների հետ մի քանի ամիս հետո։ Արդյոք դրանք չե՞ն աղտոտվի ու բարբարոսաբար չե՞ն փչացվի։ Հուսանք, որ՝ ոչ։ Այգում կլինեն հսկիչ-այգեպաններ, որոնք կհետեւեն պարտեզի ու ջրի մաքրությանը։ Բայց հարկ է հիշել, որ այս այգին ոչ մեկի սեփականությունը չէ ու փակված չի վեր հառնող պարիսպներով, այս այգին մերն է ու մեր երեխաներինն է։
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Սարգսյանին՝ այս նախագծին շարունակականություն ցուցաբերելու հարցում։ Ինչպես նաեւ՝ խոստանալու, որ քաղաքապետարանը հանձն կառնի այգու հետագա շահագործումը, ըստ մեր կողմից ամրագրված չափանիշների»,- իր ելույթում ասաց թանկարժեք քարերի բիզնեսով զբաղվող, միլիոնատեր Ալբերտ Պողոսյանը, ով գնել է ու հիմա վերականգնում է Բելգիայի «արտ դեկո» ոճով կառուցված գեղեցիկ «Վիլա Ապեն» դղյակը, որը շուտով ծառայելու է բելգիացիների հանրային շահերին եւ ընդունելու է ուսանողների, գիտնականների ու արվեստագետների։
Գեղեցիկ տարածքներում նոր գյուտեր կարվեն, նոր բանաստեղծություններ կգրվեն կամ էլ՝ պարզապես գեղեցիկ ներաշխարհով, ներդաշնակ մարդիկ ի հայտ կգան։ Երեւանի «Սիրահարների այգին» ներդաշնակություն ձեռք բերելու առիթ է տալիս, իսկ դրանից օգտվելու ձեւն ու կուլտուրան որքան էլ մեզանից հեռու են, այնքան էլ՝ կարեւոր են։ Վերջիվերջո, դա բնությունն ու քաղաքում ապրող մարդուն ներդաշնակելու միակ ու ստուգված միջոցն է։