Երեկ Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում, ինչպես եւ սպասվում էր, յոթ թեկնածուներից «համոզիչ» հաղթանակ տարավ գործող նախագահ Հեյդար Ալիեւը: Երեկվա ընտրություններն անցել են «ազատ, արդար եւ թափանցիկ», գրեթե ազգային համերաշխության մթնոլորտում` ընտրողների շուրջ 70 տոկոս մասնակցության պայմաններում: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իրական ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել էր նախագահական ընտրությունները եւ, ինչպես հայտարարել էր ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը, «սա ընտրություն չէ, սա տրագիկոմեդիա է»: Այդուհանդերձ, չնայած ընդդիմության բոյկոտին եւ «այլընտրանքի իմիտացիայի» համար մյուս թեկնածուների մասնակցությանը, զուտ ընտրական գործընթացն անցել է առանց էական խախտումների: Իսկ սա չի կարող չմտահոգել Հայաստանին, քանի որ փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցածի ֆոնին միջազգային հանրության կողմից ընդունվող Ադրբեջանի նախագահի լեգիտիմությունը ավելի է թուլացնելու Հայաստանի` առանց այդ էլ աննպաստ դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ընդ որում, իրավիճակն աբսուրդային է այն առումով, որ իրականում ԱՊՀ գրեթե բոլոր երկրների (այդ թվում` Հայաստանի) ավտորիտար իշխանություններից չտարբերվող Ալիեւը Հայաստանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո ժողովրդավար դառնալու հրաշալի հնարավորություն ստացավ. բավական էր ընտրություններն անցկացնել առանց մարդկային զոհերի եւ Հայաստանի համեմատ ժողովրդավարական պետության կարգավիճակն ապահովված կլիներ: Իսկ երեկ Ադրբեջանում ոչ միայն սպանություններ չեն եղել, այլեւ այդ երկրի ընդդիմության «շնորհիվ» անցել են ազատ եւ թափանցիկ պայմաններում: Սակայն Հայաստանից ավելի ժողովրդավարական դառնալու հնարավորություն Ալիեւին տվել են ոչ միայն հայրենի ընդդիմությունը, այլեւ Հայաստանի իշխանությունները: 2008 թվականի մարտի 1-ին: