Խմբով են գրել

17/10/2008

«Նախագահի ելույթի վրա աշխատել է խումբ: Արտգործնախարարությունն էլ է մասնակցել»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում ունեցած ելույթի վերաբերյալ մեր թղթակցին ասել է Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի այդ ելույթում տեղ գտած մի շարք հատվածներ սուր քննադատության են արժանացել: Մասնավորապես, դրան անդրադարձել էր ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը` տարակուսանք հայտնելով մասնավորապես այդ ելույթի հեղինակների առնչությամբ: «Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդների արտաքսման, էթնիկ զտումների, ցեղասպանությունների պատճառ: Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրաքանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով: Արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը»,- իր ելույթում հայտարարել էր Ս. Սարգսյանը: Եվ ինչպես նախօրեին հրապարակված իր հոդվածում գրել էր Տ. Թորոսյանը, այս արտահայտություններն «ուղղակիորեն հակասում են ոչ միայն հայկական շահերին, այլեւ միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման իրավունքի կիրառման նորմերին»: «Ես իմ կարծիքը նախագահի ելույթի վերաբերյալ ասել եմ մամուլում եւ ԱԺ բարձր ամբիոնից: Բնականաբար, նաեւ ցույց տալով այն դրական միտումները, որոնք կան արտաքին քաղաքականության եւ, ինչո՞ւ չէ, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում, որ ՀՀ նախագահն առաջին անգամ ինքնորոշման գերակայության մասին խոսում է ՄԱԿ-ի ամբիոնից: Ինչպես ցանկացած գործիչ, պարոն Թորոսյանն էլ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, որը կարող է չհամընկնել այս կամ այն գործչի ու ՀՀ նախագահի կարծիքների հետ: Սակայն անհասկանալին այն է, որ թե՛ ԼՂՀ հարցի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների մասին պարոն Թորոսյանի հնչեցրած կարծիքները տարբերվում են անցյալում տված գնահատականներից: Պարզապես ճիշտ կլիներ, որ եթե պարոն Թորոսյանը նման մտահոգություններ ուներ, կարող էր նաեւ նախկինում էլ ասել»,- Տ. Թորոսյանի հոդվածը մեկնաբանելու մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: