ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է. «2004 թվականից հոկտեմբերի 16-ը սկսեց նշվել իբրեւ մամուլի աշխատողների օր, որ հետագայում վերանվանվեց Հայ մամուլի օր: 2008թ. այս օրը նշելիս` մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության մամուլն այլեւս կայացած կառույց է, որ համարժեք արձագանքում է Հայաստանի ու հայերի կյանքի բոլոր կարեւոր ու կենսական խնդիրներին, ձեւավորելով հասարակական կարծիք ու ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ բանաձեւված` մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հայ մամուլի օրը մենք կարող ենք փաստել նաեւ, որ Հայաստանում կայացած է տեղեկատվական դաշտը` ասպարեզում են բանիմաց ու իրենց գործին քաջատեղյակ լրագրողներ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն տեղեկատվություն ենք ստանում երկրում ու երկրից դուրս կատարվող իրադարձությունների մասին, այլեւ վերլուծությունների ու լրագրողական հետաքննությունների ականատեսն ենք դառնում, որոնց նպատակը մեր բոլորի կյանքը առավել կատարյալ տեսնելն է»: