Դեղին գույնի մասին հիշեցի ոչ այն պատճառով, որ դրսում աշուն է, ոչ էլ Բոտկինի հիվանդության` դեղնախտի նոր համաճարակի պատճառով: Պատճառն ավելի քան տրիվիալ է: Մեր քաղաքական գործիչները եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախակի են սկսել օգտագործել «դեղին մամուլ» արտահայտությունը:
Ընդ որում, օր օրի վերոնշյալ քաղաքական գործիչներին ու շոու-բիզնեսի «աստղիկներին» ավելի ու ավելի դժվար է դառնում միմյանցից տարբերելը: Նույն անգրագիտությունը, նույն միջակությունը, նույն պնակալեզությունն ու միաժամանակ՝ մեծամտությունը, հիվանդագին ամբիցիաները, իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելու մոլուցքը, գլամուրային գիշերային կյանքի ապրելաձեւը, սուտ հայրենասիրությունը, իրար տակ փորելու վարպետությունը, հետեւից բամբասելն ու դիմացից պաչիկները: Ինչպես կռահեցիք, շարքը կարելի է անվերջ շարունակել, սակայն ավելի լավ է վերադառնանք մեր թեմային` այսպես կոչված, «դեղին մամուլին»: «Մեր ժամանակի հերոսները» դեղին են կոչում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տպագրում են իրենց «ազնվացեղ» անձին վերաբերող, սակայն ոչ այնքան հաճելի տեղեկատվություն: Պարզվում է, որ «դեղին մամուլ» ասելով՝ վերջիններս ուզում են, իրենց արեւին, վիրավորած լինել տվյալ լրատվամիջոցին: Ամենեւին չեմ պնդում, որ մամուլում տպագրված բոլոր նյութերը 100 տոկոսով ճշմարիտ են: Սակայն համաձայնեք, որ «ծուխն առանց կրակի երբեք չի լինում»: Եվ եթե հոդվածում նշված տեղեկությունն անգամ լիովին չի համապատասխանում իրականությանը, դա դեռ չի նշանակում, որ այն սուտ է: Իսկ եթե սուտ է, ապա ինչո՞ւ մեր ազգընտիրներն ու աստղիկները չեն հերքում այդ տեղեկությունը: Հերքելու փոխարեն՝ նրանք շտապում են տվյալ թերթն անվանել «դեղին մամուլ»: Համոզված եմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը չգիտի անգամ, թե ի՞նչ է նշանակում «դեղին մամուլ», եւ որտեղի՞ց է գալիս այդ արտահայտությունը: Չեմ ասի: Գիտեք՝ ինչո՞ւ: Որ գոնե այս անգամ մեր անտեղյակները փորձեն ինչ-որ բան կարդալ: Կամ, եթե չկարդան էլ, բացի «մաշնեքից ու պուտանկեքից», մեկ այլ թեմայով էլ հետաքրքրվեն:
Իսկ մինչ մամուլին դեղին անվանելը, մեր անգրագետներին խորհուրդ կտայի փոքր-ինչ մտածել. ավելի լավ չէ՞ լինել դեղին, քան անգույն: Անգույն, ինչպես, օրինակ, մեր խորհրդարանն է: Անգույն, ինչպես մեր երգարվեստը: Անգույն` ինչպես մեր արդի գրականությունն ու արվեստը: Անգույն` ինչպես մեր գիտությունը: Ինչպես մեր ոստիկաններն ու սպորտսմենները, նախարարներն ու դեսպանները, դպրոցներն ու հեռուստատեսությունները: Մի խոսքով, անգույն` ինչպես հասարակության զգալի մասը: Եվ բնական է, որ այս համատարած անգույն ֆոնի վրա ընդամենը 3-10 հազար տպաքանակ ունեցող թերթերը միանգամից աչքի են ընկնում: Որովհետեւ նրանք անգույն չեն: Թեկուզեւ, ինչպես իրենք են սիրում ասել` «դեղին են»: Դրա համար են բոլորը սարսափում այդ փոքր տպաքանակ ունեցող թերթերից եւ բանի տեղ չեն դնում միլիոնավոր լսարան ունեցող հեռուստատեսություններին: Որովհետեւ նրանք իրենց նման են` անգույն: Թեեւ որոշները ղեկավարվում են գունավոր տղերքի կողմից (ուրիշ բան մտածել պետք չէ, նկատի ունեմ գորշը):
Իսկ այս ամենի պատճառը հարմարվողականությունն է: Եթե Պերճ Զեյթունցյանի նման մտավորականն է դարձել հարմարվողական, ապա ի՞նչ կարող ենք պահանջել մնացածից: Երկու օր առաջ իմ կողմից շատ հարգված պարոն Զեյթունցյանը հայտարարել է. «Հարյուրից ավելի պատգամավորների շարքում միայն 20-ն են հարգելի մարդիկ: Մնացածը գործող անձինք չեն, այլ ստատիստներ:…Այսքանով հանդերձ, միեւնույն է, անտեղի եմ համարում արտահերթ ընտրությունների անցկացումը»: Ստատիստների տեղը լավագույն դեպքում Վիճակագրության վարչությունում է, ոչ թե Ազգային ժողովում, իսկ չգործող ամեն ինչ կամ փորձում են վերանորոգել, կամ դեն են շպրտում: Թեեւ մյուս կողմից՝ կարելի է նաեւ հասկանալ Պերճ Զեյթունցյանին: ԱԺ-ի որակը գնալով ընկնում է, եւ երեւի նա էլ շատերի պես վախենում է, որ հաջորդ խորհրդարանում այդ քսան մարդն էլ չի մնա:
Ասում են, որ երբ լուսահոգի Վլադիմիր Նազարյանը մշակելիս է եղել ՀՀ Սահմանադրությունը, այն ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը նրան կատակով հարցրել է. «Ռուբենիչ, յաթրջիով Սահմանադրության նախագիծ կգրե՞ս»: Այս հարցին Վլադիմիր Նազարյանը շատ դիպուկ է պատասխանել. «Յաթրջի կտաք` յաթրջի Սահմանադրություն կստանաք: «Սմիռնով» կտաք` «Սմիռնով» Սահմանադրություն կունենաք»։ Այնպես որ, մամուլում տպագրվում է այն, ինչ նրան հասարակությունն է տալիս: Եվ քանի դեռ մենք ունենք «դեղին» քաղաքական գործիչներ, երգիչ-երգչուհիներ, գործարարներ ու նախարարներ, նրանց մասին մամուլի հրապարակումները կլինեն դեղին: Կունենանք սպիտակ` հրապարակումներն էլ կլինեն սպիտակ:
Հիշում եք, չէ՞. կկուն բողոքում էր վատ հոտերից, այնինչ այդ գարշահոտը հենց կկվից էր գալիս: