Տեսել է սեփական աչքերով

17/10/2008

Մարտի 1-ի իրադարձությունները նկարահանած «Ա1+» հեռուստաընկերության օպերատոր Հովսեփ Հովսեփյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պնդել է, որ մարտի 1-ի երեկոյան Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում իր կողմից նկարահանված կադրերում երեւացող հեղուկն արյուն է: «Այդ կադրերը ես նկարել եմ մարտի 1-ին, երեկոյան ժամը 10:20-ին` Պարոնյան փողոցի այդ խաչմերուկում: Նկարահանումները կատարելիս ես գնացի այդ կողմ եւ հանդիպեցի այդ տեսարանին, որտեղ ամբողջովին թաթախված էր այդ հատվածը արյունով,- պատմել է Հ. Հովսեփյանը` հավելելով,- Հաստատ արյուն է, որովհետեւ ես այդ արյունի միջով մի քանի քայլ քայլել եմ, որպեսզի հնարավորինս լուսավոր հատված գտնեմ, որ նկարահանեմ: Այնտեղ ոսկորներ ինչ-որ, ավտոմատի պատրոններ կար դատարկ` արյան մեջ, նույնիսկ մեկ հատ էլ, եթե չեմ սխալվում, որսորդական պատրոնի դատարկ պարկուճ: Այդ տեսարանը ես իմ աչքերով եմ տեսել, նկարահանել եմ, ու դրանից հետո հետ եկանք էլի Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ խաղաղ միտինգն էր շարունակվում, 10:30-ին հայտարարվեց արտակարգ դրություն, եւ մենք վերադարձանք խմբագրություն»: Այդ կադրերում երեւացող մարմնամասերի վերաբերյալ Հովսեփյանն ասել է. «Դա տեսել եմ արդեն եղած, գործողությունը կատարված-վերջացրած, ես գործողությանը ներկա չեմ եղել արդեն, ես չեմ կարող ասել` կոնկրետ դա հաստատ մարդո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ այդ ծնոտը նման էր մարդու, այդքան բան կարող եմ ասել: Ես` որպես գյուղում ապրող տղա, ես այսքան ժամանակ ոչխարի նման ծնոտ չեմ տեսել, չգիտեմ: Ոչ էլ կարող եմ ասել, որ հաստատ մարդ էր: Բայց նմանություն կար»: Ինչ վերաբերում է կրակոցներին, ապա, Հովսեփ Հովսեփյանի վկայությամբ` «կրակոցներ միշտ էլ լսվում էին արդեն այդ ընթացքում, այդ կադրերում չի՞ երեւում, որ կրակոցներ կան, օդ էլ էին կրակում, այդ կադրերն էլ կան, որ կրակոցները լսվում են»: Հարցին` պատրա՞ստ է արդյոք մասնակցել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին եւ իր տեսածը պատմել այնտեղ, «Ա1+»-ի օպերատորը պատասխանել է. «Ինչո՞ւ չէ, նույնը, ինչ ձեզ եմ ասում, նույնն էլ իրենց պետք է ասեմ: Ո՛չ ավելին կարող եմ ասել, ո՛չ պակասը` իմ տեսածը դա է»: Հիշեցնենք, որ հենց Հ. Հովսեփյանի նկարահանած կադրերի վերաբերյալ էր Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարել, թե տեսանյութում պատկերված ոսկրային բեկորները ոչ թե մարդու, այլ խոճկորի մարմնամասեր են, իսկ կադրերում երեւացող հեղուկն էլ արյուն չէ: