Կոտայքի մարզում տեղի ունեցող գրեթե բոլոր ընտրություններից առաջ Չարենցավանի արձանների, գործող-չգործող գործարանների եւ այլ շինությունների պատերի վրա հայտնվում են «Փրկեք մեզ ստրկությունից» վերտառությամբ գրություններ: Եվ որքան էլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թիմակիցներից կազմված արագ արձագանքման խմբերը տարբեր նյութերով այն մաքրում են, միեւնույն է` հետքերը չեն մաքրվում: Մինչ այսօր էլ Չարենցավանի «Գանգրահեր տղայի» արձանի վրա կարելի է տեսնել այդ հետքերը: Իսկ մարդիկ վախվորած դժգոհում են, որ ապրում են ստրկատիրական կարգերում:
2007թ. Չարենցավանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Կովալենկո Շահգալդյանն իր որդուն` Հակոբ Շահգալդյանին քաղաքապետ դարձնելու համար տարբեր միջոցներ ձեռնարկելով՝ ընտրապայքարից հանեց ՄԱԿ-ի կողմից առաջադրված թեկնածուին, Չարենցավան քաղաքի մուտքի մոտ փակցված «Չարենցավան» գրությունը չարենցավանցիները փոխեցին՝ «Էշավան»` ակնարկելով, որ հայր եւ որդի Շահգալդյաններն իրենց ոչ միայն ստրկացնում են, այլեւ` դնում են հայտնի կենդանու տեղը:
Անցած կիրակի օրը Չարենցավանում տեղի ունեցած ավագանու ընտրությունները անցել են նույն մթնոլորտում. Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն, ինչպես մարզի այլ բնակավայրերում, այստեղ եւս ամեն ինչ արել է միայն իր թիմակիցներին անցկացնելու համար: Եվ բավական մտահոգվել է նրանով, որ ավագանու 15 տեղերից կարողացել է «իրենով անել» միայն 11-ը. Կ. Շահգալդյանը մտավախություն ունի, որ չունենալով ավագանիների բացարձակ մեծամասնությունը, Չարենցավանի քաղաքապետարանի բյուջեն չի կարողանա օգտագործել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ի դեպ, հիշեցնենք, որ այսօր արդեն ՀՀԿ-ական դարձած Կովալենկո Շահգալդյանը նախկինում եղել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության անդամ, այնուհետեւ անդամագրվել է ՀԺԿ-ին: Նույն այդ ընթացքում նրա եղբայրը` Սամվել Շահգալդյանը, մտնելով ՕԵԿ` դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ ինքը` Կոտայքի մարզպետ: Այնուհետեւ Կ. Շահգալդյանը փորձեց կապեր հաստատել նորաստեղծ «Բարգավաճ Հայաստանի» հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով ՀԺԿ-ականից ոչ թե ԲՀԿ-ական դարձավ, այլ` ՀՀԿ-ական` պահպանելով մարզպետի պաշտոնը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Կ. Շահգալդյանը ցանկացել է Չարենցավանի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար նշանակել իր մորաքրոջ աղջկան, բայց քանի որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեմ է եղել դրան, նա դարձել է ՀՀԿ-ական: Իսկ երբ Արթուր Բաղդասարյանն իր ՕԵԿ-ով դուրս եկավ կոալիցիայից, նրա ՕԵԿ-ական եղբայրը` Ս. Շահգալդյանը, մի շարք ՕԵԿ-ականների նման արագ դարձավ Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական կուսակցության» անդամ: Այսքան հարուստ «քաղաքական կենսագրություն» ունեցող Կովալենկո Շահգալդյանը, որ հասցրել է այդ տարիների ընթացքում հազարավոր հեկտարներով հողեր սեփականաշնորհել, 2007թ. քաղաքապետ դարձրեց իր որդուն` այդպիսով վերահսկողություն հաստատելով առնվազն Չարենցավանում: Շահգալդյան եղբայրների ունեցվածքն այնքան մեծ է, որ մարդիկ դժվարանում են նույնիսկ ամբողջը հիշել: Օրինակ, Կ. Շահգալդյանին է պատկանում Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանը: Այդ գործարքի մանրամասներից քաջատեղյակ մարդիկ ասում են, որ այդ գործարանն աշխատելիս է եղել մինչեւ այն պահը, երբ Կ. Շահգալդյանը մտադրվել է այն գնել: Եվ որպեսզի էժան գնով այն ձեռք բերի, մի քանի ամիս գործարանի աշխատանքները դադարեցվել են, ու Կ. Շահգալդյանը ցածր գնով այն սեփականաշնորհել է: Իսկ եղբայրը տարիներ առաջ ընդամենը 92.000 ԱՄՆ դոլարով գնել է Չարենցավանի նորակառույց, դեռեւս չգործարկած հսկայական տրոլեյբուսների գործարանը: Հիմա այդ գործարանից որեւէ բան չի մնացել, քանի որ նա հետագայում` 2002թ., այդ գործարանի բոլոր արտադրական մասնաշենքերը քանդել է, եւ գործարանի մետաղական մասը վաճառելուց հետո այն վերածել է ֆերմաների ու դարձյալ վաճառել: Իսկ Կ. Շահգալդյանը հսկայական տարածքներ ունի ոչ միայն Ծաղկաձորում, այլեւ Չարենցավանին հարակից գրեթե բոլոր գյուղերում: Ծաղկաձորում նա այժմ մեծ հանգստյան տուն է կառուցում, իսկ Չարենցավանի քաղաքային զբոսայգում, որտեղ նրա որդու` Հակոբ Շահգալդյանի ՍՊ-ին պատկանող «Մակու» ռեստորանն է, այժմ շինարարական աշխատանքներ է կատարում` հընթաց կտրելով մեծ թվով ծառեր` ռեստորանի շրջակայքում քոթեջներ կառուցելու նպատակով:
Սակայն չարենցավանցիները որեւէ կերպ նույնիսկ չեն փորձում պայքարել այդ ամենի դեմ` վախենալով, որ մարզպետը, սովորության համաձայն` կսկսի բողոքողների դեմ «գործեր սարքել» Ոստիկանության միջոցով: Մեր զրուցակից չարենցավանցիների պատմելով, բոլոր նրանք, ովքեր համարձակվում են Կ. Շահգալդյանի որեւէ որոշմանն ընդդիմանալ, դառնում են «իզգոյ». Կ. Շահգալդյանը նման մարդկանց Ոստիկանությունում «ֆիքսում» է՝ որպես «ընդդիմության համակիր» (Ի դեպ, Հրազդանից ընտրված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ «մուտիլովկաներ անելու», ապա` «գործ սարքելու» գործին ակտիվորեն մասնակցել է նաեւ Կ. Շահգալդյանը): «Հետո սկսում են այդ մարդկանց ամեն տեղ հալածել, ու նա ինքնըստինքյան մեկուսանում է բոլորից ու դառնում է իզգոյ»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը` հասկանալի պատճառներով խնդրելով չհրապարակել իր անունը: Իսկ եթե չարենցավանցիները, այնուամենայնիվ, որեւէ չարաշահման կամ ապօրինի շինությունների հարցով բողոք են ներկայացնում կառավարություն, կառավարությունը դիմում է Կոտայքի մարզպետարան` համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու համար, բայց քանի որ Չարենցավանի քաղաքապետը մարզպետ Շահգալդյանի որդին է, իրենց բողոքը դառնում է անիմաստ: Օրինակ, Չարենցավանի քաղաքային կենտրոնական ճանապարհի վրա որեւէ շինարարություն չի թույլատրվում, քանի որ հետագայում նախատեսված է այդ ճանապարհն ընդլայնել: Հասկանալով, որ այդ տարածքները վաճառելու դեպքում մեծ աղմուկ կբարձրանա, եւ օգտվելով այդ շրջանում լարված ներքաղաքական վիճակից՝ Կ. Շահգալդյանը 2007թ. որոշում է անօրինական ճանապարհով գումար աշխատել նաեւ այդ տարածքներն օտարելուց: Նա սկսում է այդ հողերը երկարաժամկետ վարձակալության տալ` առանց տեղեկացնելու, որ այդ հողերը` անկախ նրանից, թե քանի տարով են տրված վարձակալության, համարվում են համայնքային սեփականություն: Եվ այդպես, նա արագ վարձակալության է հանձնում 150-ից ավելի տարածքներ, որտեղ շարժական տաղավարներ էին դրված, եւ մարդիկ իրենց տները գրավ դնելու դիմաց վարկեր են վերցնում ու սկսում են շինություններ կառուցել` մտածելով, որ դա իրենց սեփականությունն է, եւ ոչ ոք չի կարող այլեւս զրկել իրենց ունեցվածքից: Հետագայում` պարզելով, որ դա ոչ թե իրենց սեփականությունն է, այլ համայնքի, մարդիկ վախենում են բողոքել ու հիմա կանգնել են փաստի առջեւ, քանի որ, եթե որոշեն, որ այսօր պետք է քանդեն այդ շինությունները, ապա իրենք ոչինչ անել չեն կարող, եւ ոչ ոք էլ չի փոխհատուցելու իրենց ծախսերը:
Կ. Շահգալդյանին են պատկանում նաեւ Չարենցավանի ԲՏԱՎ-ի շենքն ու Չարենցավանի 5-րդ թաղամասի մանկապարտեզը, որոնք նա վարձակալության է տվել Ջրմուղին եւ Տարածքային հարկային տեսչությանը: Ջրմուղի պետը Շահգալդյանի մորաքրոջ որդին է` Մանուկ Ասատրյանը, ում կիրակի օրը նա ծեծուջարդով դարձրել է ավագանու անդամ: Մարդիկ պատմում են, որ Շահգալդյանները որեւէ անծանոթի աշխատանքի չեն ընդունում: Նույնիսկ հավաքարարներ աշխատելու համար պետք է անպայման լինի Կ. Շահգալդյանի «դաբրոն»: Բոլոր տեղերում նա բացառապես աշխատանքի է ընդունում իր բարեկամներին: Օրինակ, ըստ չարենցավանցիների, նրա հարազատ քույրը` Գայանե Շահգալդյանը, Չարենցավանի հարկային ծառայության վարչություններից մեկի պետն է, քեռու երկու աղջիկները` Չարենցավանի մանկապարտեզների վարիչներ են, մյուսը` Չարենցավանի թիվ 1 դպրոցի տնօրենը: Կոտայքի մարզպետարանի ՏԻՄ հարցերով վարչության պետը` Սամվել Հակոբյանը, նույնպես նրա ազգականն է, իսկ նրա որդին` Վահե Հակոբյանը, Չարենցավանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետն է: «Ընդունված է» նաեւ, որ մարզում իրականացվող բոլոր տենդերներում պետք է հաղթող ճանաչվեն Կ. Շահգալդյանի հարազատները: Ընդհանրապես, Շահգալդյանները բավական մասնագիտացած են «տենդերային բիզնեսում». օրինակ, այն դպրոցում, որի տնօրենը մարզպետի մորաքրոջ աղջիկն է, տենդերային սկզբունքով մեկուկես տարվա ընթացքում երկու անգամ վերանորոգում է իրականացվել, այն դեպքում, երբ, ասենք, մարզի Նոր Արտամետ գյուղի դպրոցում նույնիսկ սանհանգույց չկա: Ի դեպ, ըստ այս գործընթացին տեղյակ աղբյուրի, առաջին տենդերով դպրոցի «վերանորոգման» համար տրամադրվել է 70 մլն դրամ, իսկ երկրորդ անգամ` 60 մլն դրամ: Իսկ պատուհանները շուկայականից կրկնակի բարձր գներով պատվիրել են Կ. Շահգալդյանի եղբորը` Ս. Շահգալդյանին պատկանող արտադրամասում:
Սակայն այսքանով Կովալենկո Շահգալդյանի անվան հետ կապվող պատմությունները չեն ավարտվում: 2007թ. կառավարության պահուստային ֆոնդից 10 մլրդ դրամ էր հատկացվել մարզերին: Այդ գումարից 100 մլն դրամը տրամադրվել էր Չարենցավանին, որից 60 մլն դրամը պետք է ծախսվեր բնակֆոնդի` բազմահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգման, 22 մլն դրամը` ասֆալտապատման, իսկ 18 մլն դրամը՝ փախստականների թաղամասը գազիֆիկացնելու համար: Այդ աշխատանքները կատարելու համար Կ. Շահգալդյանն առանձին գումար է տրամադրել նաեւ Չարենցավանի քաղաքապետարանի բյուջեից ու, մեր աղբյուրների հավաստմամբ` չնայած տանիքների վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կատարված չեն, նա աշխատանքների կատարողական ակտ է ներկայացրել կառավարություն: Ինչ վերաբերում է գազիֆիկացման աշխատանքներին, ապա, նույն աղբյուրի փոխանցմամբ` ոչ թե նոր խողովակներ են տեղադրվել, ինչպես նախատեսված էր, այլ` օգտագործված: Նմանատիպ պատմություն եղել էր նաեւ Չարենցավանի Ալափարս գյուղում ջրագիծ կառուցելու համար կառավարության տրամադրած 90 մլն դրամի դեպքում, ինչի մասին վերջերս հայտարարել էր նաեւ Ալափարսի այլեւս նախկին գյուղապետ Եղիշե Մնացականյանը, ինչն էլ պատճառ եղավ, որ նա հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ընտրություններում չվերընտրվեց: Խնդիրն այն է, որ այսօր էլ Ալափարսում ջուր չկա, քանի որ ջրագիծը կառուցվել է բազմաթիվ խախտումներով: Օրինակ, մետաղական խողովակների փոխարեն տեղադրել են պլաստմասսե խողովակներ, եւ երբ փորձում են ջուրը բացել, տարբեր տեղերից սկսում է հոսել: Խախտումներից մեկն էլ այն է, որ ապահովված չէ ջրագծի կառուցման խորությունը: Եվ երբ նախկին գյուղապետ Ե. Մնացականյանը հրաժարվել է ստորագրել Կ. Շահգալդյանի ուղարկած կատարողական ակտը` ասելով, որ գյուղում ջուր չկա, Կ. Շահգալդյանը նրա հետ թշնամացել է ու գյուղապետի ընտրություններում առաջադրել եւ «անցկացրել» է իր թեկնածուին:
Հ.Գ. «168 Ժամը» պատրաստ է հրապարակել Կովալենկո Շահգալդյանի մեկնաբանությունները` իրեն ուղղված նշյալ մեղադրանքների վերաբերյալ: