Երեկ Հայ Ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն, որը վերաբերում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա եւ այն անհրաժեշտ քայլերին, որոնք պետք է կատարի կառավարությունը` ճգնաժամի խորացում թույլ չտալու համար: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում աշխարհում ծավալված ֆինանսական ճգնաժամը պահանջում է համարժեք գործողություններ, որոնք թույլ կտան նվազեցնել այդ ճգնաժամի կործանարար հետեւանքները Հայաստանի ֆինանսական շուկայի եւ տնտեսության համար։ Ցավոք սրտի, Հայաստանի գործող կառավարությունն իր անգործությամբ եւ համարժեք արձագանքի բացակայությամբ միայն նպաստում է երկրում վերահաս ճգնաժամի ու ցնցումների խորացմանը։ Հայ Ազգային կոնգրեսը պահանջում է Հայաստանում համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմացման նպատակով իրականացնել հետեւյալ նախնական միջոցառումները.
1. Կենտրոնական բանկը պետք է հայտարարի առեւտրային բանկերի կողմից շինարարության վերավարկավորման արգելման եւ նման վարկերի 100 տոկոսանոց պահուստավորման մասին։
2. ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է հայտարարեն, որ կբացառվեն ավանդների վերադարձման հետ կապված բոլոր սահմանափակումները, առնվազն այն դեպքերում, եթե ավանդի ժամկետը լրացել է։
3. ՀՀ կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է երաշխավորեն «ՀայՌուսգազարդ», «Վալեքս գրուպ» ընկերությունների կողմից IPO-ների միջոցով թողարկած արժեթղթերի 100 տոկոսանոց վերադարձը։ Միեւնույն ժամանակ պետք է արգելվի նոր IPO-ների թողարկումն առանց ՀՀ կառավարության մասնակցության։
4. ՀՀ կառավարությունը հրատապ կարգով փոփոխություններ պետք է մտցնի հարկային համակարգում՝ էապես ավելացնելով մեծ մակերես ունեցող թանկարժեք տներից գույքահարկի գանձումը։ Գույքահարկի նոր դրույքները պետք է տարբերվեն ըստ գոտիականության։ Մասնավորապես շեշտակիորեն պետք է ավելանան Երեւանի կենտրոնում կառուցված էլիտար բնակարաններից գանձվող գույքահարկը։ Միաժամանակ բարձրացված հարկ պետք է սահմանել անավարտ, պատրաստվածության որոշակի աստիճան ունեցող բազմաբնակարան շենքերի եւ խոշոր առանձնատների նկատմամբ։
5. ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ վերացվում է ներմուծումների նկատմամբ վերջին 10 տարիներին կիրառված ոչ տարիֆային կարգավորումը։
6. ՀՀ ԿԲ-ն պետք է վերացնի դրամական փոխանցումների նկատմամբ բոլոր սահմանափակումները, կասեցնի մի շարք կազմակերպությունների նկատմամբ կիրառված արգելանքները։
7. ՀՀ ԿԲ-ն պետք է պարտավորվի առաջիկա 6 ամիսներին ապահովել դրամի փոխարժեքը կառավարության հետ սահմանած նշագծի սահմաններում։
8. Առաջիկա 6 ամիսներին կառավարությունն իր վերահսկողության տակ պետք է վերցնի առեւտրային բանկերի, լեռնամետալուրգիական արդյունաբերության բարձրաստիճան մենեջերների աշխատավարձերի չափերը, պետք է սահմանափակի նշված ոլորտներում արտադրանքի ինքնարժեքի անհարկի ուռճացման հնարավորությունները։
9. ՀՀ պետական բյուջեում պետք է փոփոխություններ կատարել եւ 20%-ով կրճատել ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների (բացառությամբ Կրթության, Առողջապահության, Գիտության եւ Պաշտպանության նախարարությունների), Դատախազության, դատարանների բյուջեները։
10. Կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի էլիտար բնակարանային շինարարության հետ կապված նոր տարածքների իրացման հետ կապված որոշումները, առաջիկա 6 ամիսների ընթացքում բացառի այդպիսի նոր որոշումների կայացման հնարավորությունը։