Դեռ հարց է՝ ով ում պետք է ների

17/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Վերջերս իշխանական տարբեր տրամաչափի գործիչներ տարբեր ձեւերով արտահայտում են այն միտքը, թե մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ համաներում հնարավոր է հայտարարել միայն դատավճիռները կայացնելուց հետո:

Այս «կարծիքը» հիմնավորվում է նրանով, թե նախաքննության կամ դատավարության ընթացքում համաներում հայտարարել հնարավոր չէ: Նախաքննության ու դատավարության ավարտից հետո իշխանությունների կողմից մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ համաներման հնարավորություն սպասո՞ւմ է արդյոք ընդդիմությունը: Այս թեմայի վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Նախ մեր սկզբունքները` այդ 75 քաղբանտարկյալները բացարձակապես անմեղ մարդիկ են եւ հետապնդվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների, իրենց քաղաքական օրինական ակտիվության համար: Այնպես որ, նրանց նկատմամբ ներում կամ համաներում բառը ես համարում եմ բացարձակապես անկիրառելի: Նրանց ոչ ոք չի կարող ներել, որովհետեւ նրանք որեւէ մեղք չեն գործել: Տվյալ դեպքում ես հասկանում եմ, որ բոլոր 75 քաղբանտարկյալները պետք է ներեն իրենց նկատմամբ ակնհայտ անարդար վճիռներ կայացնողներին: Ընդ որում, ակնհայտ անարդար վճիռ կայացնելը քրեական հոդված է: Այն դատավորները, դատախազներն ու քննիչները, ովքեր ընդունում են այդ վճիռները, պատասխանատվություն պիտի կրեն օրենքի առջեւ: Այս դեպքում համաներում ասելով` ես հասկանում եմ, որ քաղբանտարկյալները պետք է ներեն իրենց նկատմամբ անարդար վճիռներ կայացնողներին: Նրանց Եվրոպայի խորհուրդը շատ հստակ ասել էր, որ ամբողջ իրավական հնարավորությունների զինանոցը պիտի օգտագործեն, որ քաղբանտարկյալներին ազատեն: Երբ մեր ընկերները, մեր քաղբանտարկյալները ազատվեն, այդ դեպքում մենք պատրաստ ենք իշխանությունների հետ երկխոսություն սկսել երկիրը քաղաքական ճգնաժամից հանելու համար»,- ասաց Լ.Զուրաբյանը: Նրա կարծիքով, իրենց ընկերներին անազատության մեջ պահելով` իշխանությունները մի քանի խնդիր են լուծում: «Քաղբանտարկյալներին որպես պատանդ են պահում եւ նրանց ազատելու դիմաց փորձում են մեր կողմից ձեռք բերել քաղաքական զիջումներ: Երկրորդը` նրանք չեն հետաքննել մարտի 1-ի սպանությունները, չեն գտել սպանողներին եւ հրաման տվողներին, իրականում պարտակել են այդ հանցագործությունը: Բայց քանի որ այդ գործով գոյություն ունեն տուժողներ, նրանք ինչ-որ մեկի վրա պետք է այդ մեղքը բարդեն: Եվ ամենահրեշավոր, ամենաանբարոյական քայլին են դիմել` իշխանության յուրացման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող 7 քաղբանտարկյալների գործին մեխանիկորեն կպցրել են սպանությունների զոհ դարձած մարդկանց եւ ընդհանրապես մարտի 1-ի որեւէ մի հանգամանքում տուժածներին, որպեսզի ինչ-որ մեկին մեղավոր նշանակեն այդ ամենի համար: Մի բարձր պաշտոնյա մասնավոր զրույցում ինձ ասել է, որ եթե բոլորին թողնենք, ո՞վ պիտի պատասխան տա մարտի 1-ի սպանությունների համար»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ ԱԺ դաշնակցական փոխնախագահ Հրայր Կարապետյանը` խոսելով համաներման մասին` հայտարարել էր. «Արդյո՞ք ճիշտ է խոսել համաներման մասին, երբ եղել են զանգվածային անկարգություններ, 10 զոհ»։ «Տեսնո՞ւմ եք, որ նույն տրամաբանությունն է գործում: Նրանք իրենց կատարած հանցագործությունն ինչ-որ մարդկանց վրա պիտի բարդեն: Սա թեեւ հրեշավոր, ցինիկ քայլ է, բայց տրամաբանական է: Եթե դու չես գտնում իսկական մարդասպաններին, եթե չես բացահայտում քո կատարած հանցագործությունը, ինչ-որ մեկին պիտի նշանակես մեղավոր: Դա այն է, ինչ անում են իշխանությունները: Իշխանությունները նաեւ սարսափած են, որ եթե առանց ամենակարեւոր կազմակերպիչների շարժումն այսքան թափ է հավաքել, ապա ինչ կլինի, եթե նրանց ազատեն: Այս երեք խնդիրներն են, որոնք խանգարում են իշխանություններին՝ ազատել քաղբանտարկյալներին»,- ասաց Լ. Զուրաբյանը: